Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆ «ԱՐԱՏԱՎՈՐ» ՍՊԱՆԵՐ: ԹՎՈՎ՝ 8-Ը:

Օգոստոս 07,2010 00:00

ՊՆ-նում երեկ տեղի է ունեցել կոլեգիայի արտահերթ նիստ՝ կապված մի քանի օր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերը լայն արձագանք են ստացել երկրի հասարակայնության շրջանում: Բանակային ստորաբաժանումներում զինծառայողների զոհվելը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բացառելու ուղղությամբ բանակում համապատասխան աշխատանքներ չեն իրականացվում: Նախարարը ղեկավար անձնակազմին հանձնարարել է մանրամասն վերլուծել կատարվածը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը բացառելու եւ բանակում վարքագիծն ամրապնդելու ուղղությամբ:
Սեյրան Օհանյանը նշել է, որ ԶՈՒ ողջ հրամանատարական կազմը կատարում է իր ծառայողական պարտականությունները՝ ապահովելով երկրի անվտանգությունը, սակայն որոշ ստորաբաժանումների հրամանատարների անբարեխղճությունը բերում է դժբախտ միջադեպերի, կան սպաներ, որոնք հակված են ուժի կիրառմանը եւ ունեն արատավոր բարքեր:
Նախարարը հրամանատարներին հորդորել է խիստ եւ հետեւողական վերաբերմունք ցուցաբերել ենթակա անձնակազմի նկատմամբ՝ միաժամանակ լինելով հոգատար, արդարացի, հարգալից: Կարեւորվել է զորամասերի հրամանատարների սերտ համագործակցությունը զինվորական իրավապահ մարմինների հետ, արտագնա դատական նիստերի կազմակերպումը: Պնախարարի հրամաններով 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոնցից յոթն արձակվել են պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի, նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իջեցվել են նաեւ զինվորական կոչումներ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել