Լրահոս
Օրվա լրահոսը

Զավթողական քաղաքականություն են վարում

Օգոստոս 07,2010 00:00

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում ժամանակավորապես կասեցված շինարարությունը, բնապահպանական 45 հ/կ-ների ներկայացուցիչների համոզմամբ (էկոլոգիական հասարակական դաշինք են կազմել), նոր թափով սկսվելու մեծ հավանականություն ունի: Երեկվա ասուլիսում Դաշինքի անդամ Ժաննա Գալյանը հիշեցրեց. «Առաջին անգամ չէ, որ շինարարությունը սառեցվում է, միշտ էլ կարճատեւ ժամանակով դադարեցնում են ու, երբ տեսնում են ամեն ինչ հանդարտվել է, նոր կրքերով ու թափով վերսկսում են»: Մեկ այլ անդամ, Մարինա Օգանեզովան էլ հիմա է հասկանում, թե ինչու 2 տարի առաջ կառավարության որոշմամբ 116 հա  տարածքով Գիլանի հատվածի կարգավիճակն իջեցվեց ու դարձավ արգելավայր. «Որ հեշտ զավթեն ու «օրինական» բացատրություն տան: Մեր երկրում զավթողական քաղաքականություն են վարում, հերթը հասավ բնությանը՝ հատուկ պահպանության գոտիներին»: Արտեմիս Լեփեջյանն էլ նկատեց. «Զավթելու մեջ իրենք շատ օրինավոր են աշխատում, եթե նախարարությունը արգելոցի կարգավիճակը չփոխի՝ իրենք չեն կարող զավթել ու ինչ ուզեն կառուցեն»:
Ինգա Զարաֆյանն էլ հավելեց, որ արգելոցում ռեստորանի կառուցմամբ զբոսաշրջության զարգացմանը չեն խթանի. «Երեւի մտածում են՝ սոված զբոսաշրջիկները իրենց կառուցած ռեստորանում կնախընտրեն արգելոցի կենդանիների մսից պատրաստած ճաշատեսակները համտեսել եւ սպանված բեզոարյան այծի պոզերով էլ գինի կխմեն»: Դաշինքի անդամները տեղեկացրին, որ  առաջիկա օրերին իրենց բաց նամակը կհանձնեն վարչապետին ու նախագահին՝ պահանջ-խնդրանքով. «Վերականգնել արգելոցի ամբողջականությունը, վերացնել հակաօրինական նախաձեռնությունը»: Նրանք նաեւ խոստացան, որ եթե իրենց ասածն այստեղ ուշադրության չարժանացնեն, իրենք կդիմեն միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են Հայաստանի պահպանվող տարածքները. «Կասենք, եկեք ու տեսեք՝ ձեր գումարները նպատակին չեն ծառայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել