Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵԽԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

Օգոստոս 07,2010 00:00

\"\"Չեխիայի մայրաքաղաքում հայերը ոչ միայն լավ են ապրում ու դժգոհելու առիթ չունեն, այլեւ հաջողացնում են հաջողակ գործարար դառնալ:

Պրահան ինձ հիշեցրեց սեւծովյան առողջարանային քաղաքները, ուր հասնելուն պես միջին վիճակագրական զբոսաշրջիկը առաջինը, գրպանին շատ թե քիչ համապատասխան կացարան է գտնում ու անմիջապես շտապում ծով: Այդպես էլ փորձեցի անել: Չէ, չնայած Եվրոպան ողողած ջրհեղեղներին, Պրահան ծովափնյա քաղաք չի դարձել, սակայն կացարան գտնելուց հետո շտապելու շատ տեղեր կան: Կացարանի փնտրտուքը տեւեց մի ամբողջ օր: Ամառ էր ու շաբաթ-կիրակի… եւ գործնական նպատակով եւ զվարճանալու համար Պրահա հասածիս՝ մատչելի հյուրանոցներում տեղ չկար: Հայաստանցի զբոսաշրջիկի գրպանին հարմար հյուրանոց գտնելը, պարզվեց, այնքան էլ հեշտ բան չէր: Փնտրտուքի արդյունքում ծանոթացա քաղաքին, հանդիպեցի լավ մարդկանց, եղա քաղաքի տեսարժան վայրերում:
Վարշավա-Պրահա գնացքից իջնելուց կես ժամ հետո արդեն լսեցի առաջին հայերեն բառերը: «Հա՞յ եք»,- զարմացավ հուշանվերների խանութի վաճառող Տիգրանը: Սկսվեց… մտածեցի ես, հիմա երեւի ամեն քայլափոխի հայ եմ տեսնելու, ինչպես Քոբուլեթիում: «Լուսո, Լուսո, նայի՝ հայ ա էկել»,- կանչեց նա խանութի դրամարկղում աշխատող իր քրոջը: Փաստորեն, հայը հազվադեպ հյուր է, հա՞, էս կողմերում: Այ քեզ նորություն… Հայրենակիցներիցս փորձեցի տեղեկություն ստանալ:
– Էժան հյուրանոց ո՞րտեղ գտնեմ:
– Մեր Սաքոն ունի հյուրանոց, լավ էլ հարմար գներ են, հեսա զանգեմ… բայց, դե, Սաքոն էս ժամերին քնած ա է՜, չխանգարեմ, մի իրեք ժամից արի…
Գալը կգամ, եթե գտնեմ ձեր խանութի ճանապարհը, բա որ Սաքոն էլի քնած լինի…
Բախտս բերեց: Արթուն էր ուկրաինացի ասպիրանտ Վլադիսլավը, որը Պրահայի Կարլի կամրջի մոտ համերգի տոմսեր էր վաճառում: «Կգա՞ք: Երգեհոնի համերգ է լինելու՝ Բախ, Հայդն… Սուրբ Ֆրանցիսկի տաճար, շատ մոտ է կամրջին»,- Վլադի հետ շփումը շատ անմիջական ստացվեց: Ոչ սլավոնական արտաքինս նույնիսկ չխանգարեց հանդիպման հենց առաջին վայրկյանից իմ մեջ տեսնել խորհրդային եղբայր-համերկրացուն. «Հյուրանո՞ց եք փնտրում, էդ էլ հարց է…»:
Վլադն ինձ տարավ կենտրոնից՝ Ստարոմեստոյից ոչ հեռու մի հյուրանոց, որը շատ մատչելի էր հայաստանցի զբոսաշրջիկիս համար, եւ որում ազատ տեղեր կային վերջապես… Շատ շնորհակալ էի Վլադից, նա ինձ համերգի տոմսերն էլ զեղչով տվեց, հետն էլ սովորեցրեց քաղաքային տրանսպորտով անտոմս երթեւեկելու հնարքները:
Ասել, որ Պրահան ինձ դուր եկավ, նշանակում է՝ ոչինչ չասել: Իմ կանխավայելումը տասնապատիկ անգամ քիչ ու աղքատիկ էր տեսածիցս:
– Շոգ, տխուր քաղաք…,- անկեղծացավ մի իտալուհի, ումից ես Պրաժսկի Հրադի ճանապարհն էի հարցնում:
– Ի՞նչ հետաքրքիր բան կա այնտեղ,- հարցրի ես:
– Ո՜ւֆ, դե մի եկեղեցի, մի տաճար կլինի էլի, ուրիշ էլ ինչ ունեն… ձանձրալի քաղաք:
– Ոչ ինձ համար:
– Հա, դե դուք Հայաստանից էիք, չէ՞,- կարեկցանքով նայեց իտալուհին, իբր Հայաստանի տեղն էլ գիտեր:
Չեխ իշխանների, կայսրերի եւ թագավորների հնագույն նստավայր, ավելի քան 1000 տարեկան Պրաժսկի Հրադը հառնեց իմ առաջ միջնադարյան ամրոցի տեսքով: Իսկ Պրաժսկի Հրադի գոհար համարվող գոթական ոճի Սուրբ Վիտի Մայր տաճարի գեղեցկությունը անսպասելի էր, ցնցող, դյութող ու առեղծվածային:
«To bridge, to bridge», ամեն կողմից լսվում էին զբոսաշրջիկների խոսակցությունները: Նրանք խմբերով շտապում էին դեպի քաղաքի թերեւս ամենաձգող հատվածը: Խոսքն, իհարկե, Վլտավա գետի երկու ափերը միացնող՝ Պրահայի 18 կամուրջներից ամենագեղեցիկի՝ Կարլի կամրջի մասին է: Ասում են, որ այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, գիշեր թե ցերեկ: Այս պնդումը ստուգելու համար գիշերը եղա կամրջի վրա, իսկապես ցնցող էր: Ասում են նաեւ, որ տարիներ առաջ Դալայ Լաման այս կամրջով անցնելիս հայտարարել է, որ Կարլի կամուրջը տիեզեքի կենտրոնն է, եւ որ դրա շուրջ չկա եւ ոչ մի բացասական էներգիա: Ուրեմն օրինաչափ է, որ այն ձգում է բոլորին: Այն օրը, երբ Կարլի կամուրջը ի՛նձ ձգեց, դա իրոք տիեզերքի կենտրոնն էր: Զբոսաշջիկներն այնքան շատ էին, որ ինչքան էլ ջանում էի կամուրջը տարբեր կողմերից լուսանկարել՝ կադրում շատ մարդիկ էին հայտնվում: Օրվա ընթացքում մի քանի անգամ գնացի-եկա 516 մետր երկարություն ունեցող, 700 տարեկան կամրջի վրայով՝ այս հրաշք քաղաքի համար փառք տալով Աստծուն եւ կայսր Կարլ IV-ին, որի անվան հետ են կապում Չեխիայի «Ոսկեդարը»:
Հենց Կարլի կամրջին կպած՝ քաղաքի ամենաբանուկ մասում, հանդիպեցի երկրորդ հային՝ Կարենին: Կարենը հուշանվերների խանութի սեփականատեր է: Կարենը նույնպես զարմացավ հայաստանցի տեսնելով:
– Հազար անցորդից մեկն է հայ, հազար հայից մեկն էլ էստեղով չի անցնում, աշխարհի բոլոր լեզուները կլսես, բայցի հայերենից: Հայաստանցիները Պրահա չեն գալիս, նույնիսկ ավիատոմսերն են այս տարի կրկնակի էժանացել, բայց էլի մարդ չկա: Ապրողներ շատ կան, իմ տեղեկություններով, 2000-ից ավելի:
– Իսկ ինչո՞վ են հիմնականում զբաղվում տեղացի հայերը:
– Ինչով ասես՝ բարմեններ, մատուցող-վաճառողներ: Կան արդեն կայացած գործարարներ, հյուրանոցի տերեր: Շինարարությունում են աշխատում շատերը: Բայց երբեւէ լսած չկամ գողություն անող հայի մասին: Դրա մենաշնորհը կարծես վրացիներինն է, ինչքան ուզես գող վրացի կա: Ինձ շատ է դուր գալիս Պրահան: Քաղաքը շատ լավն է, ապրելն այստեղ հրաշք է: Ապրել եւ մեծացնել զավակներիդ: Հանգիստ է, ուրախ, ոչ-ոք իմ գործերին չի խառնվում, ոչ-ոք փող չի «պոկում»: Ինքան լսել եմ, Հայաստանում սկսում են մարդուն «կլպել» հենց «Զվարթնոցից»:
– Ստույգ չգիտեմ, ինձ դեռ «կլպող» չի եղել:
– Հայաստանում մի հատ խանութ բացիր, կլպողները հերթ կկանգնեն,- վստահեցրեց մոտ 20 տարի առաջ Հայաստանը լքած հայը՝ Հայաստանից մի քանի օրով դուրս եկած հայիս:
– Գիտեք, ես Վարշավա-Պրահա գնացքից իջա ու հենց առաջին պատահած փոխանակման կետում ինձ շատ սիրալիր «կլպեցին»՝ 100 եվրոյի դիմաց հասանելիք 2500 կրոնի փոխարեն տվեցին 1700-ը ու ասացին, որ այդպես էլ պիտի լինի:
– Դե զգույշ պիտի լինեիք, տուրիստներին չեն խնայում: Բայց… Պրահան ուրիշ քաղաք է, լավն է, այստեղ հիմնավորվելու եկած օտարերկրացին, ինչ ազգություն էլ, որ ունենա, այլեւս չի գնում այստեղից, ամենամեծ հիմարությունը, որ կարող է նա անել, այն էլ հազվադեպ, մեկնել Ֆրանսիա կամ Գերմանիա ապրելու, բայց հայրենիք վերադառնալ… երբե՛ք:
– Իսկ դուք վերադառնալու մասին երբեւէ մտածե՞լ եք,- միամտություն ունեցա հարցնելու զրուցակցիս:
– Ձե՞ռ եք առնում…, մենակ չասեք, որ ձեզ դուր է գալիս Երեւանում ապրելը…
Պրահայում վատ ապրող կամ քաղաքից դժգոհ որեւէ հայի չտեսա:
Մեկ այլ անսպասելի ծանոթությունը հայի հետ «Մառլենկան» էր: «Մառլենկան» ամենասովորական մեղրով տորթն է, որն իմ մայրն էլ է թխում: Բայց կարեւորը դա չէ: Կարեւորը, որ ես ուտում էի «լեգենդար, հին հայկական ավանդական բաղադրատոմսով խմորեղեն», որի հեղինակը Հայաստանից Չեխիա տեղափոխված Ավետիսյանների ընտանիքն է: Լեգենդը հին հայկական տորթի մասին նրանց մտածած գովազդային խայծ-հնարք է, որը հիանալի է աշխատել ու աշխատում: Ասում են, Գեւորգ Ավետիսյանը մի քանի տարի չարչարվել է խմորեղենի ստեղծման վրա: Նույնիսկ նորոգել է չեխական Ֆրիդեկ-Միստեկ փոքրիկ քաղաքի խարխուլ եկեղեցին, ինչից հետո նրա գործերը կտրուկ լավացել են, եւ նա գտել է առանց կոնսերվանտների 250 ջերմաստիճանում 1,5 ամիս թարմ պահպանվող խմորեղենի բաղադրատոմսը եւ խմորեղենի ու թխվածքների չեխական շուկան գրավելու ամենաարագ եւ կարճ ուղին: Այժմ արդեն Գեւորգ Ավետիսյանը Եվրոպայում մեղրով տորթերի ամենամեծ գործարանի տնօրենն է, արտադրանքը արտահանվում է մայրցամաքի 15 երկրներ, նույնիսկ՝ ԱՄՆ: Ասում են նաեւ, որ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի ընտանիքում էլ են շատ սիրում «Մառլենկա», եւ որ վերջերս նախագահը իր մոտ է հրավիրել «Մառլենկայի» հիմնադիր եւ սեփականատեր Գեւորգ Ավեստիսյանին եւ զրույցը, ըստ Պրահայում հրատարակվող հայալեզու «Օրեր» ամսագրի, տեւել է 20 րոպե՝ նախատեսված 6-ի փոխարեն:
Պրահային հրաժեշտ էի տալիս Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի օրը: Քաղաքի Ստարոմեստսկայա հրապարակը վերածվել էր մեծ հանդիսասրահի, որտեղ հավաքվել էին ոչ միայն զբոսաշրջիկները, նաեւ Պրահայի բնակիչները՝ միասին վայելելու չորս տարին մեկ տեղի ունեցող ֆուտբոլային բարձրակարգ խաղ-ներկայացումը: Հրապարակը «վառվում» էր, քանի որ մարզասերները, եւ ոչ միայն նրանք, հագել էին հոլանդական նարնջագույն եւ իսպանական մուգ կարմիր, «զինվել» էին վուվուզելաներով: Բայց սա լոկ ֆուտբոլի տոն չէր: Խաղից առաջ մեծ ռոք համերգ էր: Գարեջուր ու դրան հարիր սնունդ՝ թե խաղից առաջ, թե խաղի ժամանակ, թե խաղից հետո: Բայց Պրահա-Վարշավա գնացքս շարժվելու էր, հենց առաջին խաղակեսի սկզբին: Ես անմասն մնացի այդ տոնից: Դատարկ փողոցներով կայարան շտապելիս՝ սիրտս ցավեց. միթե մե՛ր մարզասերները արժանի չեն նման տոն ունենալու, եւ Պրահայում լինելու ընթացքում առաջին եւ միակ անգամ միտքս եկավ Իլֆի եւ Պետրովի անմահ հերոսի չհնացող խոսքերը. «նւ ԽՌրՈ, Վօ փցՋՌպ վՈ ֆՑՏՎ տՐՈջՊվՌՍպ ՋՌջվՌ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել