Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՔՎՈՏԱՆԵՐՈՎ ՔՅԱՍԻԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ»

Օգոստոս 07,2010 00:00

\"\" Ո՞ւր կհասնեն ցորենի գները

«Հայաստանն առանց հացի չի մնա, եւ այդ ուղղությամբ անհանգստանալու կարիք չկա»,- մինչ երեկ տարբեր լրատվամիջողներին տված հարցազրույցում վստահեցնում էր ցորենի ներկրման ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության՝ Ալեքս Գրիգի սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հավելելով, որ ընկերությունը ցորենի բավականաչափ պաշարներ է ներկրել, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ մտավախություն հայտնեց. «Հայաստանն առանձին մարդկանց համար եկամուտ ստանալու բոստան է, երկիր չէ, որտեղ ապրում են, էն տեղն է, որտեղ անհատները պիտի գան ու փող պոկեն: Վախենում եմ, որ ցորեն ներկրողները, մատակարարները, որոնք ունեն քաղաքական որոշակի կարգավիճակ, կուսակցության անդամ կամ պատգամավոր ու մինիստր են, ՌԴ կառավարության՝ ցորենի արտահանումն արգելելու որոշումից ու միջազգային բորսաներում ցորենի գների բարձրացման փաստից օգտվեն եւ բոստանի բնակիչների պես հենց էդպես վարվեն Հայաստանի հետ»:
Պարոն Ասատրյանն այլ մտավախություն էլ ուներ. «Փորձեցի ճշտել պետական պահուստի վիճակը, բավականին խղճուկ թվեր բացահայտեցի, հազիվ երկու շաբաթվա ցորենի պաշար այնտեղ լինի, այնինչ Եվրամիության նորմատիվներով ցորենի պահուստները պետք է բավարարեն 100 օրվա»:
Թե որքան ցորենի պաշար ունի մեր երկիրը, ոչ ոք չի կարող ասել՝ պետական գաղտնիք է, բայց ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը երեկ «Առավոտին» վստահեցրեց. «Թե՛ կառավարությանը, թե՛ մասնավոր ներկրողներին հաջողվել է ժամանակին ձեւավորել ցորենի համապատասխան՝ Հայաստանի պահանջարկը բավարարելու համար առավել քան բավարար պաշար: Ցորենի բերքը, ներմուծումն ու առկա պահուստները լիովին բավարար են երկարաժամկետ հեռանկարում ներքին պահանջարկը բավարարելու համար»: Պարոն Անանյանից հետաքրքրվեցինք, հավաստի՞ են այն տեղեկությունները, որ ՌԴ-ն առաջիկայում Հայաստանին 5000 տոննա ցորեն է անհատույց տրամադրելու. «Դեռ քննարկումներ են ընթանում, հետո կերեւա»: Բ. Ասատրյանն էլ հավաստիացնում էր, որ ցորենի արտահանումը մինչեւ տարեվերջ դադարեցնելու Ռուսաստանի կառավարության որոշումը զգալի ազդեցություն կթողնի թե՛ հացի միջազգային գների, թե՛ «մեր խեղճ ու կրակ երկրի վրա». «Ռուսաստանը մնում է էն նույն Գոգոլյան Ռուսաստանը՝ հիմարների ու վատ ճանապարհների երկիրը, ոչինչ չի փոխվել, էնտեղ վճիռները հենց էսպես են կայացվում, եւ էսօր աշխարհը սարսափած սպասում է այս վճռի հետեւանքներին»: Բ. Ասատրյանը նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում նկատվում է հացահատիկի մշակման տարածքների կտրուկ նվազում. եթե 2005-ին ցորենի վարելահողերի տարածքը կազմել է 132,7 հազար հա, ապա, վերջին տվյալներով՝ դրանց ծավալը հասել է 93 հազար հեկտարի. «Մեր կառավարությունը պետք է գնա պետական որոշակի պահուստների ձեւավորման»: Պարոն Ասատրյանի մեկնաբանմամբ, Հայաստանի քաղաքացիները մի քանի անհատների գերիներն են. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր վաճառվող ալյուրը գոնե երկու շաբաթ առաջ Հայաստան ներկրված ալյուրն է, եւ գինը չպետք է փոխվեր, բայց այն երեկ մի գնով էր վաճառվում, էսօր ավելի բարձր գներով, վաղն՝ ավելի բարձր: Մեր տնտեսական համակարգը մի խումբ մարդկանց հարստացնելու համար է ծառայում: Էսպես էլ կշարունակվի քանի որ դիվերսիֆիկացված չէ շուկան, այդ թվում նաեւ ներկրումների շուկան, քանի որ պետական պաշտոնյաները քվոտաներ են տալիս, որ որոշ անհատներ գան ու էս քյասիբ ժողովրդի վրա փող աշխատեն»: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նկատեց, որ Ռուսաստանն աղետի մեջ է, ու նման երեւույթները, բնական է, որ կլինեին. «Էլի վերադառնում եմ այն մտքին, որ մենք պետք է կարողանանք մեր տունը ղեկավարել: Հարցնում ենք, որքանով կաճեն ալյուրի գները, պատասխանում են՝ շուկան կթելադրի, շուկան չէ, մոնոպոլիան է մեր սպառողների գլխին գին թելադրում»: Բ. Ասատրյանն էլ հավելեց, որ հայկական շուկան, ունենալով որոշակի զարգացման հնարավորություն, այսօր աշխարհի ամենաթանկ շուկաներից մեկն է. «Որովհետեւ 17-րդ դարից այս կողմ մեր գյուղատնտեսության մեջ ոչինչ չի փոխվել, առաջ չենք գնում, դեռ գյուղերում մեկ երկու հոգի տրակտոր կամ այլ տեխնիկա ունեն, ո՞նց զարգանանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել