Կոմպոզիտոր Յուրի Գալստյանի մոսկովյան եւ երեւանյան ոչ մասնագիտական գործունեության մասին
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռախմանինովյան դահլիճում, «Սոբիրաjեմ դրուզեյ» 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, երեկ կայացած «Չինար» նորաստեղծ դաշնամուրային տրիոյի (ջութակահարուհի Դիանա Կեմելման, թավջութակահարուհի Եկատերինա Վեսյոլայա, դաշնակահար Գարրի Եփրիկյան) համերգի կազմակերպիչն ու ծրագրի հեղինակն է կոմպոզիտոր Յուրի Գալստյանը։ Ի դեպ, վերջերս արվեստագետը կազմակերպել էր իր ղեկավարած մոսկովյան «Արցախ» փողային կվինտետի հայաստանյան հյուրախաղերը։ «Առավոտը» հանդիպեց Յու. Գալստյանի հետ։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ռախմանինովյան դահլիճում «Չինար» տրիոյի մեկնաբանմամբ հնչել են Կոմիտասի, Մ. Իպոլիտով-Իվանովի, Ա. Բաբաջանյանի, Էդ. Սադոյանի, Ա. Սմբատյանի, Ա. Բաբաեւի, Հ. Բոյաջյանի, Գ. Քեոսայանի եւ իր ստեղծագործությունները։ Հայ հեղինակների երկերից կազմած երեկոն կոմպոզիտորն իրականացրել է Մոսկվայի կոնսերվատորիայի միջազգային կապերի ծրագրերի համակարգող Մարգարիտա Կարատիգինայի հետ միասին։ Անդրադառնալով «Արցախի» հայաստանյան հյուրախաղերին՝ պարոն Գալստյանն ասաց, որ կվինտետը հանդես է եկել բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, այդ թվում՝ Ալ. Հարությունյանի, Մ. Վարդազարյանի, Էդ. Սադոյանի, Ստ. Շաքարյանի եւ մյուսների։ Կվինտետի ելույթները կայացել են ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Գառնիի տաճարում։ Հետաքրքրվեցինք կոմպոզիտոր-պրոդյուսերի մոսկովյան եւ հայաստանյան հովանավորների կամ աջակիցների մասին։ Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ ինքը պրոդյուսեր չէ եւ այդ «պաշտոնին» հավակնություն չունի. «Ես իմ կապերի շնորհիվ այս տարվա սկզբից սկսել եմ իրականացնել նախագծերիցս մեկը, այն է՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների երկերի տարածումը Հայաստանում եւ Ռուսաստանում։ Շուրջ 8 ամիսների ընթացքում Մոսկվայում կազմակերպել ու անցկացրել եմ 5 երեկոյից բաղկացած համերգաշար։ Համերգները կայացան հեղինակավոր Յուրգենսովի անվան դահլիճում, Բարխուշինայի անվան թանգարանում, Մոսկվայի կոմպոզիտորների տան դահլիճում։ Կոլեգաներիս երկերը հնչեցին նաեւ «Տիեզերքի ձայն» միջազգային փառատոնի շրջանակներում եւ այլն»։
Արվեստագետը հայտնեց, որ Մոսկվայում իր ծրագրերն իրականացնելու նպատակով համագործակցում է Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օ. Գալախովի, Ռուսաստանի պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վ. Չուգրեեւի եւ այլոց հետ։ Հայաստանում իրեն աջակցողների «մասով» էլ ասաց. «Մեր մշակույթի նախարարությունը մասնակի աջակցություն ցուցաբերեց «Արցախի» հյուրախաղերի առիթով, հատկապես կուզեի առանձնացնել նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանի գրագետ, նվիրված, ճշտապահ աշխատանքը»։ Հարցապնդմանը, թե նախարարության աջակցությունն ինչո՞վ էր արտահայտված, Յու. Գալստյանն ասաց. «Մեզ մոտ ոմանք ինձ «շնորհավորում» են այն առիթով, որ նախարարությունը հոգացել էր իմ ճանապարհածախսը՝ ապրիլին Մոսկվայում կայացած «Արցախ» կվինտետի մենահամերգին ներկա գտնվելու համար։ Ընդ որում, նախարարությանը այդ խնդրանքով դիմել էր Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովը։ Ուզում եմ ընդգծել, որ ընդամենը ճանապարհածախս հոգալը մի մեծ բան չէ… Մոսկովյան գործընկերներիս հետ համագործակցության արդյունքում՝ այս տարվա գարնանից սկսած, հնչել է 25 հայ ժամանակակից կոմպոզիտորի երկեր։ Չե՞ք կարծում, որ այս աշխատանքը պետք է իրականացներ մշակույթի նախարարության հենց արվեստի բաժինը։ Հավատացնում եմ՝ կոնկրետ Մոսկվայում, վերջին տարիներին համարյա չեն հնչում Հարությունյանի, Տերտերյանի, Հովունցի եւ մյուս մեր երեւելիների գործերը։ Մինչդեռ կոմպոզիտորի ստեղծագործությունը արտադրանք է, որը պետք է ներկայացվի, հնչեցվի, գնվի… Առաջիկա ծրագրերիցս մեկն էլ երիտասարդ կոմպոզիտորների փողային տարբեր կազմերի համար գրված ստեղծագործությունների մրցույթն է, որի արդյունքում ի հայտ եկած լավագույն գործերը կգնվեն, կհրատարակվեն եւ կկատարվեն նաեւ Մոսկվայում»։
Ժամանակին «Առավոտն» անդրադարձել էր, սակայն տեղին է հիշեցնել, որ շուրջ 20 տարվա լռությունից հետո՝ 2009 թ. դեկտեմբերին մոսկվաբնակ երաժիշտ եւ կինոռեժիսոր Գուրգեն Գալստյանի (մեր զրուցակցի որդին է) նախաձեռնությամբ Բարխուշինայի թանգարանի դահլիճում կայացել էր համերգ՝ կազմված հայ եւ ռուս կոմպոզիտորների՝ փողային գործիքների փոքր կազմի համար գրված երկերից։ Ասվածը հիշեցնելով Յու. Գալստյանին, վերջինս ժպտալով ասաց. «Կարծում եմ՝ նույնիսկ հրաշալի է, երբ հայրն է շարունակում որդու սկսած գործը…»։ Հարցազրույցի ընթացքում կոմպոզիտորը պատմեց նաեւ, թե հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները ունկնդրելու եկած մոսկվաբնակ հայերը ինչ ոգեւորություն էին ապրում. «Երեկոների հաջողությունից ոգեւորված էին Մոսկվայի կոմպոզիտորների տան տնօրեն, մարշալ Բաղրամյանի թոռը՝ Ալեքսեյ Բագրամովը, Արամ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, Ռուսաստանում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրիյանը եւ այլք։ Պետք էր տեսնել, թե նրանք ինչպիսի ջերմությամբ էին համակվել ոչ միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, այլեւ «Արցախ» կվինտետի երաժիշտներ՝ ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանի, կլարնետահար Ալեքսադր Շուշպանովի, վալթորնահար Վասիլի Մայստրենկոյի, ֆագոտահար Վլադիմիր Պրոցենկոյի, հոբոյահար Պավել Զագրեբաեւի, ինչպես նաեւ հրավիրված մենակատարների նկատմամբ»։ Հետաքրքրությանը, թե «Արցախը» ցանկություն չունի՞ հանդես գալ Արցախում, Յու. Գալստյանն ասաց. «Արցախում «Արցախի» համերգը նախատեսված է սեպտեմբերին, իսկ ընդհանրապես արդեն կազմված է կվինտետի համերգների գրաֆիկը՝ Ռուսաստանում եւ Հայաստանում»։