Տ. Գրիգորյան եւ Ա. Պետրոսյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով, բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ, ոստիկանության նախկին աշխատակից, նախկինում դատապարտված Տիգրան Գրիգորյանին դատապարտեց 7 տարվա, իսկ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանին 10 տարվա ազատազրկման: Չնայած դրան, այս երկու պաշտոնյաները մինչեւ վերջ էլ հայտարարել են, որ մեղադրանքը չեն ընդունում: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ա. Պետրոսյանը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում կատարած ստուգումների ժամանակ հայտնաբերված բնապահպանական խախտումները մասամբ է արձանագրել եւ ակտի գումարը նվազեցնելու համար ընկերության պատասխանատուից պահանջել եւ ստացել է 5 միլիոն դրամ: Իրավապահ մարմինները նրանց բռնել էին հենց «գործի վրա»: Նշենք, որ մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր նախկին պետին դատապարտել, 8, իսկ նրա տեղակալին՝ 10 տարվա ազատազրկման: