Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԳՈՍՏՈՍԻ 8»-Ի ԴԱՍԵՐԸ

Օգոստոս 07,2010 00:00

\"\"Վրաց-ռուսական պատերազմը ուսանելի էր տարածաշրջանի, բայց ո՛չ Վրաստանի իշխանությունների համար:
Ասում է «Բազմազգ Վրաստան» հ/կ նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

Երկու տարի առաջ օգոստոսի 8-ին Հարավային Կովկասը ցնցումների մեջ էր: Վրաստանի ու Հարավային Օսեթիայի, իսկ իրականում եւ փաստացի՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողություններ սկսվեցին: Դրա պատասխանատվությունը մինչ օրս էլ Վրաստանն ու Ռուսաստանը շարունակում են իրար վրա բարդել: Բայց արդյունքը տարածաշրջանի երկրների եւ միջազգային հանրության համար ակնհայտ է. Վրաստանն այդ կարճատեւ պատերազմը տանուլ տվեց: Հարավային Օսեթիան ու նաեւ Աբխազիան որոշակիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը՝ ճանաչվեցին եթե ոչ աշխարհի տասնյակ, ապա գոնե 3-4 պետությունների, այդ թվում՝ մեր տարածաշրջանում հզոր խաղացող դիտարկվող Ռուսաստանի կողմից, իսկ Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո կուռ թվացող իշխանությունը փլուզվեց, ու ընդդիմությունը եւ հասարակության մի հատվածը Վրաստանի կորուստների համար լրջագույն մեղադրանքներ ներկայացրին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ պահանջելով նրա հրաժարականը:
Այս օրերին Վրաստանում հիշատակման միջոցառումներ են ընթանում. նշվում է «Վրաստանի օկուպացիայի» օրը:
Թե ի՞նչ դասեր տվեց այդ պատերազմը Վրաստանին ու նաեւ տարածաշրջանի երկրներին, փորձեցինք վերլուծել «Բազմազգ Վրաստան» հ/կ նախագահ Առնոլդ Ստեփանյանի օգնությամբ: Նրա ասելով՝ պատերազմի դասերը Վրաստանի եւ տարածաշրջանի համար տարբեր են եղել: «Եթե խոսենք Վրաստանի քաղած դասերի մասին, ապա Վրաստանի իշխանությունները, ցավոք, ինչպես երեւում է, այդ դասը չեն հասկացել: Բայց եթե խոսենք վրաց հասարակության մասին, ապա  վերջինս պատերազմից հետո շատ է փոխվել: Նա պակաս միամիտ է դարձել, մասնավորապես համապետական ԶԼՄ-ները, որոնք գրեթե բոլորն էլ գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, հանրային կարծիքի վրա այլեւս այն ազդեցությունը չունեն, ինչ նախկինում էր: Մյուս կողմից, մենք  դարձել ենք  մի փոքր ավելի խելացի, զգույշ եւ մի շարք հարցերի սկսել ենք նայել, թերեւս, ավելի սթափ ու իրատեսորեն»,- արձանագրեց Ստեփանյանը:
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վրաստանի հասարակությունը հիմա այլ կերպ է ընկալում տեղի ունեցած պատերազմը, քան երկու տարի առաջ: «Համենայնդեպս, այսօր չկա այն հիստերիան, որ կար մինչեւ պատերազմը. մենք ցանկացած ձեւով եւ ամեն գնով պետք է դառնանք ՆԱՏՕ-ի անդամ, երբ մենք մոռացել էինք, որ մեր հյուսիսային հարեւանը Ռուսաստանն է, որը դեռ այնքան ժողովրդավարական պետություն չէր, որքան ցանկալի կլիներ, որ այդ երկրից կարելի է բացառապես ամեն ինչ սպասել: Սրանք դասեր են, որոնք քաղել է մեր հասարակությունը, ինչը չի կարելի  ասել իշխանությունների մասին»,- նկատեց քաղաքական ու հասարակական գործիչը: Նրա համոզմամբ, պատերազմի արդյունքում Վրաստանը միայն կորցրել է եւ ունի զրո ձեռքբերում. «Բացի տարածքներից, ԵԽԽՎ-ում ներկայացված եւ այդ պատերազմի հետաքննության առնչությամբ հրապարակված զեկույցից հետո մենք կորցրել ենք նաեւ մեր վարկը արեւմտյան երկրների մեծամասնության աչքում, մենք կորցրել ենք նաեւ հավատը, որ հակամարտությունը հնարավոր է լուծել մոտակա ժամանակահատվածում: Պատերազմը վստահության առումով մեզ համար ավելի մեծ խնդիրներ ստեղծեց օսեթների եւ աբխազների հետ հարաբերություններում՝ նույնիսկ հասարակությունների շփման մակարդակում: Սա այն դեպքում, երբ առաջին պատերազմից հետո այդ հարաբերություններն ու փոխադարձ վստահությունը սկսել էին կառուցվել, իսկ հիմա դրանք վերականգնելը ավելի դժվար է, եւ մեզ համար ավելի բարդ է դարձել խոսել աբխազ եւ օսեթ մեր գործընկերների հետ»:
Ինչ վերաբերում է այդ պատերազմից տարածաշրջանի երկրների ձեռք բերած փորձառությանը, ապա Ա. Ստեփանյանի դիտարկմամբ, Ադրբեջանի համար հասկանալի դարձավ, որ ուժային մեթոդներով ղարաբաղյան հարցի լուծումը կարող է հանգեցնել այնպիսի հետեւանքների, որոնք հետո դժվար թե հնարավոր լինի ուղղել: Այդ համատեքստում մեր դիտարկմանը՝ եթե վրաց-օսական հակամարտության պարագայում Ռուսաստանը օսեթների շահերն էր ներկայացնում, ինչն էլ հնարավորություն տվեց Վրաստանին պատերազմը որակել որպես վրաց-ռուսական, ապա Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ հնարավոր ոտնձգության պարագայում այնքան էլ միանշանակ չէ, որ Ռուսաստանը կպաշտպանի հայկական կողմի շահերը, Ա. Ստեփանյանն այսպես արձագանքեց. «Այո, միանշանակորեն ասել դժվար է: Բայց միեւնույն ժամանակ, նկատի ունենանք, որ հայ-ռուսական հարաբերությունները գնալով ավելի են հստակեցնում, որ Հայաստանը Կովկասում Ռուսաստանի ռազմական շահերի հենակետն է՝ Սուխումից եւ Ցխինվալից հետո: Իսկ Ադրբեջանը ակնհայտ ռուսամետ քաղաքականություն չի վարում, իսկ այն, որ նա Ռուսաստանից սպառազինություն է գնում, դեռ ապացույց չէ այն բանի, որ հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում Ռուսաստանը Ադրբեջանի շահերը կարող է պաշտպանել: Բոլորին էլ հայտնի է, որ հակամարտությունները շահեկան են Ռուսաստանի համար, բայց բոլոր դեպքերում, եթե նույնիսկ չհամաձայնեցված  գործողություններ լինեն, ինչպես Վրաստանի դեպքում էր, չեմ կարծում, թե Ռուսաստանն Ադրբեջանին կպաշտպանի»:
Վերադառնալով Հայաստանի համար վրացական պատերազմի  դասերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ պատերազմից հետո Հայաստանը հիմա արդեն կարող է որոշել երկարաձգել իր երկրի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը եւ միանշանակ շեշտադրումներ անել Ռուսաստանի վրա, թեեւ մինչ այդ ավելի շատ էր խոսում կոմպլեմենտար քաղաքականության մասին: «Կարծում եմ՝ տարածաշրջանում բաժանարար գծերը, որոնք անցնում էին ըստ երկրների ունեցած արտաքին քաղաքական կողմնորոշումների, թեեւ հստակ էին նաեւ մինչեւ վրաց-ռուսական պատերազմը, բայց այն ժամանակ, գոնե, հնարավոր էր մտածել, որ կարելի է ջնջել դրանք: Հիմա  բաժանարար այդ գծերը տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ավելի հստակ են անցնում: Վրաստանը դեռ ձգտում է դեպի Արեւմուտք, Հայաստանը, չնայած այս ամենին, նայում է դեպի հյուսիս»,- ընդգծեց  վրացահայ գործիչը՝ հավելելով, թե այդ պատերազմից հետո դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի հնարավոր լինի խոսել Հարավային Կովկասի անվտանգության միասնական համակարգ ստեղծելու մասին: Իսկ հիմնական դասը մեր տարածաշրջանի համար, ըստ նրա, այն է, որ Հարավային Կովկասի երկրները իրենք պետք է համաձայնությունների հանգեն սթափ կերպով ու սեփական ուժերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել