Վստահեցնում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին առայժմ անպատասխան է: Իսկ նամակում, ինչպես հայտնի է, ԱԺ նախագահը իր մտահոգությունն էր հայտնել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքով՝ դա իրենց համար եւս քննարկելի նյութ է դարձել: Ըստ էության, առանց հայկական պատվիրակության մասնակցության, որոշում է կայացվել քննարկման թեմա դարձնել ղարաբաղյան խնդիրը, այն դեպքում, երբ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել էր նաեւ հայկական պատվիրակությունը, մինչդեռ այդ աշխատանքներից դուրս, առանձին հանդիպման միջոցով, իրենք որոշում են կայացրել, որպեսզի հաջորդ նստաշրջանի ժամանակ իրականացնեն այդ քննարկումը (ՆԱՏՕ-ի ԽՎ հաջորդ նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 12-16-ը- Մ. Ե.), ինչը մեր կողմից անընդունելի է: Անկախ նրանից՝ ինչ է քննարկվում: Գիտեն, որ խնդիր կա, գիտեն, որ դա շատ զգայուն եւ նուրբ խնդիր է, եւ միայն ադրբեջանցիների առաջարկով այդ խնդրի քննարկումը պարզապես անհնարին է կազմակերպել եւ ոչ մի ձեւաչափով: Հայկական պատվիրակությանն առնվազն պետք է տեղյակ պահեին, որ նման առաջարկ է եղել, էլ չեմ ասում, որ Ղարաբաղի հարցի շուրջ ցանկացած հարցադրման դեպքում պատասխանը միշտ էլ եղել է այն, որ այդ հարցի քննարկումը տեսնում ենք Մինսկի խմբի ձեւաչափում: Եվ դա հենց իրենք են ասել՝ թե ՆԱՏՕ-ի եւ թե ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունը: Եվ այսօր դա փորձել քննարկման թեմա դարձնել եւ այն էլ՝ առանց հայկական պատվիրակության հետ հարցը քննարկելու, ուղղակի, որպեսզի մեղմ ասեմ՝ ճիշտ չէ: Մենք կհետեւենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, կտեսնենք, թե ինչպիսին կլինի Ազգային ժողովի նախագահի նամակի պատասխանը, եւ ըստ այդմ էլ կորոշենք մեր հետագա քայլերը»:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մշտապես ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի միջազգային այլ ատյաններում եւս, այս դեպքում՝ նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում, քննարկվի ղարաբաղյան հարցը: Եվ սա, ըստ Կարեն Ավագյանի, զուտ ադրբեջանական սցենար է՝ վերջիններս փորձում են բոլոր հնարավոր եւ անհնարին հարթակներում իրենցը առաջ մղել, մոռանալով, որ թե գործընթացին մասնակից գերտերությունները, թե համանախագահող երկրները եւ միջազգային կառույցներն ընդհանրապես բավականին երկարատեւ աշխատանք են տարել այս ուղղությամբ, մանրամասն տեղյակ են յուրաքանչյուր մանրուքին, եւ հենց իրենք էլ բազմիցս հայտարարել են, որ հարցի լուծումը տեսնում են միայն եւ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Իհարկե, Ադրբեջանը փորձում է հարցի լուծումը տեղափոխել այլ ուղղությամբ, բայց եւ հայկական կողմը մշտապես շատ հստակ է եղել իր դիրքորոշման մեջ, շատ հստակ է եղել իր ձեւակերպումներում, եւ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումները մնալու են անփոփոխ: Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների արդյունքում, Մինսկի խմբի ձեւաչափում, պիտի լուծվի Հելսինկյան հիմնարար երեք սկզբունքներին համահունչ, եւ այդ լուծման մեջ անպայման պետք է արտացոլվի Ղարաբաղի ժողովրդի կամքը»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, մեկնաբանելով ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի կողմից ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին նամակ գրելու փաստը, օրերս ասել էր. «Ակնկալելով ՆԱՏՕ-ի ներգրավում ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում՝ Հայաստանի իշխանությունները չպետք է միաժամանակ կոչ անեն դաշինքին ձեռնպահ մնալ խնդրի քննարկումից»: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանն ասաց. «Երեւի պարոն Հովհաննիսյանը լավ չի պատկերացնում այդ գործընթացները: Մեկ բան ակնհայտ է՝ բոլոր միջազգային կառույցներում, երբ խոսվում է ղարաբաղյան թեմայի մասին, բոլորը հղում են անում Մինսկի խմբին: Այսինքն՝ երբ ասվում է՝ ակնկալում ենք ձեր աջակցությունը, զուտ այս կոնտեքստում է ասվում եւ ոչ ավելին: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը զուտ ծրագրային է, այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության գերակայություններում չկա ՆԱՏՕ-ին անդամագրման ուղղություն, մենք համագործակցում ենք զուտ ծրագրային մասով, եւ այդ աշխատանքը շատ հստակ ստացվում է: Իսկ պարոն Հովհաննիսյանի մեկնաբանությունը միայն մեկ բացատրություն ունի՝ ամեն պատեհ կամ անպատեհ առիթով ոմանք պարզապես փորձում են իրենց մասին հիշեցնել, իրենց գործելաոճի մեջ նման բան կա, ցանկացած խնդիր փորձում են շահարկել, ընդամենը սա է»: