Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետով դպրոց-դպրոց են խաղում

Օգոստոս 07,2010 00:00

\"\"www.dasaran.am կայքից ծնողները կարող են տեղեկանալ երեխայի առաջադիմության, ծնողական ժողովների, երեխաներն էլ՝ տնային հանձարարությունների մասին:
Այլեւս ոչ մի աշակերտ չի կարող ծնողից թաքցնել ոչ ցանկալի գնահատականներն ու բացակայությունները, կարիք չի ունենա զանգահարել դասընկերոջը տնային աշխատանքներն իմանալու համար, հաշվել յուրաքանչյուր առարկայի միջին գնահատականը: Ծնողներն էլ ստիպված չեն լինի երեխայից հարցնել նրա օրվա գնահատականները, վարքի մասին տեղեկանալ դպրոցից, քանի որ այսուհետեւ այդ ամենը կանի «Ինտեր Սքուլ Քոննեքթ» կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված www.dasaran.am էլեկտրոնային կայքը: Ամեն օր դասերի ավարտից 3 ժամ հետո ցանկացած ծնող կայքից կարող է ստուգել սեփական երեխայի տվյալ օրվա առաջադիմությունը, գնահատականները, տեսնել օրագիրը, տեղեկանալ ծնողական ժողովի կամ երեխայի վատ վարքի համար իրեն դպրոց կանչելու մասին:
Երեկ ԿԳՆ-ում կայացավ կայքի շնորհանդեսը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ այն կհեշտացնի ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը. «Կայքի առաքելությունն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Այն նպատակ ունի ստեղծել աշակերտների կրթական գործընթացի արդյունավետ վերահսկողության համար մեխանիզմներ, ձեւավորել աշակերտների, նրանց ծնողների եւ ուսուցիչների հաղորդակցման համար համապատասխան համակարգ, բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը»:
Նախարարը նաեւ նշեց. «Թեպետ մասնավոր նախաձեռնություն է, բայց մենք պատրաստ ենք այն տարածել նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներում, եթե լինի ծնողների ցանկությունը»:
2010-ի մարտի 15-ից Երեւանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114, մարտի 22-ից Գ. Ստարավոյտովայի անվան թիվ 177 միջնակարգ դպրոցներում մեկնարկել է www.dasaran.am-ի փորձարկումը, որի ընթացքում աշակերտներն ու ծնողները հնարավորություն են ունեցել անվճար օգտվել ինտերնետային օրագրից: Ա. Աշոտյանը նկատեց. «Նախագծի հաջող ավարտից հետո կայքը կառաջարկենք նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցների մանկավարժական եւ ծնողական կոլեկտիվներին: Կայքը նաեւ կօգնի նախարարությանը՝ հետեւել այս կամ այն դպրոցի, դասարանի, աշակերտի գնահատականներին, վիճակագրությանը: Այդպիսով կբացառենք եւ կնվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, կիսամյակային կամ քառորդային գնահատականներ բարձրացնելու եւ այլ տեսակի տհաճ երեւույթներ, որոնք երբեմն գոյություն ունեն»:
Քանի որ ոչ բոլոր դպրոցներն ունեն ինտերնետային կայքէջեր, պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2012 թվականը հանրապետության բոլոր դպրոցները կհամակցվեն ինտերնետին:
Նախաձեռնության ղեկավար Պավել Հովհաննիսյանն էլ փաստեց. «Համակարգն առաջին հերթին ծնողին մոտեցնում է դպրոցին եւ լուծում բազմաթիվ ընտանիքներում առկա ծնող-երեխա խնդիրը: Dasaran.am-ի օգնությամբ, ծնողը նաեւ կարող է տեղեկանալ ծնողական ժողովների մասին եւ տեսնել ուսուցիչների մեկնաբանություններն իր երեխայի առաջադիմության եւ վարքի վերաբերյալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել