«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 4-ին, ժամը 21.20-ին, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 29-ամյա Ռոբերտ Գագիկի Կարապետյանին, որն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում ավտոկայանատեղիի հերթափոխի պետ: Վերջինս կասկածվում է հուլիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի թիվ 16 շենքի մոտ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ: Վրաերթի արդյունքում Իշխան Հակոբջանյանը տեղում մահացել էր: Հարվածն այնքան ուժգին էր եղել, որ 77-ամյա ծերունին շպրտվել էր հակառակ մայթ, իսկ վրաերթ կատարողը վթարի վայրից դիմել էր փախուստի՝ այնտեղ թողնելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 15 ԼՍ 870 համարանիշի ավտոմեքենայի (տե՛ս լուսանկարը) կոտրված հայելու բեկորներ: Երեկ Կենտրոնի ոստիկանությունը նրան ձերբակալել եւ տեղափոխել է ժամանակավոր պահման մեկուսարան: Այսօր քննչական մարմինը պետք է դիմի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որպեսզի Ռ. Կարապետյանի նկատմամբ կիրառվի երկու ամսվա կալանք: