ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ նախարարության կոլեգիայի նիստում, ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակը, փոխնախարար Արտաշես Բախշյանը հայտարարել է, որ, ըստ Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի մարզերում անցկացված ուսումնասիրությունների, համայնքների զգալի մասում արձանագրվել են աշխատավարձերի ֆոնդերի բարձրացումներ: Սակայն աշխատավարձերի բարձրացումն ու սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը համարժեք չեն, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի ֆոնդերի աճը կատարվել է պետությունից ստացած դոտացիաների հաշվին: Նման ուսումնասիրություն այժմ իրականացվում է Շիրակի մարզում:
Պարզվում է, տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետության փողերով, սեփական աշխատակազմերին լավամարդ երեւալով, թերանում են առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտներում հսկողություն իրականացնելու հարցում: Ըստ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ՏԻՄ-երը այդ ստուգումներն ու հսկողությունն արդյունավետ չեն իրականացնում եւ անբավարար են գանձում տուգանքները: Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը որոշել է այս հարցերը քննարկել նաեւ մարզպետների հետ առաջիկա աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Հիշեցնենք, որ դեռ հունիսի 30-ին մարզպետների հետ խորհրդակցության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարն ասել էր, որ այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով որոշ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը նվազել են, իսկ պետական դոտացիաների հաշվին աշխատավարձերի ֆոնդերը՝ ավելացել («Առավոտ» 02 հուլիս 2010՝ «Մարզպետները լավ չեն նայել»):