Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՆՅԱՆԸ ՎՌՆԴԵՑ, ԳԻԶԻՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵ՞Ց

Օգոստոս 07,2010 00:00

Ողջիի դպրոցի շուրջ ծավալված հայտնի սկանդալն ավարտվեց հօգուտ նախկին տնօրենի

Շնորհիվ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի՝ Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղն՝ իր դպրոցով, մեկ տարվա ընթացքում մեծ ճանաչում ձեռք բերեց: Ինչպես հայտնի է, տիկին Նանյանը ամեն կերպ փորձում էր ազատվել գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Աբրահամյանից. թեեւ վերջինս հաղթել էր տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում, սակայն մարզպետը համառորեն հրաժարվում էր նրա հետ պայմանագիր կնքել՝ պատճառաբանելով, որ մրցույթն անօրինական է եղել եւ հակասում է «Հանրակրթության մասին» նոր օրենքին: Մարզպետի ենթականերն էլ, տվյալ դեպքում՝ մարզպետարանի իրավաբանները, օրենքը Նանյանին «մատուցում էին» այնպես, ինչպես ականջահաճո էր տիկնոջը: Արդյունքում Ողջիի դպրոցի տնօրենի հարցը քննարկվեց գրեթե բոլոր գերատեսչություններում, ընդհուպ մինչեւ ԱԺ-ում: Բանը հասավ նրան, որ կրթության ու գիտության, ինչպես նաեւ արդարադատության նախարարները առանձին-առանձին նամակ հղեցին փոխվարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ Նանյանը սխալ է: Սակայն Շիրակի նախկին մարզպետը, ստանալով փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հովանավորությունը, մինչեւ վերջ իր գործն առաջ տարավ: Բանը հասավ նրան, որ Ողջիի դպրոցի տնօրենը դատի տվեց մարզպետին, շահեց այն, եւ, քանի որ դատաքննության ընթացքում տիկին Նանյանը «գահընկեց եղավ», այս սկանդալից գլուխ հանելու գործն ընկավ Շիրակի մարզի նոր ղեկավարի՝ Աշոտ Գիզիրյանի, ուսերին: Նորանշանակ մարզպետն էլ հուլիսի 22-ին, առանց առարկության, աշխատանքային պատշաճ պայմանագիր կնքեց Գոհար Աբրահամյանի հետ:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով զբաղվում էր այս հարցով, «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը 6-7 ամիս առաջ դիմել էր նաեւ դատախազություն՝ բողոքելով Լիդա Նանյանի կողմից լիազորությունների չարաշահման ու անգործության մասին: Նրա բողոքը, թեեւ հասցեագրվել էր ոստիկանությանը, իրեն էլ հրավիրել ու բացատրություն էին պահանջել, սակայն մինչեւ օրս պատասխան չկա: Լ. Բարսեղյանը համոզված է, որ Շիրակի նախկին մարզպետը անգործություն էր դրսեւորել երկու-երեք դրվագներով: Առաջինն այն է, որ տիկին Նանյանը անցած տարվա հունիս ու հուլիս ամիսներին Ողջիի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթների մասին չի իրազեկել ԿԳ նախարարին, որպեսզի վերջինս մրցույթի անցկացման համար մասնագետ ուղարկեր: Պարոն Բարսեղյանը մանրամասնեց. «Չի իրազեկել մրցույթի եւ դրա հետաձգման մասին, անգործություն է դրսեւորել, ինչից տուժել է դպրոցը, դպրոցի տնօրենի հնարավոր թեկնածուների շահերին հասցվել է վնաս, կոնկրետ Գոհար Աբրահամյանը տուժել է դրանից: Նորից է մրցույթ հայտարարվել հուլիսի վերջին, այդ մրցույթի մասին դպրոցի կառավարման խորհուրդը նույնպես պատշաճ իրազեկել է մարզպետին, բայց նա չի փոխանցել նախարարին: Դպրոցի խորհուրդը, տեսնելով մարզպետի հետեւողական անգործությունը, 3-րդ մրցույթի մասին, մարզպետից բացի, իրազեկել էր նաեւ նախարարին: Սեպտեմբերի 3-ին Ողջի գյուղում՝ ԿԳ նախարարի ներկայացուցիչ պարոն Պեպանյանի գլխավորությամբ, տեղի էր ունեցել մրցույթը: Գոհար Աբրահամյանը եղել է միակ թեկնածուն, հաղթել է 5 կողմ, 0 դեմ քվեներով: Ըստ կարգի՝ 10-15 օրում պիտի պայմանագիր կնքվեր մրցույթում հաղթած թեկնածուի հետ, այսինքն՝ մինչեւ 2009թ-ի սեպտեմբերի 13-18-ը Շիրակի՝ այդ ժամանակ գործող մարզպետը պարտավոր էր 5 տարվա պայմանագիր կնքել Գոհար Աբրահամյանի հետ, ինչը մարզպետը չի արել»: Ըստ նրա՝ այս պատմությունից հետո, Գոհար Աբրահամյանը 40-ից ավելի բողոքներ է հղել երկրի նախագահին, նրա վերահսկողական ծառայության պետին, վարչապետին, վարչապետի վերահսկողության ծառայության պետին, ԿԳ, արդարադատության, տարածքային կառավարման նախարարներին, մարդու իրավունքների պաշտպանին… Ըստ Լեւոն Բարսեղյանի՝ 10 ամիս պարապուրդի մատնվելուց հետո, Գոհար Աբրահամյանը ճարահատյալ դիմել է դատարան, քանի որ վարչապետը եւս ի վիճակի չի եղել կարգի հրավիրել իր ենթակա Լիդա Նանյանին: Լեւոն Բարսեղյանը նաեւ խստորեն քննադատում է մարզպետարանի կրթության վարչության պաշտոնյաներին, ովքեր ամիսներ առաջ «գոռում էին», թե մրցույթն անօրինական է, չպիտի կայանար, ու մարզպետը չի կարող պայմանագիր կնքել: Լ. Բարսեղյանը նկատեց. «Էդ ինչպե՞ս մարզպետը կարողացավ… այդ պաշտոնյաները, ովքեր էական վնաս են տվել կրթությանը եւ Գոհար Աբրահամյանին, պիտի նամուս ունենան հրաժարական տան. մասնագիտական արժանապատվության հարց է»: Մեր զրուցակցի հաշվարկներով՝ մարզպետարանի պաշտոնյաները մոտ մեկ միլիոն դրամի վնաս են հասցրել Գոհար Աբրահամյանին, չհաշված բարոյական վնասը: «Առավոտն» այս հարցի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունից, սակայն այստեղից փոխանցեցին, որ կա դատարանի վճիռ, որի դեպքում իրենց մեկնաբանություններն ավելորդ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել