Լրահոս
Օրվա լրահոսը

«…Սեւանն էլ մաֆիայի ձեռքում է»

Օգոստոս 07,2010 00:00

\"\"Նոր զելանդացի լուսանկարիչ Ամոս Չափըլի տպավորությունները

«Դուք՝ հայերդ, շատ եք կապված ձեր երկրին, ի տարբերություն նորզելանդացիների: Օրինակ՝ երբեք մեր ազգի ներկայացուցիչների մտքով չի անցնի սեփական կյանքը զոհել հանուն հայրենիքի, այնինչ հայերի հետ շփվելուց հասկացա, որ նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում նույնիսկ այդ քայլին դիմել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Համաշխարհային մշակութային ժառանգության կենտրոնի հետ համագործակցող նորզելանդացի լուսանկարիչ Ամոս Չափըլը:
Նա ասաց, որ Հայաստան է եկել հուլիսի վերջին, մինչ այդ երկու շաբաթ անցկացրել է Վրաստանում՝ այնտեղ լուսանկարելով Վերին Սվանեթին, Մցխեթան… Իսկ Հայաստանից հետո կուղեւորվի Ադրբեջան՝ «անմահացնելու» տեղի մշակութային կոթողները: Ադրբեջան բառն արտաբերելիս, նորզելանդացի մեր զրուցակիցը ամեն անգամ ձեռքերով ցույց էր տալիս, թե այդ բառը չակերտների մեջ է օգտագործում: Երբ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, պատասխանեց. «Նկատել եմ, որ ամեն անգամ, երբ այդ երկրի անունն է արտաբերվում, հայերը բացասաբար են արձագանքում: Դրա համար ես էլ չակերտների մեջ եմ օգտագործում»:
Լուսանկարիչն առաջին անգամ է այցելում Հայաստան: Սեփական նախաձեռնությամբ է որոշել Կովկաս գալ եւ լուսանկարել տարածաշրջանի մշակութային ժառանգության «ներկայացուցիչներին»: ՀՀ-ում նա լուսանկարել է Գեղարդն ու Էջմիածինը, որոնց լուսանկարները հետագայում տեղադրվելու են www.ourplaceworldheritage.com կայքում: Իր մասնագիտության մասին խոսելիս, մեզ ցույց տվեց իր անձնագիրը, որտեղ տեղուդադար չկար տարբեր երկրներ ելքի եւ մուտքի վիզաներից: Ծիծաղով էլ նշեց. «Այս մասնագիտության պատճառով կորցրի առաջին, հետո՝ երկրորդ զուգընկերուհուս»: Հայաստանում Ամոսն ապրում է Էջմիածնի քահանաների հետ, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա տաճարին: Հավելեց նաեւ. «Էջնիածինը բարդ է լուսանկարելը, այն մի տեսակ խճճված է: Տաճարը բավականին նորաոճ է, կարծես հյուրանոցի տպավորություն է թողնում: Ես ավելի շատ հավանել եմ Գեղարդը: Մինչ այստեղ գալը երբեք չէի կարող պատկերացնել, թե այն կարող է այսքան ֆոտոգենիկ լինել: Լույսն այնպիսի հետաքրքիր խաղեր է տալիս, այնպիսի անկյան տակ ընկնում, կարծես մոտեցնի Աստծուն, չնայած ես հավատացյալ չեմ»: Գեղարդը լուսանկարելու եւ ուսումնասիրելու օրերին Ամոսը հյուրընկալվել է Գողթ գյուղում: Նա ժպիտով հիշեց մի դրվագ. «Այն տանը, որտեղ ապրում էի, ընտանիքի դուստրը ոչ մի բառ չգիտեր ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն: Զարմանալի էր, որ հայ աղջիկն ու նորզելանդացի երիտասարդն առանց բառերի՝ ժեստերով, հասկանում էին իրար: Գյուղում չհավանեցի այն, որ ճաշելիս կանայք եւ տղամարդիկ առանձին էին նստում, իսկ սեղանը հավաքելիս ոչ մի տղամարդ կնոջը չէր օգնում, այնինչ մեր երկրում տնային աշխատանքի բաժանում է կատարվում: Եթե կինն է ճաշը եփում, ուրեմն, ափսեները լվանալը ամուսնու գործն է…»:
 Ամոսը ժամանակին զբաղվել է նաեւ լրագրությամբ, հետո, երբ տեսել է, որ լուսանկարչի մասնագիտությունն ավելի եկամտաբեր է, ոլորտը փոխել է: Հարցին՝ լուսանկարչության մեջ բացի պատկերն անմահացնելուց, ուրիշ ի՞նչ իմաստ է «ֆիքսում», Ամոսը պատասխանեց. «Նոր Զելանդիան այնպիսի երկիր է, որտեղ շատ հեշտ է ապրելը, աշխատանք, զուգընկերուհի գտնելը: Մի տեսակ մեղքի զգացում ունեի, որ ինձնից շատ ավելի խելացի ու աշխատասեր մարդիկ կան աշխարհում, որոնց համար գումար վաստակելն այնքան էլ հեշտ չէ: Հենց այդ պատճառով էլ փորձեցի լուսանկարչության միջոցով օգնել այլ երկրների՝ լուսանկարչության միջոցով ներկայացնելով դրանք հանրությանը»: Դառնալով հայաստանյան դիտարժան վայրերին՝ զրուցակիցս ափսոսանքով նշեց. «Սեւանը հրաշալի վայր է: Այնքան դիտարժան է, այնքան գողտրիկ, ափսոս, այնտեղ կոմերցիան է իշխում, ուղիղ ասած՝ ամեն ինչ մաֆիայի ձեռքում է: Այնինչ, կարող էր դրախտային մի վայր լինել, եթե մարդիկ միայն իրենց գրպանի մասին չմտածեին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել