Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Օգոստոս 06,2010 00:00

\"\"Կհաղթի արդյո՞ք Հայաստանը  

«Մեկ տարուց ավելի է, ինչ կազմավորվել է «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը, որն այս տարի կներկայացնի Հայաստանը «Նովայա վոլնա» մանկական մրցույթին»,- պատմում է խմբի երաժշտական պրոդյուսեր Միքայել Մարգարյանը ու հավելում, որ խումբը կազմավորվեց մանկական «Եվրատեսիլին» մասնակցելու կապակցությամբ:
«Այնպես ստացվեց, որ ինձ մոտ  առաջինը բերեցին Ռազմիկին, ով գրել էր երգ, բայց չգիտեր, թե ինչ քայլեր պետք է անի՝ ինչպե՞ս գործիքավորի, ներկայացնի այն եւ այլն: Ես մեծ համակրանքով լցվեցի այդ երեխայի հանդեպ: Նա ինձ հավատ ներշնչեց առաջին իսկ պահից: Ապա սկսվեց քրտնաջան աշխատանքը: Ռազմիկի շուրջ հավաքեցինք ստեղծագործական խումբ, ձայնագրեցինք առաջին երգը: Կարելի է ասել, որ ունեցանք լուրջ հաջողություն, թեկուզեւ անցյալ տարի «Եվրատեսիլի» նախընտրական փուլին չանցանք, բայց գրավեցինք 2-րդ տեղը: Այսպես էլ սկսվեց «Ռազմիկ եւ ընկերներ» խմբի կենսագրությունը»,- նշեց Մ. Մարգարյանը:
«Առավոտը» հետաքրքրվեց Մ. Մարգարյանից, թե արդյո՞ք նա առաջին անգամ է ներկայանում որպես երաժշտական պրոդյուսեր: «Ոչ, սա իմ առաջին գործը չէ՝ որպես երաժշտական պրոդյուսեր: Այս ասպարեզում գործունեությունս սկսվել է դեռ «Հայ տղեք» խմբի կազմավորման ժամանակ: (Ի դեպ, Մ. Մարգարյանը ՀՏ Հայկոյի հարազատ եղբայրն է.- Վ. Մ.): Երբ ՀՏ թիմը մուտք գործեց շոու-բիզնես, ես լքեցի խումբը, որից հետո եղավ նոր նախագիծ` ռեփեր Գարոյի հետ: Մի քանի փոքր նախագծեր էլ կան, որոնք դեռ հաջողության չեն հասել, աշխատանքային գործընթացի մեջ են»,- նշեց նա:
Մ. Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց նաեւ, որ օգոստոսի 7-ին «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը կմեկնի Մոսկվա, որտեղից «Նովայա վոլնայի» կազմով գնացքով կգնան դեպի «Արտեկ» ճամբար. «Ինձ թվում է՝ շատ հետաքրքիր ճանապարհորդություն կլինի: Ճանապարհին երեխաները կիթառ կնվագեն, կերգեն… Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ մտերիմիկ ու ջերմ է անցնելու»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Առավոտը» տեղյակ էր, որ բոլորովին վերջերս «Ռազմիկ եւ ընկերներ» խմբի անդամներից մեկին ստիպված են եղել փոխել, ինչը Մ. Մարգարյանը այսպես պարզաբանեց. «Բանն այն է, որ խմբի անդամները պետք է գործիքներով կենդանի նվագեն, իսկ հետո պարզվեց, որ ոչ բոլորն են տիրապետում գործիքներին: Խումբը լքած մասնակիցը կիթառում թեթեւակի թերացավ: Այդ իսկ պատճառով ստիպված եղանք երեխային փոխել: Խմբից դուրս եկած Ռոբերտը շատ արտիստիկ, հոյակապ երեխա է, լավ պարող, դերասան է: Նրա փոխարեն այսօր խմբում Ստեփանն է, ով կարճ ժամանակահատվածում սովորեց նվագել կիթառ: Խմբի մասնակիցները լավ գիտեն իրենց անելիքը: Շատ պրոֆեսիոնալ խումբ է ձեւավորվել»:
Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ մտավախություններ ունեք, Մ. Մարգարյանը այսպես պատասխանեց. «Նախընտրական փուլից հետո մենք հասկացանք, որ ռուսները մեզ շատ են սիրում: Նրանք շատ ոգեւորվեցին, իրենց համար անակնկալ էր մանկական այսպիսի խումբ տեսնելը: Եվ որոշեցին մեզ միանգամից ընտրել՝ եզրափակիչին մասնակցելու: Դա արդեն լուրջ նախադրյալ է: Մենք ակնկալում ենք հաղթանակ: Իհարկե, մտավախություն կա, որովհետեւ մրցույթներում կողմնապահություններ լինում են: Նշեմ, որ շատ ուրախ եմ Սոնա Շահգելդյանի համար: Հրաշալի հաղթանակ էր: Մեր մասով էլ ասեմ, քանի որ Սոնան արդեն հաղթել է, մտավախություն ունենք, որ «Նովայա վոլնան» Հայաստանին երկու մրցանակ չի տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել