Անցյալ տարի մայիսի 10-ին հայկական զինուժի կողմից Ֆիզուլիում գերի վերցված Ադրբեջանի զինված ուժերի սերժանտ Անար Խանբաբա օղլու Հաջիեւը իր ընտանիքին նամակ է ուղարկել: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է գերու մայրը՝ Նաիլյա Մամեդովան: Նրա խոսքով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները եկել են նրանց տուն ու հանձնել նամակը, որում նշվում է. «Բարեւ ձեզ: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Բարեւներ եմ ուղարկում տատիկին, քեռիներին, մի խոսքով, բոլորին: Ասեք հարեւանների երեխաներին, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենք են մտածում»: Ն. Մամեդովայի խոսքերով, Կարմիր խաչի ներկայացուցիչներն ասել են, որ Ա. Հաջիեւն առողջության հետ կապված խնդիրներ չունի: Ավելին, ըստ նրանց՝ տղային Հայաստանում Ադրբեջանի մասին գրքեր են տվել կարդալու: