Օրերս Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ կառավարության «Գույքային ծրագրի» շրջանակներում պետբյուջեի հատկացրած միջոցներով ձեռք է բերել «Eleiko» ֆիրմայի արտադրության միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող 25 նոր ծանրաձող: «Eleiko»-ի ծանրաձողերը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումների պաշտոնական մարզագործիքն են եւ, որպես կանոն, օգտագործվում են օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:
Նոր գույքը, ըստ անհրաժեշտության, բաժանվելու է Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Քաջարանի, Վեդիի, Արարատի եւ այլ մարզերի ու քաղաքների մարզադպրոցներին եւ նպատակ ունի խթանել հանրապետությունում ծանրամարտի տարածումն ու զարգացումը: Մասնագետների խոսքերով՝ նման որակյալ ծանրաձողերի առկայությունը հանրապետության մարզադպրոցներում, պարզապես, անհրաժեշտություն է: Դրանցով մարզվող թե փորձառու եւ թե սկսնակ ծանրորդները, որպես կանոն, ավելի արագ են աճում ու միջազգային մրցահարթակներում բարձր արդյունքներ ցույց տալիս: Շատերը մտածում են, թե ծանրամարտում գլխավորն ուժ ունենալն է: Սակայն ավելի կարեւոր է մարզիկի աշխատանքը գործիքի հետ, վարժությունը կատարելու տեխնիկան: Իսկ երբ ծանրորդը պատասխանատու մրցման ժամանակ մոտենում է նույն ծանրաձողին, որի տեխնիկական տվյալներին նա ծանոթ ու սովոր է իր ամենօրյա մարզումներից (ծանրության տակ ձողի ճկվածության աստիճան, կրծքին եւ գլխավերեւում կշռաքարերի տատանման հաճախականություն, ամպլիտուդ եւ այլն), խնդիրներ կամ չեն առաջանում, կամ լինում են նվազագույն չափով:
Ասվածի վկայությունն են հատկապես վերջին տարիներին մեր առաջատար ծանրորդների ծանրակշիռ արդյունքները եւ նվաճած մեդալները, քանի որ նրանք մարզվում են հենց միջազգային չափորոշիչներին համապատասխանող ծանրաձողերով: