Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտումբաեւան հայտարարել է, թե հուլիսի 5-ին Բիշքեկում եւ Կանտում տեղի ունեցած հուզումները իշխանությունը զավթելու փորձեր են եղել: Այդ դիտարկման հետ համաձայնել են նաեւ երկրի իրավապահ մարմինները: Ուժայինները կարծում են, որ այդ հուզումները ֆինանսավորվել են հանրապետության նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմից, թեեւ վերջինս մշտապես հերքել է իր առնչությունը երկրում ժամանակ առ ժամանակ սկսվող եւ մարող անկարգություններին ու կազմակերպվող բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Բիշքեկ եւ Կանտ քաղաքներում, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջ ներկայացնող՝ Ղրղըզստանի նախագահի նախկին թեկնածու, գործարար Ուրմատ Բարիկտոբասովի կողմնակիցների նախաձեռնած հանրահավաքները ցրելու համար ղրղըզ իրավապահները արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ էին կիրառել, իսկ Բարիկտոբասովը կալանավորվել էր: Նախագահ Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, թե ընդդիմադիր գործիչ Բարիկտոբասովի կողմնակիցները պատրաստվում էին «չեզոքացնել ժամանակավոր կառավարության բոլոր անդամներին»: BBC-ի փոխանցմամբ, երեկ այդ երկրի ՆԳՆ-ից հաղորդել են, թե իրավիճակն այլեւս կայունացել է: