Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԱՍՏՎԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

Օգոստոս 07,2010 00:00

Այսօր այս հարցին լիարժեք չի կարող պատասխանել ոչ ոք

Այսօր շատ բժիշկներ ու մանկաբույժներ իրենց երեխաներին չեն պատվաստում եւ հարազատներին էլ զգուշացնում են, որ չպատվաստեն: Սովորական ծնողը, որը բժշկական կրթություն չունի եւ բացարձակ տեղեկացված չէ, թե պատվաստումներն ինչի՞ համար են, ի՞նչ են տալու իր երեխային՝ կանգնում է երկընտրանքի առջեւ. մի կողմից առողջապահության նախարարությունը գովազդում է, թե պատվաստման արդյունքում միլիոնավոր երեխաներ են փրկվում, մյուս կողմից բժիշկների նման զգուշավորությունը պատվաստանյութի որակի ու անվտանգության հետ կապված կասկածներ է առաջացնում: Որպես ծնող` ինձ համար էլ դեռեւս հստակ չէ՝ արժե՞ արդյոք, երեխայիս պատվաստել, թե՞ ոչ, որովհետեւ ոչ ոք՝ անգամ պաշտոնական աղբյուրները 100%-անոց երաշխիք չեն տալիս, որ պատվաստվելուց հետո իմ բալիկին ոչինչ չի պատահի: Վերջին շրջանում մենք մի քանի անգամ անդրադարձել ենք նոր ներդրված հնգավալենտ պատվաստանյութին եւ դրա հետ կապված 5 ամսական երեխայի պատմությանը («Առավոտ» 08.07.
2010, 03.08.2010), ըստ որի՝ առողջ երեխան պատվաստվելուց հետո ընկել էր ցնցումների մեջ ու դարձել էպիլեպտիկ: Հաշվի առնելով, որ հիմնական բողոքներն ու մտահոգությունները ԱԿԴՓ/ՎՀԲ/
ՀԻԲ-ի՝ դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, հեպատիտ Բ-ի եւ հեմոֆիլուսային Բ տիպի վարակի դեմ համակցված հենց այդ նոր հնգավալենտ պատվաստանյութից են, ներկայացնենք վիճակագրություն, թե այդ պատվաստանյութից մինչ օրս Հայաստանում քանի անբարեհաջող դեպք է գրանցվել, եւ աշխարհի որ երկրներն են օգտագործում այդ պատվաստանյութը:
 Նախօրոք նշենք, որ Հայաստանի համար պաշտոնական գրանցված դեպքերի թիվը չափազանց հեռու է իրականությունից: Նախ, ըստ Պատվաստումների ազգային օրացույցի, այդ պատվաստանյութը ներդրվել է մեր երկրում՝ 2009-ի սեպտեմբերից, այսինքն՝ գրեթե 1 տարի առաջ: Այս ընթացքում կատարվել է 69 720 դեղաչափ պատվաստում, որից արձանագրվել է 2938 հետպատվաստումային անբարեհաջող դեպք: Ինչպես մեզ հետ զրույցում բացատրեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, բոլոր ռեակցիաների 81%-ը ընդհանուր թեթեւակի ռեակցիաներ են եղել՝ մինչեւ 38 աստիճան ջերմության բարձրացում, 17%-ը եղել է թեթեւ տեղային ռեակցիա, ասենք՝ սրսկված տեղը կարմրել է, եւ միայն 0,9%-ը եղել է ծանր ընդհանուր ռեակցիա, երբ երեխաներն ունեցել են 38,5-ից բարձր ջերմություն: Մեկ տարվա ընթացքում պաշտոնապես 3 դեպք է գրանցվել, երբ երեխաները պատվաստվելուց հետո ունեցել են ֆեբրիլ (այսինքն՝ ջերմությամբ ուղեկցվող) ցնցումներ, 1 երեխա ունեցել է 38,5-ից բարձր ջերմություն եւ հիպովիլիմիկ շոկ, եղել է հիպոթերմիկ ռեակցիայի 2 դեպք, 3 երեխա պատվաստումից հետո ունեցել է 3 ժամ եւ ավելի տեւող լացի ռեակցիա, 2 դեպք՝ աֆեբրիլ (այսինքն՝ առանց ջերմության) ռեակցիա եւ 1 դեպք՝ կոլապսի: Նշենք, որ կոլապսի ժամանակ երեխաները ցրված են լինում, չեն կարողանում կենտրոնացնել հայացքը, ուշ են արձագանքում, երբեմն ուշագնաց են լինում: Կոլապսի արձանագրված այդ 1 դեպքը եղել է նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի թոռը, եւ հիմա դժվար է ասել՝ եթե ընտանիքում բժիշկ չլիներ՝ այդ 1 դեպքը կհետազոտվե՞ր, պաշտոնապես կարձանագրվե՞ր, թե՞ ոչ:
Թեեւ ասում են, թե իբր արձանագրվել է հետպատվաստումային անգամ ամենաթեթեւ ռեակցիան, սակայն կոնկրետ իմ, բարեկամներիս եւ բազմաթիվ ծանոթներիս երեխաների օրինակով կարող եմ ասել, որ պատվաստումից հետո 3 օրվա ընթացքում երեխան ջերմել է, ախորժակից զրկվել է, թույլ է եղել, անընդհատ քնել է, բայց դա ոչ մի տեղ չի արձանագրվել. ո՛չ մենք ենք տեղյակ պահել, ո՛չ էլ պատվաստողն է հետաքրքրվել: Սրսկած տեղը կարմրել է՝ յոդ ենք քսել, ջերմել է՝ ջերմիջեցնող ենք տվել, ցան է առաջացել՝ «Սուպրաստին» ենք տվել: Այսինքն՝ այն թիվը, թե 2938 անբարեհաջող դեպք է արձանագրվել՝ չի կարող ճիշտ լինել: Գ. Սահակյանը պարզաբանեց, որ երբ նոր էր պատվաստանյութը ներդրվել՝ իրենք մի քանի ամիս անընդհատ զանգել են տեղամասեր ու ստիպել, որ ծնողներից տեղեկանան ռեակցիաների մասին, իրենց տեղյակ պահեն, հիմա թողել են տեղամասերի հույսին ու բավարարվում են միայն նրանց տված տվյալներով:
Թեեւ այս փոքր երկրի համար այդ 2938 դեպքն էլ բավականին շատ է, սակայն, ըստ Գ. Սահակյանի, անգամ հասարակ ասպիրինից էլ նման ռեակցիաներ կարող են առաջանալ, եւ այդ թիվը մտահոգեցնող չէ. «Ամբողջ աշխարհում պատվաստանյութի այդ ազդեցությունների ժամանակ հիվանդանոց չեն պառկեցնում, իսկ մենք 28 ծանր դեպքի ժամանակ երեխաներին հոսպիտալացրել ենք ու պահել մեր հսկողության տակ»:
Էպիլեպտիկ դարձած երեխայի ծնողները հետաքրքրվել էին ու պարզել, որ այդ հնգավալենտ պատվասանյութը եվրոպական երկրները բոյկոտել են, եւ աշխարհում մեր նման միայն մի քանի ոչ մեծ պետություններ են այն օգտագործում: Իսկապես, Գ. Սահակյանն էլ նշեց, որ այդ պատվաստանյութը ներդրել են միայն Տաջիկստանը, Ուզբեկստանը, Վրաստանը եւ մենք, ընդ որում, ԱՀԿ-ի համաժողովների ժամանակ պարբերաբար Վրաստանի ներկայացուցիչներն էլ են դժգոհում, ինչի համար ԱՀԿ-ի ղեկավարները մեր ու Վրաստանի պատվիրակներին ամոթանք են տալիս, թե փոխանակ լուրջ խնդիրներ բարձրացնեն՝ անիմաստ հարցեր են տալիս: Այդ պատվաստանյութը, որն արտադրվել է Հունգարիայում «ԳլաքսոՍմիթԿլայն» ընկերության կողմից, ստացել է ԱՀԿ-ի նախաորակավորումն ու հավաստագիրը, ուստի ԱՀԿ-ն կասկածներ չունի, որ այն կարող է հայ կամ վրացի երեխաների համար վտանգ ներկայացնել: Ինչ վերաբերում է Եվրոպայի բոյկոտին, ըստ Գ. Սահակյանի, այնտեղ արդեն հեկտավալենտ պատվաստանյութն են օգտագործում, որի մեջ մի պատվաստանյութ էլ ավելի է. «Դա նույն պատվաստանյութն է՝ պոլիոմիելիտն էլ գումարած: Ամբողջ աշխարհն անցել է ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստման, մենք դեռ կենդանի վիրուսն ենք օգտագործում: Շուտով մեր առաջ էլ է խնդիր դրվելու այդ հեկտավալենտ պատվաստանյութին անցնել»:
Թեեւ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի թոռն իր մաշկի վրա է զգացել կոլապսի ու պատվաստման ազդեցությունը, սակայն բժշկուհին վստահ է, որ Հայաստան ներկրված պատվաստանյութերն անվտանգ են. «Ես իմ բոլոր թոռնիկներին պատվաստել եմ, ինչն ապացույց է, որ ես միանշանակ որեւէ մտահոգություն չունեմ դրանց որակի հետ կապված: Ես հասկանում եմ տուժած ընտանիքի կոչը, թե չպետք է թույլ տան պատվաստվել, ընտանիքը ողբերգություն է ապրել եւ հիմա շատ դժվար է նրանց ընդունել ու հասկանալ մի ծրագիր, որն ուղղված է ամբողջ հանրությանը եւ հանրային առողջապահական է: Պատվաստանյութի միջոցով մենք հազարավոր երեխաների ապահովագրում ենք տարբեր հիվանդություններից: Սեւ ծաղիկը, որը կյանք էր խլում, հիմա վերացել է աշխարհում՝ պատվասանյութի շնորհիվ: 95թ.-ից պոլիոմիելիտի դեպք չենք ունեցել, բայց այսօր Տաջիկստանում 644 պարալիզված երեխաներ կան, որովհետեւ չեն պատվաստվել ու բռնկում է եղել: Եթե չպատվաստված միջավայր լինի՝ մի դեպքն էլ կարող է չարիք դառնալ ամբողջ բնակչության համար ու բազմաթիվ երեխաների ճակատագիր խեղել: Մի ընտանիքի օրինակով ճիշտ չէ խաչ քաշել մի ամբողջ ազգային ծրագրի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել