Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգացի միայն սեր»

Օգոստոս 06,2010 00:00

Մինչդեռ երգչուհի Սոնա Շահգելդյանին վախեցրել էին, թե Վայկուլեն չի սիրում հայերին

Վերջին օրերին մենք էլ ուրախացանք, որ տարիների ընդմիջումից հետո փոփ երաժշտության միջազգային մրցույթում վերջապես ունեցանք առաջին մրցանակակիր, ով եկավ ու մխիթարեց մեզ եվրատեսիլյան (եւ ոչ միայն) ապարդյուն հույսերից առաջացած տխրության համար։ Գրեթե ազգային հերոսի նման «Արմենիա» TV-ին արձանագրեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հաղթանակը՝ վերջերս Յուրմալայում կայացած «Նովայա վոլնա» ժամանակակից երաժշտության միջազգային մրցույթում։ Իհարկե, երգչուհու պատվին Երեւանի օդանավակայանում հրավառություն չսարքեցին, ավտոմեքենա ու դափնեպսակ չնվիրեցին, ինչպես հաճախ արվում է մարզիկների դեպքում, բայց կարեւորն այն է, որ այսուհետ կարող ենք ասել, որ փոփ արվեստում մեր հաջողությունները երեւութական չեն։ Սոնան փշրեց հաստատված կարծրատիպերը եւ կարողացավ հեղինակավոր ժյուրիից «պոկել» բարձրագույն միավորներ, որքան էլ դա, հասկանալի պատճառներով, դուր չգար որոշ պրոդյուսերների եւ նրանց, ովքեր ի սկզբանե տրամադրված էին առաջին մրցանակը շնորհել 17-ամյա ուկրաինուհուն (ինչը ակնհայտորեն երեւաց մրցույթի առաջին փուլում)։ Շնորհավորելով երգչուհուն՝ «Առավոտը» ուղղեց հարցեր՝ վերջին օրերի նրան երկրպագողների եւ ինչու չէ՝ չերկրպագողների անունից։
Դիտարկմանը, թե որեւէ առիթով երբեւէ չի բարձրաձայնել իր ուսուցիչների անունները, Սոնան ասաց. «Անկեղծ ասած՝ համեստ մարդ եմ, շատախոսել չեմ սիրում։ «Խոսքս» 12 տարեկանից ներկայացնում եմ երգի տեսքով։ Երեւանի կոնսերվատորիայում ուսանել եմ Քրիստինա Ասատուրովայի դասարանում, շնորհակալ եմ Արթուր Գրիգորիչից, «Արեւիկ», «Դո ռե մի» անսամբլների իմ ղեկավարներից… Եկեք չշարունակեմ, որովհետեւ հաստատ կմոռանամ մեկնումեկի անունը հիշատակել»։ «Համամի՞տ եք, որ լավագույն ելույթը մրցութային առաջին օրվա Բելի երգացանկից հանրահայտ հիթի կատարումն էր։ Նույնիսկ ձեր երկրպագուներից ոմանք այնքան էլ չեն գոհացել Վարդուհի Վարդանյանի երգացանկից՝ Ա. Ավագյանի եւ Ս. Ստամբոլցյանի «Հայաստան աշխարհ» երգի ձեր մեկնաբանումից։ Հակասական կարծիքներ կան նաեւ բեմական զգեստների, պահվածքի առնչությամբ»՝ մեր հարցրին ի պատասխան Սոնան ասաց.«Երեք երգերն էլ աշխատել եմ տեղ հասցնել։ Ինչ վերաբերում է «Հայաստան աշխարհին», ես կատարել եմ այնպես, ինչպես զգում եմ եւ ընդհանրապես նշեմ, որ կրկնօրինակում չեմ ընդունել եւ չեմ ընդունի։ Զգեստներիս հեղինակի՝ մոսկվաբնակ դիզայներ Նարինե Արեւշատյանի աշխատանքը գնահատեց նույնիսկ «Նովայա վոլնա»-ի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը… Բեմական պահվածքն էլ գալիս է այս կամ այն երգի բնույթից, չեմ կարող պարզապես զգաստ կանգնել ու տեղ հասցնել ասելիքս»,- հայտնեց երգչուհին։
Թե ինչպիսի՞ն էր Կրուտոյի, Պաուլսի կամ ժյուրիի հատկապես այն անդամների վերաբերմունքը իր հանդեպ, որոնք առաջին փուլի իր ելույթը ցածր գնահատեցին, օրինակ՝ Վայկուլեն, Ագուտինը, Մելաձեն, Սոնան ասաց. «Երբ մեկնում էի Յուրմալա, ինձ ասացին, որ զգույշ լինեմ, իբր, Վայկուլեն հայերին չի սիրում… Գնացի ու, փաստորեն, այլ վերաբերմունք տեսա։ Ձեր թվարկած անուններին ավելացնելով երաժշտական պրոդյուսեր Ժենյա Օռլովի, գլխավոր կազմակերպիչ Ալեքսանդր Ռումյանցեւի անունները, հավատացնում եմ, բոլորի կողմից զգացի միայն սեր»։ Կես կատակ-կես լուրջ դիտարկմանն էլ, թե հայաստանցի «հարուստ» երգչուհիների ցանկում՝ մրցույթում շահած 50 հազար եվրոյով, երգչուհու փեսացուները, հավանաբար, կշատանան, Սոնան ասաց. «Դեռ 2-3 տարի մտադիր չեմ ամուսնանալ։ Շահածս գումարի մի մասն էլ կնվիրաբերեմ մանկատներին, վատառողջ երեխաներին եւ թափառող կենդանիների պաշտպանությանը»։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ինքն էլ է «նվեր» արել ժյուրիին՝ նրանց հանձնելով իր միակ «Դեպի երկինք» CD-ն եւ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Վոկալիզի» ձայնագրությունը. «Ընդ որում, այն սիրով կներկայացնեի Յուրմալայում, սակայն տեւողությամբ գերազանցում էր 3 րոպեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել