Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՆՑ ԳԵՂԱՄՆ ՈՒ ՓԱՐԱՎՈՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ»

Օգոստոս 06,2010 00:00

Շնորհակալ եղե՛ք…

Վերջերս շրջանառվող լուրերը, թե Գառնու «Քարերի սիմֆոնիայից» քարեր են պոկում եւ դրանցով կառուցում Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի առանձնատունը, երեկ անձամբ առանձնատան տիրոջ կողմից հաստատվեց: Բայց, ըստ նրա, ինքը ոչ թե քարերը պոկում ու իր տունն է կառուցում, այլ թափված քարերն է հավաքում, օգտագործում: Ստացվում է՝ նա «սպասում է» այնքան, մինչեւ քարերն իրենք իրենց պոկվեն եւ ընկնեն, որ դրանցով շարունակի իր տան կառուցո՞ւմը:
Ըստ Փ. Միրզոյանի՝ «տարածված ինֆորմացիան միայն անփույթ եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից արված արտահայտություն է: Գառնու ձորում գտնվող «Քարերի սինֆոնիային» ոչ ոք ձեռք չի տվել առանձնատուն կառուցելու համար: Առանձնատունս կառուցվել է թափված քարերից, եւ դրա համար պետք է միայն շնորհակալ լինել Փարավոն Միրզոյանին, որ նա ելքը գտավ այդ քարերը ճիշտ օգտագործելու։ Մինչեւ այդ էլ Գառնու բնակիչներն այս քարերն օգտագործում էին հատակի համար, ես էլ մտածեցի, որ դրանք կարող են լինել նաեւ պատերի վրա: Իսկ «Քարերի սիմֆոնիային» ոչ ոք ձեռք չի տվել: Թափված քարերը հավաքելու համար հասարակությունը պետք է  միայն ուրախ լինի, որ արվեստի գործիչը նման ստեղծագործական արվեստանոց է կարողացել  կառուցել»: Վերջում էլ հավելեց նաեւ, որ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն էլ նույնպես այնտեղ առանձնատուն ունի: Հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ թե՛ Օպերան եւ թե՛ Ազգային պատկերասրահը չնչին բյուջե ունեն, իսկ տնօրենները կարողանում են առանձնատներ կառուցել, Փարավոն Միրզոյանը պատասխանեց.
«Հենց Գեղամն ու Փարավոնը պետք է առանձնատուն ունենան, որովհետեւ նրանք հոնորար են ստանում, արվեստի գործեր են ստեղծում: Նրանք ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ նրանց առաջարկում են… Ի՞նչ է, Օպերայի կամ Պատկերասրահի տնօրենները պետք է անպայման աղքա՞տ լինի: Դա մեր ձեռքերով ստեղծածի, մեր քրտինքով վաստակածի արդյունքն է, այդ առանձնատները դղյակներ չեն, ուղղակի ճաշակով կառուցած գյուղական տներ են: Համ էլ դրանք արվեստանոցներ են, առանձնատունս միաժամանակ իմ արվեստանոցն է եւ տունը, որը շատ գեղեցիկ է եւ ճաշակով: Եվ ո՞վ է ասել, որ պատկերասրահի տնօրենն անպայման պետք է փող չունենա…»:
Անդրադառնալով Ազգային պատկերասրահի ներկա վիճակին՝ Փ. Միրզոյանը դժգոհեց, որ այցելուների թիվը մեծանում է միայն անվճար ցուցադրությունների օրերին. «Չեմ ժխտում, որ մյուս տարիների համեմատ այցելուների թիվն ավելացել է, բայց մարդիկ անվճար մուտքի օրերին են մեծ հոսքով գալիս ցուցադրություններին»:
Տնօրենին չի բավարարում այցելուների որակական մակարդակը, ըստ նրա՝ այդ մակարդակը պետք է փոխվի. «Մարդիկ այցելում են պատկերասրահ, դիտում շատ նկարներ ու գնում, բայց մենք շատ քիչ այցելուներ ունենք, ովքեր գալիս են մի օր միայն մի քանի նկար դիտելու: Մենք այցելուի այդ տեսակը դեռ չունենք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել