Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կիլիկիայի անկախության հռչակագրի 90-ամյակը

Օգոստոս 07,2010 00:00

90 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 4-ին, Ադանայում հռչակվեց Կիլիկիայի անկախ հանրապետությունը: Հաջորդ օրը հրապարակվեց կառավարության կազմը՝ վարչապետ Միհրան Տամատյանի գլխավորությամբ: Սակայն նույն օրը ֆրանսիական իշխանությունները՝ զենքի ուժով ցրեցին կառավարությունը, մի քանի օր անց զինաթափեցին հայկական ոստիկանությանը, իսկ սեպտեմբերի 20-ին զինաթափեցին եւ լուծարեցին նաեւ ամբողջ հայկական լեգեոնը: Զինաթափվում եւ աքսորվում էին հայ կամավորները եւ ազգային գործիչները, ովքեր, հավատալով դաշնակիցների հավաստիացումներին, առաջին աշխարհամարտի տարիներին կռվել էին ֆրանսիական դրոշի տակ՝ Կիլիկիայում ֆրանսիայի հովանու ներքո ինքնավարություն ստանալու ակնկալիքով: Սակայն «ասպետական» Ֆրանսիան եւ նրա դաշնակից Անգլիան պատրաստվում էին վաճառել ամբողջ կիլիկիահայությանը՝ հակառակ 1915 թվականի հոկտեմբերի 27-ին Պողոս Նուբար փաշա-Ժորժ Պիկո (Ֆրանսիայի արտաքին գործերի արեւելյան բաժնի պետ) համաձայնության, որով Ֆրանսիան պարտավորվում էր Կիլիկիայում ապահովել հայկական ինքնավարություն, եթե հայերը մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ մղվող պատերազմին: Պատերազմի հաղթական ավարտից հետո, կտրուկ փոխվեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը:
Ուսումնասիրելով 1919-20թթ. Կիլիկիայի իրադարձությունները եւ Ֆրանսիայի մերձավորարեւելյան քաղաքականությունը՝ կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան, ելնելով իր տնտեսական ու քաղաքական շահերից, պատրաստվում էր անջատ համաձայնության գալ քեմալականների հետ եւ որպես գին՝ զոհաբերել ե՛ւ Կիլիկիան, ե՛ւ կիլիկիահայությանը, անտեսելով իր տված խոստումները: Ֆրանսիայի քաղաքական ու ռազմական գործիչները չէին թաքցնում, որ «Ֆրանսիան Կիլիկիան գրաված է՝ սեփական շահը միայն նկատի ունենալով»: Նույն ժամանակներում Սիրիայում ամրանալու եւ քեմալական շարժումը իր երեկվա դաշնակցի՝ Անգլիայի, եւ, հատկապես, Խորհրդային Ռուսաստանի դեմ հանելու Ֆրանսիայի ձգտումը Կիլիկիայի հայերին տված խոստումներն ու շահերը դարձրել էին երկրորդական:

Հ. ՄԱՆՋՅԱՆ
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ-ՃԱՐՊԻԿՅԱՆ
«Հաճըն» հայրենակցական միության ատենապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել