Երեկ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Ջավախք։ Հոս կապրենք» ֆիլմի ռեժիսոր եւ հեղինակ Հրազդան Մադոյանը հայտարարեց, թե հնարավոր է, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեմ գործ հարուցի՝ գրագողության համար: Նա պնդեց, որ իր հեղինակած ֆիլմից մի կտոր Խզմալյանը օգտագործել է սեփական «Արաքս-Քուռ» վավերագրական նկարում, ինչի ականատեսն է եղել շուրջ 2 տարի առաջ ֆիլմը ԱՕԿՍ-ում դիտելու ժամանակ: «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք լրագրողների հետ հանդիպումը կարելի է մարտահրավեր համարել Խզմալյանին, Մադոյանը պատասխանեց. «Ոչ մեկին չեմ պատրաստվում մարտահրավեր նետել: Ընդամենն ուզում եմ լրագրողներիդ միջոցով հանրությունն իմանա, թե իրականում ով է Տիգրան Խզմալյանը»:
Խոսելով իր «Ջավախք։ Հոս կապրենք» ֆիլմի մասին՝ Մադոյանը տեղեկացրեց, որ այն մի քանի անգամ ցուցադրվել է տեղական հեռուստաալիքներով, թարգմանվել ֆրանսերեն ու անգլերեն: Հայտնեց նաեւ, որ ֆիլմի աշխատանքներն իրականացրել է պրոֆեսիոնալ խումբ, հատկապես նշելով օպերատոր Լեւոն Աթոյանցի անունը: Ընդ որում, վերջինս նույնպես ներկա էր ասուլիսին եւ իր զայրույթը հայտնեց գրագողության առիթով: