Գլուխ քսաներեքերորդ
ԱՆՎՃԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ
Եվ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս կյանքը մենակ անձնականով չի սահմանափակվում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց անձնականն էլ ա կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անձնականը շատ կարեւոր ա, ճիշտ ա, բայց հասարակական ու քաղաքական կողմն էլ ա շատ կարեւոր», եւ ես ժպտալով ասացի՝ «մի խոսքով, կյանքիցդ գոհ ես», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «ընդհանուր առմամբ՝ հա», եւ ես ժպտալով հարցրի՝ «իշխանություններից էլ ե՞ս գոհ», եւ Ռաֆոն բավական երկար մտածելուց հետո պատասխանեց ու ասաց՝ «ընդհանուր առմամբ՝ հա», եւ ես զարմացած հարցրի՝ «բա խի՞ ես էս միտինգը կազմակերպել», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «քանի՞ անգամ կրկնեմ, որ հասկանաս», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը», եւ Ռաֆոն հոգոց հանելով ասաց՝ «արդեն հազար անգամ ասեցի, որ ես մենակ ժողովրդին հավաքելու հարցերն եմ կազմակերպել», եւ ես ժպտալով հարցրի՝ «որ կյանքից ու իշխանություններից գոհ ես, էլ խի՞ ես էս ժողովրդին էստեղ հավաքել», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «ընդդիմության հարցն էլ ա շատ կարեւոր», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մինչեւ ուժեղ ընդդիմություն չունենանք, ուժեղ իշխանություն ու պետություն չենք կարա ունենանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իշխանությունն ինչքան էլ լավն ըլնի, ընդդիմության գոյությունը պարտադիր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընդ որում՝ ուժե՛ղ ընդդիմության», եւ ես ժպտալով հարցրի՝ «Քոթանջյանն ուժեղ ընդդիմություն ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուժեղ չի՝ կուժեղացնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր ձեռը չի՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որոշ բաներ որ բացատրենք, ամեն ինչ տեղը կընկնի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «մարդիկ պիտի հասկանան, որ ստվերային կառավարությունն ավելի կարեւոր ա, քան՝ գործողը», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչո՞վ ա կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մի օր ազատ ժամանակ ունենանք, մանրամասն կբացատրեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դե լավ ա, որ կյանքիցդ գոհ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդհանուր առմամբ եմ գոհ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, անձնական իմաստով եմ գոհ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դու դժգոհ ե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ անձնական իմաստով գոհ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «գոնե ծերը ծերին հասցնո՞ւմ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ սերիալները թարգմանում՝ յոլա եմ գնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ո՞ր իմաստով ես դժգոհ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դժգոհ եմ, որ պատմությունդ կիսատ թողիր», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատմություն», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր էդ ընթրիքի պատմությունը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ որ մորթեն՝ քո անձնականից բան չես պատմի, բայց ուրիշի անձնականի մասին ուզում ես ամեն ինչ իմանաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ես իմ անձնականի մասին արդեն ամեն ինչ ասեցի», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ասեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «ասեցի, որ էդ սերիալների շնորհիվ՝ ծերը ծերին եմ հասցնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ եմ ծերը ծերին հասցնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «դո՞ւ ինչի շնորհիվ ես հասցնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե՝ ինչի, այլ՝ ում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ շնորհիվ», եւ Ռաֆոն գոհունակությամբ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Անոյի շնորհիվ», եւ ես զարմացած հարցրի՝ «Անոն ո՞վ ա», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կինս ա», եւ ես հարցրի՝ «կինդ աշխատո՞ւմ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա», եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե դա կարելի ա աշխատանք համարել» եւ մի քիչ էլ մտածեց ու գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «Անոյի արածն ավելի շուտ առաքելություն ա, քան՝ աշխատանք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա անում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմնականում գուշակություններ ա անում. ժողովրդի լեզվով ասած՝ բախտ ա նայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ինքը սովորական բախտ բացող չի. ինքը մարդկանց փրկում ա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա փրկում», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «զանազան փորձանքներից», եւ ես հարցրի՝ «ո՞նց ա փրկում», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը մարդկանց գլխի գալիքը նախօրոք գուշակում ու ասում ա, ու մարդիկ իրանց գլխի գալիքը նախօրոք իմանալով՝ փորձում են խուսափել ճակատագրի հետագա հարվածներից», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, կինդ մարդկանց ճակատագիրը փոխում ա», եւ Ռաֆոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «ոչ թե մարդկանց ճակատագիրն ա փոխում, այլ, փաստորեն, փրկում ա մարդկանց», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա փրկում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անցանկալի վիճակներից», եւ ես ժպտալով հարցրի՝ «բոլորին ա՞ փրկում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ով դիմում ա՝ փրկվում ա», եւ ես հարցրի՝ «բոլոր դիմողները փրկվո՞ւմ են», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ով ուզում ա փրկվի՝ փրկվում ա, ով էլ չի ուզում փրկվի՝ չի փրկվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե մարդն ինքը չի ուզում փրկվի, ոչ ոք չի կարա էդ մարդուն զոռով փրկի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես ըտենց մարդ չեմ ճանաչում, որ չուզենա փրկվի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ճանաչում եմ», եւ ես հարցրի՝ «ո՞վ չի ուզում փրկվի», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «մեկը՝ դու» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էդքան գլխիդ քարոզ կարդացի, բայց էլի թազա պապիրոս վառեցիր», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «էլ գետնին չեմ գցի», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «լավ ա, որ քաղաքի մաքրության մասին մտածում ես, բայց մի քիչ էլ պիտի ֆիզիկականիդ ու հոգեկանիդ մաքրության մասին մտածես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հոգեկան», եւ Ռաֆոն ասաց՝ «ծխելով համ առողջությունդ ես փչացնում, համ էլ հոգիդ ես մխտռում», եւ ես հարցրի՝ «հոգիս ո՞նց եմ մխտռում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «ծխելով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ծխով», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչքան հիշում եմ՝ մի վախտ դու էլ էիր ծխում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անսխալական մարդ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ ճիշտ ժամանակին սխալդ հասկանաս ու սխալիցդ հետ կայնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «սխալս հասկանում եմ, բայց չեմ կարում սխալիցս հետ կայնեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կամքի ուժ չունեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կամքի ուժն էլ ա կարեւոր, բայց կամքի ուժից ավելի կարեւոր բաներ էլ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մինչեւ հոգեւոր հիմք չըլնի, կամքի ուժը չի կարա դեր խաղա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «պիտի հասկանաս, որ ծխելը նաեւ հոգեւոր իմաստով ա մարդուն փչացնում ու հիվանդացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «լիքը մարդ գիտեմ, որ առանց հոգեւոր իմաստի են ծխելը թարգել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մարդկանց մոտ ինքնապաշտպանական բնազդն ա խոսացել», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ծխելը թարգելու հարցում շատ անշնորհք եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ էի անշնորհք, բայց Անոյի շնորհիվ թարգեցի», եւ ես հարցրի՝ «Անոն ո՞վ ա», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կինս», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ կնիկն էլ ա ծխելուս համար վրես խոսում, բայց, մեկ ա, չեմ կարում թարգեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե պիտի վրեդ խոսա, այլ պիտի համոզիչ կերպով բացատրի», եւ ես հարցրի՝ «ծխելը ե՞րբ ես թարգել», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «իննսունիննի հունիսի քսանհինգին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Անոն բախտս նայեց ու ասեց, որ եթե ծխելը չթարգեմ, քսանմեկերորդ դար ոտ չեմ դնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «հավատացի՞ր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ չհավատայի՝ հիմի արդեն էն աշխարհում կըլնեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, Անոն համ կյանքս փրկեց, համ էլ էսօրվա օրով իրա շնորհիվ ծերը ծերին ենք հասցնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը որ չըլներ՝ էս վերջին մի քանի տարիները դժվար թե հանեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Անոն մեր ընտանիքի համար համ հոգեւոր թիկունք ա, համ՝ ֆինանսական», եւ ես հարցրի՝ «գուշակություններով ա՞ փող աշխատում», եւ Ռաֆոն ասաց՝ «ինքը գուշակությունների համար ոչ մեկից փող չի պահանջում», եւ ես հարցրի՝ «ձրի ա՞ բախտ բացում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ ձրի, ոչ էլ՝ փողով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շնորհակալություն հայտնելու ձեւը լրիվ կլիենտի հայեցողությունից ա կախված» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ամեն մեկն իրա ձեւով ա իրա շնորհակալությունը հայտնում, բայց Անոն նախօրոք սաղին զգուշացնում ա, որ իրանցից դրամական ու նյութական ոչ մի ակնկալություն չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդ կա՝ զոռով փող ա տալիս, մարդ էլ կա՝ իրա հավերի ձվերից ա բերում», եւ ես ժպտալով հարցրի՝ «բնամթերքո՞վ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ ձու բերողը մեր հարեւանի հարսն ա. իրանց հավերի ձվերից ամեն առավոտ մինիմում չորս հատ բերում ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «արդեն վեց ամսից ավել ա՝ ոչ մի անգամ մեջ չի տվել», եւ ես ժպտալով հարցրի՝ «կինդ էդ ձու բերողի բախտն ա՞ բացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Անոն, բախտ բացելուց բացի, համ բուժման կուրսեր ա անցկացնում, համ էլ՝ շատ օգտակար խորհուրդներ ա տալիս», եւ ես հարցրի՝ «էդ ձու բերողին բուժել ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «դու մի բանի վրա որ սեւեռվում ես՝ էլ դրանից ձեռ չես քաշում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ վրա եմ սեւեռվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մի ժամանակ թռնելուս վրա էիր սեւեռվել, հիմի էլ էդ ձու բերողի վրա սեւեռվեցիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «շատ հետաքրքիր ա՝ խի՞ ա ամեն օր ձու բերում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ ձու բերողը մեր հարեւանի հարսն ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հասկացանք, որ ձեր հարեւանի հարսն ա, բայց ինչի՞ ա ամեն օր ձեզ ձու բերում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Անոն էդ հարսին մի հատ շատ օգտակար խորհուրդ տվեց, դրա համար էլ մինչեւ էսօր էդ ձվերը բերում ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ ի՞նչ խորհուրդ ա տվել, որ մինչեւ էսօր ձու ա բերում», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «էդ ձվերի վրա շատ ես սեւեռվել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «կայֆ ե՞ս բռնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ուզում եմ իմանամ՝ ինչի՞ ա ամեն օր ձեզ ձու բերում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որ չխանգարես, կպատմեմ», եւ ես ժպտալով խնդրեցի՝ «պատմի, Ռաֆո ջան», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էդ հարեւանիս հարսը բողոքում էր, որ կեսուրն իրա կյանքն ուտում ա. ասում էր՝ ինքնասպանություն կգործեմ. էլ չեմ կարում դիմանամ», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Անոն իրան մի հատ շատ օգտակար խորհուրդ տվեց, ու էսօրվա դրությամբ հարս ու կեսուր իրար հետ ավելի լավ են, քան՝ հարազատ մերն ու աղջիկը», եւ ես զարմացած հարցրի՝ «էդ ի՞նչ խորհուրդ ա տվել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «շատ հասարակ խորհուրդ» եւ ժպտալով շարունակեց՝ «էդ հարսը որ իրա կեսուրից բողոքում ու դժգոհում էր, Անոն իրան մի հատ շատ հասարակ հարց տվեց», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հարց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Անոն էդ աղջկան հարցրեց՝ կեսուրիդ մամա ե՞ս ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ իմացավ՝ մամա չի ասում, ասեց՝ կգնաս ու էսօրվանից իրան մամա կասես», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով շարունակեց՝ «հարսը սկզբում ատկազ արեց ու ասեց՝ որ մորթեն էլ, էդ ջադուին մամա չեմ ասի», եւ ես ժպտալով նորից հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն ժպտալով շարունակեց՝ «որ հարսն ատկազ արեց, Անոն իրան շատ խիստ ձեւով ասեց, որ ուրիշ ոչ մի ձեւով չի կարա իրան օգնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն ժպտալով շարունակեց՝ «էլ ի՞նչ հետո. հարսն էդ նույն օրը գլուխը կախ գնացել ու էդ նույն օրը կեսուրին մամա էր ասել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ու մինչեւ էսօր ամեն առավոտ ձեզ ձու ա բերում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հա» եւ ժպտալով ավելացրեց՝ «էսօրվա դրությամբ՝ էդ հարսն ու էդ կեսուրն իրար հետ ավելի լավ են, քան՝ կնիկս ու զոքանչս», եւ ես ժպտալով հարցրի՝ «կինդ ու զոքանչդ իրար հետ վատ ե՞ն», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «օրինակի համար եմ ասում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ուզում եմ ասեմ, որ էսօրվա դրությամբ՝ էդ հարսն ու էդ կեսուրն իրար հետ չտեսնված հարաբերությունների մեջ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց դրանից առաջ՝ մինչեւ մամա ասելը, առավոտից իրիկուն էդ էրկուսի ղժղժոցներն էին լսվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «բայց ամենահետաքրքիրը գիտե՞ս որն ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞րն ա», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «ամենահետաքրքիրն էն ա, որ իմ կնիկն իմ մորը ոչ մի անգամ մամա չի ասել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինքը իրա կեսուրին ոչ մի անգամ մամա ասած չկա, բայց ուրիշներին խորհուրդ ա տալիս, որ իրանց կեսուրներին մամա ասեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չնայած, կնիկս որոշ չափով արդարացում ունի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ արդարացում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «կնիկս իրա սաղ կյանքում իրա կեսուրին ընդամենը չորս կամ հինգ անգամ ա տեսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իրար հետ ապրեինք, երեւի մամա կասեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե՝ երեւի, այլ՝ հաստատ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «դու զոքանչիդ մամա ասում ե՞ս», եւ Ռաֆոն լրջանալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդը քանի՞ հատ մամա կարա ունենա», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «բա ուրիշներին ո՞նց եք խորհուրդ տալիս, որ մամա ասեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե մարդու անձնական երջանկությունը մի հատ մամա ասելուց ա կախված, պարտավոր ա ասի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե էդ պառավն ամբողջ կյանքում երազել ա, որ իրա հարսն իրան մամա ասի, ուրեմն՝ պիտի ասի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, մարդկանց երջանկացնում եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե մարդն ինքը չուզենա երջանկանա, զոռով չես կարա երջանկացնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիսունվեց հոգի Անոյի խորհուրդների շնորհիվ ծխելը թարգել են, բայց քսանչորս հոգի էլ չեն կարացել թարգեն», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ թվերը ո՞նց ես հիշում», եւ Ռաֆոն ասաց՝ «կնիկս ցուցակ ա պահում, որ իրա աշխատանքի արդյունքներն ամփոփի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «օղորմի իրանց», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ», եւ Ռաֆոն թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ քսանչորսից տասնմեկն արդեն էն աշխարհում են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ՝ ծխելը թարգելու մասին պիտի շատ լուրջ մտածես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձնից թարգող դուս չի գա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշներն էլ էին ըտենց ասում, բայց լավ էլ թարգեցին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Անոն որ մի քանի սեանս անցկացնի, հաստատ կթարգես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ սեանս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընդամենը մի քանի անգամ հետդ զրուցելու ա ու՝ վերջ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էս սերիալը թարգմանեմ պրծնեմ՝ հետո», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «սերիալը թարգմանելն ի՞նչ կապ ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց ծխելու չեմ կարա թարգմանեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջ ինձ էլ էր թվում, թե՝ չեմ կարա թարգեմ, բայց լավ էլ թարգեցի», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով հարցրի՝ «էդ թարգողներն էլ ե՞ն ձու բերում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդ վտանգը քեզ չի սպառնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզում եմ իմանամ՝ կինդ անվճար ա՞ էդ լավություններն անում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ երեւի ամեն ինչ մի քանի անգամ պիտի ասվի, որ հասկանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ ամեն ինչ շատ շուտ մոռանում ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչն եմ մոռանում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չասեցի՞, որ Անոն ոչ բուժելու համար ա փող պահանջում, ոչ գուշակությունների ու ոչ էլ ուրիշ ծառայությունների դիմաց», եւ ես հարցրի՝ «բա ո՞նց եք ծերը ծերին հասցնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Անոն իրա կլիենտներից ոչ մի վճար չի պահանջում, բայց էդ չի նշանակում, որ մեր հաճախորդներն էդքան երախտամոռ են ու ոչ մի բան չեն տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը չունի՝ չի տալիս, մյուսն էլ հարուստ ա ու էն չտվողի տեղն էլ ա տալիս», եւ ես ժպտալով հարցրի՝ «փո՞ղ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեկը փող ա տալիս, մի ուրիշը՝ նվեր. մեկի նվերը մեծ ա ըլնում, մյուսինը՝ շատ պուճուր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փող տվող էլ կա, հող տվող էլ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հող», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Էջմիածնի գյուղերից մեկի գյուղապետի գլխացավը որ հանեցինք, իրանց գյուղի հողերից էրկու հարուր հիսուն քառակուսի մետր նվեր տվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նվեր կա, որ փողից էլ լավ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ գյուղապետը շատ թանկանոց նվեր ա տվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ քո երեսունհինգ տարվա գլխացավը հանեին՝ դու երեւի ավելի թանկանոց նվեր տայիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ հողը հիմի կա՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հենց նույն օրը կողքի հարեւանի վրա էրկու հազար հինգ հարուր դոլարով ծախեցիք ու էդ փողով մինչեւ էսօր յոլա ենք գնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ գլխացավեր ունեմ» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «բայց ոչ փող ունեմ, ոչ էլ՝ հող», եւ Ռաֆոն նեղացած ասաց՝ «մենք մեր հաճախորդներից ոչ փող ենք պահանջում, ոչ էլ՝ հող» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ չունեցողներից» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մանավանդ՝ մեր մոտիկ ընկերներից», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրախ եմ, որ ինձ ընկեր ես համարում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե սովորական ընկեր եմ համարում, այլ՝ մոտիկ ընկեր», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուրախ եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու կարաս ինձ ընկեր չհամարես, բայց ես իրավունք չունեմ քեզ ընկեր չհամարեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ ինձ շատ մեծ լավություն ես արել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ լավություն» եւ ժպտալով ավելացրի՝ «քեզ ոչ փող եմ տվել, ոչ էլ՝ հող», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո շնորհիվ, փաստորեն, սեփականության տեր դառա», եւ ես ապշահար հարցրի՝ «ո՞նց իմ շնորհիվ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «քո շնորհիվ, բայց Վանոյի միջոցով», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր Վանոյի», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սիրադեղյան», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «Վանո՞ն ինչ կապ ունի», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որ հանրակացարանի սենյակս սեփականաշնորհեցի, քաղաքապետը Վանոն էր», եւ ես հարցրի՝ «ինքն ա՞ օգնել, որ սեփականաշնորհես», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էն էլ ո՜նց ա օգնել», եւ ես հարցրի՝ «բա ե՞ս ինչ կապ ունեմ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ինքը ընկերդ չի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքն էլ քեզ ա ընկեր համարում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրա հետ կոնտակտի մեջ եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ կոնտակտ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «միջմթնոլորտային», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «կներես, բայց էդ քո հասկանալու բանը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համենայն դեպս, իննսունյոթ թվի աշնան դրությամբ՝ ինքն էլ քեզ էր ընկեր համարում», եւ ես նորից հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց եւ ժպտալով ասաց՝ «իրա մոտ հենց անունդ տվի, թղթերս միանգամից ստորագրեց», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ թղթեր», եւ Ռաֆոն ասաց՝ «էդ հանրակացարանի սենյակիս սեփականաշնորհման թղթերը», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա խի՞ անունս տվիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «որովհետեւ գիտեի, որ իրա ընկերն ես», եւ ես զարմացած հարցրի՝ «որտեղի՞ց գիտեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գրողների միությունից» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ Գրողների միության պադվալից, որ մի վախտ կաֆե ու ճաշարան էր», եւ ես ասացի՝ «էդ հազար տարի առաջ էր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայն դեպս, ութսունիննին հըլը ճաշարան ու կաֆե էր»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ