Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայում Կոմիտաս անգիր գիտեն

Օգոստոս 06,2010 00:00

Շվեյցարացիները ձայնակցում էին Կոմիտասի գործերի երգչախմբային կատարումներին

Վերջերս Շվեյցարիայի Նուշատել քաղաքում կայացած երգչախմբային երաժշտության միջազգային փառատոնում ՀՀ ԿԳՆ Գեղագիտական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 2004 թվականին ստեղծված «Արահետ» կանանց երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Տատյանա Մինասյան) արժանացավ երրորդ մրցանակի:
ՀՀ ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս փառատոնին մասնակցելու համար դեռեւս 2009թ. Շվեյցարիա էին ուղարկվել «Արահետի» ձայնագրությունները. «Այս տարվա փետրվարին հրավեր ստացանք մասնակցելու միանգամից փառատոնի եզրափակիչ փուլին: Շվեյցարիայում էլ տեղեկացանք, որ նախնական ընտրական փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 90 երկիր, որից ընտրվել է 15-ը: Սա վկայությունն է այն բանի, որ նախօրոք ուղարկված «Արահետի» ձայնագրությունները հիացրել էին ժյուրիին»:
Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ, առաջ թողնելով Իսպանիայի եւ Բելգիայի ներկայացուցիչներին, «Արահետը», փաստորեն. լավագույնն էր երգչախմբային ավանդույթներ ունեցող այնպիսի երկրների թվում, ինչպիսիք են Իտալիան, Կանադան եւ այլն:
Երգչախմբի արտիստներին ուրախացրել է այն, որ կոմիտասյան խմբերգերի կատարումից հետո մոտեցել են նրանց ու ասել՝ «Կոմիտաս էր, չէ՞…»
4-օրյա համերգներից բացի, երգչախմբի կատարումները հնչել են նաեւ փառատոնի շրջանակներից դուրս»:
«Արահետը» տպավորված է ոչ միայն Շվեյցարիայի, այլեւ տեղի հայկական համայնքի ջերմ ընդունելությամբ: Ա. Այվազյանի հավաստմամբ՝ Ցյուրիխի օդանավակայանից մինչեւ փառատոնի վերջին օրը տեղացի հայերն իրենց ոչ մի վայրկյան չեն լքել. «Ամեն երեկո մեկ ընտանիք հյուրընկալում էր մեզ, խնդրում մեկ անգամ եւս հնչեցնել հայկական խմբերգային երաժշտություն: Ամենատպավորիչը՝ «Արահետի» կատարումների ուղեկցությամբ, Վարդավառ տոնին մատուցվող պատարագն էր, որին պատահական մասնակցեցինք։ Վերադարձին, Նուշատելից եկանք Բադեն. այդ օրը համընկավ Հայ առաքելական եկեղեցու Վարդավառ տոնին: Տեր Շնորհը վարձակալած եկեղեցում, հայկական համայնքի համար մատուցեց պատարագ, իսկ մեր աղջիկներն իրենց հոգեւոր երգերով լրացրին այն: Երբ դուրս եկանք եկեղեցուց, մի խումբ հայ պատանիներ էլ անմիջապես մեզ ջրեցին: Միացանք նրանց եւ «վարդեւոր» խաղացինք: Հետաքրքիր էր նաեւ ու զարմանալի այն, որ, տեր Շնորհ քահանայի խոսքով, եկեղեցում երբեք այդքան հայ չէր հավաքվել»:
Շվեյցարացիների վերաբերմունքի եւ ընդունելության մասին էլ ասաց. «Մի սրճարանի կողքով անցանք, սրճարանի այցելուներից մեկը, ով մեզ ճանաչեց, կտրեց մեր ճանապարհը, ձեռքերը պարզեց եւ ասաց, որ չի թույլ տա անցնենք, մինչեւ մի լավ չհյուրասիրի: Մենք էլ համաձայնեցինք: Այդտեղ էլ «Արահետը» հնչեցրեց Կոմիտաս, եւ ոչ միայն: Բոլորը՝ թե օտարազգիները, թե շվեյցարացիները մեզ ձայնակցում էին: Կրկնում եմ, յոթերորդ երկնքում էինք, երբ օտարները մեզ հետ Կոմիտաս էին երգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել