Երեւանում նա ո՛չ քննարկելու, ո՛չ էլ խորհրդակցելու բան ունի
Ի՞նչ պետք է սպասել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան կատարելիք այցից: Արտառոց կամ շրջադարձային ոչինչ, համենայնդեպս՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Հայ փորձագետների կարծիքով, Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումները կավարտվեն խորհրդակցություններով: Այսպես չի կարծում, սակայն, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, որը նախ՝ արձանագրեց, որ այդ այցի օրակարգի մասին ոչինչ դեռեւս հայտնի չէ: Այդուամենայնիվ, նա կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով ռուս-հայկական այսօրվա հարաբերությունների բնույթը՝ Հայաստանի հետ քննարկելու կամ խորհրդակցելու հարց էլ չկա. կան հայկական կողմին տեղյակ պահելու հարցեր, որովհետեւ հայկական կողմի հետ քննարկելու բան կլիներ այն դեպքում, եթե հայկական կողմը որոշումների վրա ազդեցություն ունենար. «Իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանին որոշելու իրավունք վերապահված չէ: Նրա փոխարեն ուրիշներն են որոշում՝ Հայաստանը սովա՞ծ է, թե՞ քունն է տանում: Այդ իմաստով քննարկման թեման՝ լինի դա Ղարաբաղը, թե որեւէ այլ հարց, լինել չի կարող, կայացվող որոշումներում էլ գերակա են մնում բացառապես ռուսական շահերը, իսկ հայկական շահերը ստորադասվում են, զրոյացվում, որովհետեւ նա ընդամենը օբյեկտ է այդ շահերի կենսագործման համար»:
Ընդսմին, փորձագետի ձեւակերպմամբ, Երեւանում Մեդվեդեւ-Սարգսյան քննարկման առարկա կարող են լինել ԼՂ հիմնախնդիրը, ռուսական ռազմաբազային, տնտեսական ոլորտին, չի բացառվում նաեւ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող հարցեր: «Բայց բոլոր դեպքերում հայկական կողմին ռուսական որոշումների մասին ընդամենը տեղյակ են պահելու եւ ոչ ավելին ու մոտավորապես այս համատեքստում՝ եթե ձեզ խելոք պահեք, թույլ կտանք, որ այդ որոշումները կարդաք»,- ասաց Ռ. Մեհրաբյանը:
Իսկ Ադրբեջանում քննարկման թեմաներ կա՞ն: Այդ հարցադրմանը փորձագետն արձագանքեց. «Այ, այնտեղ քննարկման թեմաներ կան, որովհետեւ Ադրբեջանը նաեւ քննարկող կողմ է, եւ այդ քննարկման համատեքստում ադրբեջանական տեսակետի տեսակարար կշիռը մեծ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում, հետեւաբար՝ Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման օրակարգում բավականին մեծ օրակարգ կլինի, կլինեն լուրջ քննարկումներ: Ցավոք, դա այդպես է»:
Մասնավորապես, Ադրբեջանում ակնկալում են, որ սեպտեմբերին ԼՂ հակամարտության կարգավորումը ինչ-որ մի հանգուցալուծում պիտի ստանա, եւ հենց դրա շուրջ է լինելու ՌԴ եւ ՀՀ նախագահների հիմնական զրույցը:
«Մեդվեդեւը կանի այն, ինչ այդ պահին պահանջում է Ռուսաստանի շահը: Եթե Ղարաբաղի հարցում Ռուսաստանը ստատուս քվոն փոխելուց ակնկալի է՛լ ավելի ամուր դիրքեր ունենալ տարածաշրջանում, քան կա ստատուս քվոն պահպանելու դեպքում, ապա միանշանակ, անտեսելով Հայաստանի շահերը, կգնա այդ քայլին: Եվ թող Հայաստանում ոչ ոք պատրանքներ չունենա, թե Ռուսաստանն ինչ-որ ձեւով կփորձի մեր շահերի հետ հաշվի նստելու նույնիսկ ցանկություն ունենալ: Իսկ ռուսների շահերը, ոչ միայն այս պահին, բխում են ոչ միայն ռացիոնալ քաղաքականությունից. դրանում նաեւ իռացիոնալ տարրեր կան, ինչը, ընդհանուր առմամբ, հասկանալի է: Ռուսաստանն այն երկիրն է, որի քաղաքականության մեջ դեր է խաղում նաեւ ճնշումների բանեցումը: Հիմա դա ի՞նչ համամասնությամբ կլինի եւ ի՞նչ դրսեւորումներ կունենա, ու Հայաստանի գլխին դա ի՞նչ կբերի՝ կապրենք, կտեսնենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի՝ աշնանը հանգուցալուծում ունենալու ադրբեջանցիների ակնկալիքների մասին՝ այն դեպքում, երբ ակնհայտ է, որ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրներն այդ հարցում ընդհանուր համաձայնության չեն եկել, Ռ. Մեհրաբյանն ասաց, որ թեեւ ինքն, իսկապես, այդ համաձայնության նշանները չի տեսնում, բայց կարծում է, որ «Ղարաբաղի հարցի լուծումը հասունացել էր դեռ դրա ծագման օրվանից: Պարզապես այն չի լուծվում, որովհետեւ չլուծված տեսնելու մեջ շահագրգիռ ուժերն ավելի ուժեղ են, քան լուծման կողմնակիցները: Իսկ ընդհանրապես, ԼՂ հարցում մեզ համար նպաստավոր պայմաններում խնդիրը լուծելու ռեսուրսը գտնվում է հենց Հայաստանի ներսում, որը չի օգտագործվում. խոսքը հանրային, մտավոր ռեսուրսի մասին է, որն այսօր սահմանափակված վիճակում է»: