Ուրբաթ օրը Մոսկվան սուզվել է ժամ առ ժամ խտացող ու տարածվող ծխի մեջ, ինչը դարձել է ավտոճանապարհներին խցանումների առաջացման պատճառ: Մի քանի օդակայաններում ծխի պատճառով հրաժարվել են ինքնաթիռներ ընդունել: «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդակայաններում վայրեջքի թույլտվություն չի ստացել ավելի քան 40 չվերթ, ավելի քան 20-ի մեկնումը հետաձգվել է: Նույն իրավիճակն է եղել նաեւ «Շերեմետեւո» օդակայանում:
Մայրաքաղաքում վնասակար նյութերի առկայությունը մթնոլորտում մի քանի անգամ գերազանցել է սահմանված նորման: Փողոց դուրս եկած մարդիկ հազից խեղդվել են, շատերը սկսել են դիմակներ կրել, ու թեեւ դրանք գործնականում որեւէ կերպ չեն օգնում պաշտպանվել ծխից, այդուհանդերձ, մայրաքաղաքի դեղատներում դիմակներ գնելու համար մեծ իրարանցում է սկսվել:
«Ինտերֆաքսի» մատուցմամբ՝ երեկ առավոտյան տեսանելիությունը մայրաքաղաքում չի գերազանցել 40-50 մետրը: Ծուխը «զավթել» է նաեւ Մոսկվայի շենքերն ու նաեւ բացօթյա մետրոն: Մետրոյի որոշ կայարաններում գործնականում տեսանելի չեն եղել կառամատույցին մոտեցող գնացքները: Օդերեւութաբանների տվյալներով, ուրբաթ օրը Մոսկվայում ամենաշոգ օրն էր լինելու: Ջերմաստիճանն օդում հասնելու էր 37-39 աստիճան տաքության, մարզերում՝ 35-40, ինչը 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից:
Մասնագետներն ասում են, որ այսպիսի իրավիճակը Մոսկվայում կպահպանվի առաջիկա հինգ օրերի ընթացքում: