Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց Վահան Եղիազարյանի դատավարությունը: Նա այս տարվա
ապրիլին Դ. Անհաղթի փողոցում իր վարած ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 45-ամյա լրագրող Գայանե Բաբայանին: Մահացած լրագրողի իրավահաջորդ ճանաչված քույրը՝ Աիդա Բաբայանը, հայտարարեց, որ ոչինչ չի կարող հատուցել իրենց անդառնալի կորուստը: Նա ասաց, որ 1000 տարին մեկ են ծնվում այդ տարիքում կայացած, տաղանդավոր, սկզբունքային մարդիկ, որոնցից մեկն իր քույրն էր: Նիստի ժամանակ դատավորը հաճախ էր զգուշացումներով դահլիճից դուրս հրավիրում տուժողի ամուսնուն, քույրերին,
հարազատներին, որոնք չէին կարողանում իրենց էմոցիաները զսպել: Զգուշացումներից մեկի ժամանակ էլ նիստին հետեւողների նյարդերը տեղի տվեցին, եւ նրանցից մեկն անգամ մոտեցավ դատավորին՝ պահանջելով արդարացի վերաբերմունք: Կարգադրիչները փորձում էին հանգստացնել դահլիճը, բայց ապարդյուն: Նիստը ընդհատվեց:
Կարդացեք