Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարագրիր քեզ»

Օգոստոս 06,2010 00:00

Սովորաբար դա՛ են խնդրում տղաները ծանոթությունների էջում

«Դու սիրու՞ն ես» հարցը հաճախ կկարդաս ծանոթությունների կայքերում, երբ «փնտրում ես տղա կամ աղջիկ» ընկերական, սիրային կամ էլ շփման նպատակով, եւ նկարդ բացակայում է: Այս էջում գրանցվածները անշնորհք չեն. ծանոթությունն սկսում են բարեւից, սովորաբար «պրիվետ, ջան»-ից: Իրենց առավել քաղաքավարի եւ հետաքրքիր անձնավորություն համարողները հարցնում են. «Կարող՞ ենք հետաքրքիր զրույց վարել, գեղեցկուհի ջան», եթե իհարկե աղջիկ ես, եւ երբեմն այնքան էլ կարեւոր չէ՝ նկարդ կա, թե՝ ոչ: Հետաքրքիր զրույցը սովորաբար սկսվում է. «Քեզ ինչպիսի՞ տղաներ են դուր գալիս», հետո էլ պարզվում է, որ հենց նա է քո երազանքների տղամարդը: Պետք է քեզ նկարագրես, ինչպիսին ես, բայց նախ՝ արտաքնապես: Դրանից հետո սեւաչյա, բարձրահասակ, երկար մազերով աղջկա, այսինքն՝ ինձ հետ իմ նամակագիր ընկերները պետք է անպայման հանդիպեն. «Դե շփվենք, ծանոթանանք, կարող ա անբաժան ընկերներ դառնանք կամ էլ հնարավոր ա հասկականք՝ իրար համար ենք ստեղծված»: Անպայման ճշգրտում են՝ որտեղ ես ապրում, չնայած, որ կայքէջի գրանցման անկետայում այդ մասին ինչ-որ բան անպայման նշում ես, հետո հարցնում են՝ մենակ ես ապրում, թե՝ ոչ:
 Խոսակցության վերջում պարզվում է, որ այստեղ գրանցվածների մեծամասնությունը վիրտուալ շփում չի սիրում. «Ուղղակի լավ կլինի մոտիկից ծանոթանանք, էլի»,- գրվում է քո համակարգչի էկրանին: Այստեղ, բացի կյանքի ընկերուհի կամ կին ընտրելուց, փնտրում են նաեւ կյանքի «հետաքրքիր սիրուհի, ում հետ հաճելի կլինի խոսել ամեն ինչի մասին, թե չէ ես ամուսնացած տղամարդ եմ, մնացած ամեն ինչի համար կին ունեմ» (իսկ ես կարծում էի, որ այդ «ամեն ինչը» սիրուհին է անում- Հ. Հ.): Գրանցվածների մեջ հանդիպում են շատ տարօրինակ, երբեմն էլ գռեհիկ ու հայհոյախառն անուններ:
Համարյա բոլորը խոսում են քո խելացիության մասին, բայց երբ արդեն հոգնում ես եւ այլեւս չես պատասխանում նամակներին, պարզվում է՝ զրկվում ես հետաքրքիր, աննման ու բանիմաց ընկեր ունենալուց: Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Կան նաեւ հետաքրքիր եւ բանիմաց մարդիկ, ովքեր քաղաքակիրթ են, կարդացել են Սեւակ, Չարենց եւ արտասահմանյան գրականություն: Կարողանում են ցիտել մեծերի մտքերը եւ քեզ չեն համոզում, որ իրենց հետ չշփվելը ճակատագրական սխալ կարող է լինել: Երբ արդեն զգում ես, որ ամեն ինչ անտանելի է, ներկայանում ես, որ լրագրող ես, ուսումնասիում ես, թե այստեղ մարդիկ ինչպես են շփվում, պարզվում է՝ դատական գործ են հարուցելու քո դեմ՝ խաբեության համար: Ես էլ, հասկանալով գործի լրջությունը, մեղա եմ գալիս ու սարսափած բացատրում, որ ընդամենը բավարարում եմ մարդկանց տեղեկատվության իրավունքը, «բա մարդիկ չիմանա՞ն, թե որտեղ են գրանցվում եւ ինչե՜ր են այստեղ իրենց սպասվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել