Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍԶԻ ՃԱՆԱՉԵ՞Ն ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ

Օգոստոս 06,2010 00:00

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը կմասնակցի Օսլոյում կայանալիք «Թատրոն եւ հիմնախնդիրներ» միջազգային սիմպոզիում-քննարկմանը:

Վերջերս Երեւանում տեղի ունեցավ Թատերական քննադատների համաշխարհային կազմակերպության 25-րդ կոնգրեսը։ Շատ երկրներ ներկայացնող թատերական քննադատներ ցավով նշեցին, որ իրենց շատ քիչ բան է հայտնի հայ թատրոնի մասին, շատ քիչ տեղեկություններ ունեն արդի հայ թատրոնում տիրող վիճակի, մասնավորաբար՝ թատերագիտական մտքի մասին:
Հայ թատերագիտության ճանաչման, այն միջազգային գործընթացներին մասնակից դարձնելու նպատակով Հայաստանի թատերական գործիչների միության թատերագիտության հարցերով քարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանը մոտ օրերս կմասնակցի Օսլոյում կայանալիք «Թատրոն եւ հիմնախնդիրներ» միջազգային սիմպոզիում-քննարկմանը, որի նախաձեռնողը Նորվեգիայի արքունական գրադարանի խորհուրդն է, որը զբաղվում է գրականության եւ թատրոնի խնդիրներով։
«Առավոտին» հետաքրքրում էր, թե ինչպիսի ձեւաչափ է ունենալու Լ. Մութաֆյանի մասնակցությունը, ինչպես է նա ներկայացնելու հայ թատրոնը: «Ուրախ եմ, որ վերջապես արքունական գրադարանը, որը հովանավորվում է Նորվեգիայի միապետի կողմից, իր ուշադրությունը սեւեռեց նաեւ հայ թատրոնին, որը, աշխարհի հնագույն թատերական մշակույթներից մեկը լինելով, մինչ օրս պատշաճ չի ներկայացվել աշխարհին, մինչդեռ մեզ միշտ թվացել է, թե առանձնակի ներկայացման կարիք չկա, թե աշխարհը մեզ գիտի ու ճանաչում է: Սա, իհարկե, թյուր տպավորություն է, եթե չասեմ՝ մոլորություն: Պարզվում է, որ մեր պասիվությունը, շատ խնդիրների հանդեպ ձեւավորված ոչ արհեստավարժ մոտեցումները հանգեցրել են այն բանին, որ մենք հաճախ հայտնվել ենք «լուսանցքում»՝ այդպես էլ նշանակալի տեղ չգրավելով համաշխարհային մշակույթի մեջ: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի գնանք խմբագրումների, մշակենք մեր ունեցածի ու կուտակածի միջազգայնացման հստակ ծրագրեր: Ներկայացնելու եմ զեկուցում, որն ունի տեղեկատվական բնույթ, ըստ էության, պետք է ներկայացնեմ Հայաստանի թատրոնները եւ թատերագիտության եւ թատերական քննադատության որոշ միտումներ ու սկզբունքներ: Որքան էլ սահմանափակ են հնարավորությունները, այնուհանդերձ, կարծում եմ, որ սա առաջին քայլն է, որը կնպաստի հետագայում եւ համագործակցության հաստատմանը, եւ առավել համակողմանի աշխատանքների ծավալմանը»: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք միայն մի զեկուցումը բավական է, որպեսզի ձեւավորվի պատկերացում մեր թատրոնի մասին: Թատերագետը նշեց, որ սա ճանաչողական զեկուցում է լինելու։ Վստահ է, որ հետագայում կխորանա համագործակցությունը, կմշակվեն համատեղ աշխատանքի ծրագրեր: «Նորվեգիայում հայկական համայնք կա, որի շատ անդամների անձամբ ճանաչում եմ: Նրանց մեջ կան գիտության մարդիկ, ուստի, մտադրված եմ նրանց հետ համատեղ մշակել որոշակի քայլեր, որպեսզի նրանք էլ աջակցեն ինչպես Նորվեգիայում, այնպես էլ Սկանդինավյան թերակղզում հայ թատրոնի ճանաչմանը: Առհասարակ, ես կողմ եմ, որ մեր բոլոր ստեղծագործական միությունները, օգտագործելով նաեւ Սփյուռքի նախարարության հնարավորությունները, սերտ կապեր հաստատեն Սփյուռքի հետ, նրա միջոցով ձեւավորեն հարաբերություններ տարբեր երկրների մշակութային կառույցների հետ, որպեսզի հեռանանք այս զարհուրելի ներփակվածությունից»:
Հարցին՝ մի՞թե կա այդ ներփակվածությունը, մի՞թե մենք արդեն չենք ինտեգրվում համաշխարհային մշակույթին, մանավանդ մեզ մոտ փառատոներ են կազմակերպվում, մենք ենք մասնակցում տարբեր միջազգային կինոփառատոների: «Իհարկե, փառատոները միջոց են ճանաչման տիրույթներն ընդլայնելու: Մենք այդ հարցում արդեն ձեռքբերումներ ունենք. եւ շեքսպիրյան, եւ Արմմոնո, եւ մնջախաղային արվեստի ու Հայֆեստ փառատոներն արդեն որոշակի քայլեր են, մեր դերասաններն են մասնակցում միջազգային փառատոների։ Օրինակ՝ օրերս են դերասաններ Արմեն Սանթրոսյանն ու Մարիամ Ղազանչյանը վերադարձել լեհական շատ հեղինակավոր փառատոնից, բայց դրանք դեռ չեն կարող մեզ լիարժեք բավարարել: Աշխարհը հսկայի քայլերով առաջ է գնում, թատրոնն ամեն օր մի նոր իրողություն է արձանագրում, տարբեր ոճեր եւ սկզբունքներ են ի հայտ գալիս, իսկ մենք պարտավոր ենք հասնել այդ ամենին։ Հենց մայրաքաղաքում ու մարզերում գործում են թատրոններ, որոնք կազմակերպված ինքնագործունեություն են հիշեցնում, շատ վաղուց հնացած «գյուտերն ու հնարքները» մենք նորարարություն ենք համարում, ինքներս մեզ գովում ու ննջում ենք բավարարվածության բարձերի վրա… Մեր թատերական քննադատությունն էլ, որը երբեմն չի անցնում սյուժե պատմելու պարտականություններից, փառաբանությամբ է օծում միջակությունների ճանապարհն, ու այսպես ապրում ենք՝ կտրված համաշխարհային թատերական զարգացումներից»:
Հարցին, թե՝ կարելի՞ է եզրակացնել, որ հայ թատերագիտության ու թատերական քննադատության մասին այնքան էլ նպաստավոր կարծիք չունեն աշխարհում, պրն Մութաֆյանն պատասխանեց. «Մենք տակավին չենք կարողացել սահմանազատել թատերական քննադատությունը՝ թատերագիտությունից: Թատերական քննադատությունը ստեղծագործություն է, թատերագիտությունը՝ ուսումնասիրություն: Մեր թատերական քննադատությունը դեռ չի կարողանում առաջատար դիրք գրավել թեկուզ թատերական գործընթացներում: Պատճառները շատ են, առաջին հերթին՝ պրոֆեսիոնալ թատերական քննադատության պակասը… Շատ հարցեր էլ կան, որոնց մասին պետք է հիմնավոր խոսակցություն ծավալվի: Առաջիկայում, երբ մենք հիմնովին կինտեգրվենք միջազգային թատերական գործընթացներին, դրանց լրջորեն կանդրադառնանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել