Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎ ՈՉ ՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆ»

Օգոստոս 07,2010 00:00

Կովկասյան ժողովուրդների ասամբլեա՞ (համաժողով), թե՞ Կովկասյան միություն. Արցախով փրկության մեկ այլ ծրագիր՝ ըստ Աշոտ Մանուչարյանի:

 – Եվ ի՞նչ է կատարվում, ըստ Ձեզ, ու ո՞րն է ելքը:
– 1992 թվականի սկզբի պատերազմական մթնոլորտում դա շատ լավ զգում էին Արցախի եւ Հայաստանի այն մտավորականները՝ կրոնական, ռազմական, քաղաքական, հասարակական գործիչները, որոնք նախաձեռնեցին մի շարք ծրագրեր. դրանց ընդհանրական բնութագիրն է՝ Կովկասյան: Այս ծրագրերի նպատակն էր Կովկասի տարբեր ժողովուրդների համագործակցության եւ համակեցության հնարավորությունների պարզումը, նպատակների, դրանց իրագործման ուղիների հնարավոր համադրումը: Շփումները, համատեղ քայլերը շատ անգամ շատ խորը եւ ընդհանրական բնույթ էին ստանում: Արդյունքում ծնվեցին երկու նախագծեր: Մեկը, որ իրականացվող քայլերով արդեն միս ու արյուն էր ստանում, Կովկասյան ժողովուրդների ասամբլեան էր, որտեղ պետք է ներկայացված լինեին Կովկասի բոլոր ժողովուրդները՝ անկախ իրենց պետական կամ ադմինիստրատիվ կարգավիճակի առկայությունից: Հետագայում վերջնական ձեւավորված համակարգը թույլ կտար ամեն մի ժողովրդի ներկայացված եւ պաշտպանված լինել, կարողանալ իրականացնել սեփական նպատակադրումներ: Տարբեր ձեւաչափերով այս գործընթացը շարունակվեց մինչեւ 2000-ի կեսերը: Սկզբում՝ շատ ինտենսիվ, հետո՝ թուլանալով, այսօր, փաստորեն, զուտ ակադեմիական բնույթ է կրում:
– Ինչո՞ւմն էր այս ծրագրի կարեւորությունն Արցախի համար:
– Կարեւորությունը երկակի բնույթ է կրում. այսօր Արցախի վերաբերյալ ընթացիկ կարեւորագույն թեմաներից մեկը, հատկապես Կոսովոյից հետո, Արցախի ճանաչումն է: Տարբեր իրավական, քաղաքական հիմնավորումներ են հնչում, շատ անգամ՝ շատ կուռ ու տրամաբանական: Սակայն դրանք բոլորը մի թերություն ունեն՝ ոչ ոք, ոչ մի երկիր չի պատրաստվում դրանք իրականություն դարձնել: Աշխարհում չկա՝ խնդրանքով ճանաչել: Կամ դա պետք է շահեկան լինի, կամ՝ պարտադրված: Շահեկան լինելն առանց մեզ է որոշվում, եւ կարծես պատասխանն ունենք՝ ոչ ոք Արցախը դեռ չի ճանաչել: Պարտադրելն այսօրվա աշխարհում նույնպես շատ կոնկրետ բան է. առաջին հարցն է՝ դու կա՞ս, թե՞ ոչ: 1992-ին եւ հետագայում Արցախը առկա էր՝ որպես ինքնուրույն եւ շատ ակտիվ գործող միավոր: Օգնում էր լեզգիներին՝ կազմակերպել հրոսակներից պաշտպանությունը եւ լեզու գտնել ռուսական, արեւմտյան քաղաքական դաշտերի հետ, աբխազներին եւ վրացիներին՝ առաջացած ընթացիկ, առանձին դեպքերում նաեւ ֆունդամենտալ հարցերում, հանդիպումներ եւ քննարկումներ կազմակերպել եւ այլն, եւ այլն: Արցախը կար: Նրան այդ բոլորը ճանաչում էին: Տեսնելով այդ ամենը՝ նրա դերը շատ լավ հասկանում էին նաեւ խոշոր տերությունները: Իսկ դերի ճանաչումից մինչեւ ճանաչում արդեն կես քայլ է: Իսկ այսօր ո՞ւմ ճանաչեն: Որտե՞ղ է այն ինքնուրույն (իհարկե՝ Հայաստանի, դաշնակից երկրների եւ ժողովուրդների հետ համաձայնեցված) մշակվող եւ իրականացվող քաղաքականությունը: Ո՞ր ոլորտներում է, ո՞ր հարթություններում: Ո՞ւր է այն մշակող քաղաքական, կրոնական, հասարակական, երիտասարդական, մշակութային դաշտը: Այնպես որ, ստիպված ենք սկզբից ինքներս մեզ ճանաչել, այդ ճանաչման մեջ հաստատվել եւ հետո նոր ուրիշներին պահանջներ ներկայացնել:
– Սա այդ ծրագրի՝ Արցախի համար միա՞կ կարեւորությունն է:
– Ոչ: Էապես ավելի կարեւոր էր, որ Արցախը դարձել է կովկասյան տարածաշրջանի միգուցե ամենահեղինակավոր միավորը: Տարածաշրջանի ժողովուրդները տեսնում էին, որ առաջարկվում եւ ձեւավորվում է մի նոր համակարգ, որը թույլ կտա խուսափել անհարկի առճակատումներից ու պատերազմներից, պաշտպանել եւ զարգացնել սեփական ինքնությունը, ապրել արժանապատիվ կյանքով: Այս աշխատանքի շարունակությունը կարող էր եւ այսօր էլ կարող է մի նոր իրականություն ստեղծել Կովկասում. մի իրականություն, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել բոլորը:
– Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը Սահակաշվիլու առաջարկած կոնֆեդերացիայի հետ:
– Սահակաշվիլու առաջարկը շատ հետաքրքիր եւ կարեւոր է: Հետաքրքիր է նրանով, որ առաջարկում է վրացին, որը Կովկասի միակ ժողովուրդն էր, որ համարելով իրեն եվրոպական՝ միշտ դեմ էր մյուս՝ «ասիացի» ժողովուրդների հետ մի ընդհանրություն կազմելուն: Մի կողմից, կարծես, վրացիները հասկացան (եւ վերջինը նրանցից՝ Սահակաշվիլին, մյուսները շատ ավելի վաղ էին սկսել խոսել այդ մասին), որ ոչ թե Եվրոպան, Ամերիկան, այլ սա է Կովկասը, այն տարածաշրջանը, որտեղ որոշվում են այստեղ ապրող ժողովուրդների կյանքն ու ապագան: Բայց եւս մի շատ հետաքրքիր եւ հատկանշական պահ կա: Նա առաջարկում է, որ այդ կոնֆեդերացիայի մեջ միավորվեն Վրաստանը, Ադրբեջանը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Ղարաբաղը: Ֆորմալ տեսակետից սա ներկայացնելով որպես Վրաստան եւ Ադրբեջան՝ նա այս առաջարկով փաստում է եւս մի իրողություն՝ Ղարաբաղը, Օսիան եւ Աբխազիան իրենց «մետրոպոլիաների» համար կորսված են որեւէ բռնի միացման գործընթացի շրջանակում: Եվ նրանց հետ համակեցվելու միակ ձեւը ինչ-ինչ կոնֆեդերատիվ միության առաջարկներն են: Եվ ոչինչ, որ այս պահին այդ առաջարկում չկա Հայաստանը: Կյանքը շատ արագ կստիպի հաշվի նստել եւ այդ իրողության հետ: Եվ ոչինչ, որ Սահակաշվիլին մոռացել է մյուս փոքր ժողովուրդների գոյության մասին՝ ջավախեցիների, Բորչալուի ադրբեջանցիների, լեզգիների, թալիշների եւ մյուսների: Այստեղ արդեն լավ կլինի, որ ոչ թե կյանքն իր դաժան՝ արյան եւ տառապանքների գործիքներով, այլ խելացի եւ պատասխանատու մարդիկ, որոնք կան Կովկասի բոլոր կետերում, բոլոր ժողովուրդների մեջ, գտնեն Կովկասի ժողովուրդների եւ մարդկանց համակեցության այն բանաձեւը, որն անվանեցինք «Կովկասի ժողովուրդների ասամբլեա», եւ նրա համադրումը միջպետական միության առաջարկներին, որը անվանում են «Կովկասյան միություն», եւ որն այսօր իսկ ներառում է Կովկասի երեք ճանաչված եւ երեք՝ ավելի պակաս ճանաչված պետությունները: Սա եւ միայն սա թույլ կտա Կովկասի ամեն մի ժողովրդին,  զարգացնելով սեփական ինքնությունը, ներդաշնակ համակեցության իրականությամբ ժխտել մեծակայսերական բոլոր արյունալի խաղերը մեր տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել