Kansas City Star-ի փոխանցած պատմության հերոսը՝ Չիկագոյի բանկի նախկին գործադիր տնօրեն Ջորջ Մայքլը, ասում է, որ պարզապես ցանկացել է իր վատառողջ եւ աստվածավախ կնոջը ապահովել աղոթատեղիով եւ դրա համար լճի ափին գտնվող իր առանձնատան թենիսի կորտը վերածել է հայկական եկեղեցու։ Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ եկեղեցի հիմնելով՝ Մայքլը ցանկանում է խուսափել հարկերից։ Այս պատմությանը տեղեկանում ենք «Ազատություն» ռ/կ-ից: Հայազգի գործարարը սկզբում իրոք ազատվել է հարկ վճարելուց, բայց հետո այդ արտոնությունը չեղյալ է համարվել, ու այս վերջին որոշման դեմ Ջորջ Մայքլը դաշնային դատարան հայց է ներկայացրել Լեյք Բուֆ գյուղի եւ պետական պաշտոնյաների դեմ՝ պահանջելով ավելի քան 10 միլիոն դոլար եւ պնդելով, որ իր ընտանիքը հետապնդվում է, քանի որ իրենք հայ են։ Այնինչ տեղի իշխանությունները պնդում են, որ եկեղեցի հիմնելու պատրվակով նա ցանկանում է խուսափել տարեկան 80 հազար դոլար հարկ վճարելուց։ Չիկագոյի դաշնային դատարան հունիսին ներկայացված հայցը կազմված է 78 էջից։ Ջորջ Մայքլը հայցում նկարագրում է, որ իր ընտանիքը հանգիստ է փնտրում ընտանիքի հիվանդ անդամի համար. նրա կինը՝ Սյուզան Մայքլը, հիվանդ է սկլերոզով։ Մայքլն իր թենիսի կորտը հայկական եկեղեցի է դարձրել 2007 թվականին ու կրոնական արարողություններ անցկացրել իր ընտանիքի ու նաեւ եղբոր՝ Ռոբերտ Մայքլի համար, որը, ըստ դատական գործի, նույնպես հայցվոր է։ Ընտանիքը, ըստ Մայքլի, շարունակում է տանը կատարել կրոնական արարողություններ եւ հոգեւորականներ պատվիրել ինտերնետով։
Մայքլն իր հայցում պնդում է, որ տեղական չինովնիկները իր դեմ գաղտնի, դավադիր համաձայնության են եկել, որպեսզի չեղյալ համարեն հարկերից ազատելն ու փակեն եկեղեցին։ Նա ասում է, որ իրենք զգում են շրջապատի անբարյացկամ վերաբերմունքը: Բայց տեղական իշխանության ներկայացուցիչները հերքել են Մայքլի մեղադրանքները՝ պնդելով, որ նա անախորժություններ ունի օրենքի հետ, բազմիցս խախտել է տեղական, մունիցիպալ կարգը, իսկ եկեղեցի հիմնելը, ըստ նրանց, եւս մի փորձ է՝ խուսափելու սեփականության համար հարկեր վճարելուց։ Իսկ Ջորջ Մայքլն ասում է, թե հոգնել է պայքարից ու ցանկանում է 8 միլիոն 300 հազար դոլարով վաճառել իր տունը։