Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, սկսեց Վահան Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց եւ հրաժարվեց ինչպես ցուցմունք տալուց, այնպես էլ հարցաքննությունից: Ամբաստանյալը, որը մեղադրվում է այս տարվա ապրիլին «Հրապարակ» թերթի լրագրող, բանաստեղծուհի Գայանե Բաբայանին կյանքից զրկելու համար, առաջացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Հակոբ Ճառոյանի եւ Կիրիլ Հովհաննիսյանի զարմանքը: Նա նախաքննության ժամանակ հայտնել էր, թե աշխատում է «Բաբիկ» ՍՊԸ-ում որպես վարորդ-առաքիչ, իսկ դատարանում ինքնությունը ճշտելու ժամանակ ասաց, թե չի աշխատում, այլ այդ օրը փոխարինել էր իր ընկերոջը: «Եթե հրաժարվում է հարցերից, գոնե պատասխանի, թե ինչո՞ւ է նախաքննության ժամանակ ասել, թե «գործընկերների» հետ է խնջույքի եղել: Այն դեպքում, երբ չի աշխատում»,- ասաց Հակոբ Ճառոյանը:
Վահան Եղիազարյանի պաշտպանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարինե Ավանեսյանն է, որը հաճախ փորձում էր ամբաստանյալի փոխարեն պատասխանել: 27-ամյա Եղիազարյանը միջնակարգ կրթություն ունի, բանակից ազատված է, ունի 4 ամսական երեխա, դժգոհում է կրծքավանդակի աջ կողմի ցավերից: Դեպքի օրը եղել է հարբած: Դատարան ներկայացած վկան՝ ամբաստանյալի հորաքրոջ տղա Դավիթ Հալաջյանն ասաց, որ դեպքի օրը միասին են խմել Վահանի՝ երեխա ունենալու կապակցությամբ, ինքը եղել է Վահանի կողքին: Ու երբ Վահանը մեքենայի տակ գցեց հետիոտնին (աշխատանքից հանրակացարան շտապող լրագրողին, որն իր խնամքին ուներ նաեւ Խարբերդի մանկատանը հաշվառված հիվանդ երեխա), ինքը մահացածի հետ շտապօգնության ավտոմեքենայով գնաց հիվանդանոց: Այս վկան, սակայն, չկարողացավ նկարագրել, թե Գայանեն այդ օրն ինչ էր հագել, իսկ Գայանեի քույրը հրապարակավ ասաց, որ վարորդի կողքին վկան չի գտնվել, այլ՝ ամբաստանյալի սիրուհին:
Վկան նաեւ ասաց, թե Վահանն իր մեքենայով շտապօգնության մեքենայի հետեւից եկել էր հիվանդանոց: Սա այն դեպքում, երբ ամբաստանյալը ոտքի վրա կանգնել չի կարողացել…
Ինչ վերաբերում է, թե այնտեղ լրագրողներ, նկարահանողներ եղել են, թե ոչ, պատասխանեց՝ բացասաբար…
Անհավասար մրցակցային իրավիճակ էր ստեղծվել դատարանում: Թե մեղադրողը, թե ամբաստանյալն ու նրա պաշտպանն օգտվում էին խոսափողից՝ բազմած սեղանների շուրջը: Իսկ տուժողի 3 իրավահաջորդների ներկայացուցիչները հաճախ էին գործի նյութերը դնում դատախազի սեղանին, ինչ-որ բան ասելու համար: Նրանք գրառումներ չէին կատարում: Նրանց ձայնն ընդհանրապես լսելի չէր, ինչը ռեպլիկների տեղիք էր տալիս: Ամեն մի ռեպլիկ դահլիճից դատավորի կողմից գնահատվում էր՝ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Ու երբ դատավորը փորձեց կարգադրիչների միջոցով նիստերի դահլիճ բերել «կարգազանց» քաղաքացուն, դեպի դատավորն ու մեղադրողը վազեցին նիստին հետեւողները ու սկսվեց իրարանցում:
15-րոպեանոց դադարից հետո դատավորը ակնարկեց, թե անկարգությունները, որոնց հրահրողները հայտնի են, շարունակվելու դեպքում հնարավոր է դռնփակ նիստ հրավիրել: Նա հորդորեց «անկարգություններ հրահրողներին» ներողություն խնդրել: Նիստը հետաձգվեց: