Լրահոս
Օրվա լրահոսը

6 ամսում՝ 230 000 զբոսաշրջիկ

Օգոստոս 07,2010 00:00

2010 թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 230 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին երեկ, ըստ tert.am-ի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 11,2% աճ։ Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում (CAPS) կազմակերպության նախաձեռնությամբ եւ Հյուրանոցների ասոցիացիայի աջակցությամբ տեղի ունեցած զբոսաշրջության ոլորտի խնդիրներին նվիրված հանդիպմանը Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ նախորդ նման հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրներն ուսումնասիրվել, ամփոփվել են, ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը։
Քննարկման նպատակը զբոսաշրջության ոլորտում բիզնես միջավայրի բարելավումն է, զբոսաշրջիկների իրավունքների իրականացման ապահովումը, առավելագույն պաշտպանվածության ապահովումը, ինչը, ըստ Մեխակ Ապրեսյանի, անշուշտ հանգեցնելու է Հայաստանում «զբոսաշրջության արդյունքի բարձրացմանը, ՀՀ-ի՝ որպես զբոսաշրջային երկրի մրցունակության բարձրացմանը»։ Վարչության պետի տեղեկացմամբ՝ իրենք պատրաստել են զբոսաշրջության ոլորտին վերաբերող օրենքի նոր նախագիծ, որտեղ փորձել են ներառել բնագավառին վերաբերող բոլոր մտահոգիչ հարցերը։ «Անպայման զբոսաշրջության բնագավառում իրականացվող գործունեության տեսակների պետական կարգավորման խնդիրներն են լինելու առանցքային, զբոսաշրջային օպերատորների գործունեությունը, ժամանցային ծառայություններ մատուցող անձանց, տրանսպորտային միջոցների, զբոսավարների, ուղեկցորդների, ոլորտում իրականացվող գործունեության տեսակների պետական կարգավորումը, օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը եւ այլ կարեւոր հարցեր»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել