Չոտովայում շարունակվում է մինչեւ 20 տարեկան շախմատիստների Եվրոպայի առաջնությունը:
Երկրորդ տուրում տղաների մրցապայքարում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը (նկարում) բավականին արագ լուծեց հարցերը հնդիկ ՖԻԴԵ-ի վարպետ Շիյամ Թավանդիրանի հետ՝ հարկադրելով արդեն 29-րդ քայլում իրեն պարտված ճանաչել: Համառ պայքարում (72-րդ քայլում) Հունաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիոս Պավլիդիսի դիմադրությունը կոտրեց նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ ահա հաղթական մեկնարկից հետո անհաջողության մատնվեց Հրայր Սիմոնյանը՝ զիջելով թուրք Օգուլքան Կանմազալպին: Երկու տուրից հետո մեր գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում, համապատասխանաբար, զբաղեցնում են հետեւյալ տեղերը. 26-րդ՝ Ռոբերտ Հովհաննիսյան, 30-րդ՝ Սամվել Տեր-Սահակյան (երկուսն էլ՝ 1,5-ական միավոր), 58-րդ՝ Հրայր Սիմոնյան՝ 1,0:
Անզիջում պայքար ծավալվեց աղջիկների մրցաշարում մեր միակ մասնակցի՝ Անի Խանամիրյանի եւ կանանց միջազգային վարպետ Կուբրա Օզթուրքի (Թուրքիա) միջեւ: Նրանք խաղատախտակի առջեւ որքան էլ ջանք թափեցին հաղթանակի հասնելու համար, այնուամենայնիվ, 125-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Այսօր կայանալիք երրորդ տուրից առաջ, որում Անիի մրցակիցը կանանց միջազգային վարպետ, ռուսաստանցի Մարիա Բուտուսն է, մեր մարզուհին կես միավորով ընթանում է 56-րդ տեղում: