Վաշինգտոնի դաշնային դատավորը Խաբադ Լյուբավիչ հուդայական կրոնական շարժման օգտին վճիռ է կայացրել: Հիշեցնենք, որ շարժումը Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «Շնեերսոնի ընտրանի» անունով հայտնի պատմական գրքերն ու փաստաթղթերը, որոնց մի մասը 1918թ.-ին բոլշեւիկներն ազգայնացրել էին, եւ արդյունքում դրանք հայտնվել էին Լենինի անվան՝ այժմ Ռուսաստանի պետական գրադարանում:
Դատավոր Ռոյս Լամբերտը վճռել է, որ հասիդներն ապացուցել են, իրենց ասելով, Ռուսաստանի պետական գրադարանում եւ ռազմական արխիվներում «ապօրինաբար» պահվող հին հրեական գրքերի եւ ձեռագրերի նկատմամբ իրենց հավակնությունների իրավաչափությունը: Ռուսական կողմի շահերը ներկայացնող փաստաբանները դատավարության ընթացքում վիճարկում էին այդ վեճի՝ ամերիկյան դատարանին ընդդատյա լինելու հարցը: Անցած ուրբաթ օրը դատարանի կայացրած այս վճռում, որի մասին, ըստ BBC-ի, միայն նոր է հայտնի դարձել, դատավորը որոշել է, որ ամերիկյան օրենսդրության՝ «Օտարերկրյա ինքնիշխան իմունիտետների մասին» օրենքի համաձայն, ինքնիշխան պետությունը անձեռնմխելի չէ այն հայցերից, որոնք վերաբերում են միջազգային նորմերի խախտմամբ՝ սեփականության ձեռքբերմանը: Լյուբավիչյան հրեաները Իոսիֆ Իցխակ Շնեերսոնի (նկարում) ընտրանին փորձում են վերադարձնել դեռ 1980թ.-ից ի վեր, երբ նրանց հայցը դատարանները մի քանի անգամ բավարարել էին: Երկար ժամանակ այդ փաստաթղթերը հրեաներին վերադարձնելու ամենամեծ հակառակորդը Լենինի անվան գրադարանի ներկայացուցիչ Վիկտոր Դերյագինն էր, որը սպառնացել էր նույնիսկ այրել այդ փաստաթղթերը: «Ամերիկյան կառավարությունը միշտ աջակցել է այդ նյութերի վերադարձի խնդրին: Հույս ունեմ, որ պետդեպարտամենտը չի խոչընդոտի Վաշինգտոնի դաշնային դատարանի վճռի իրականացմանը»,- «Ասոշիյթեդ պրեսին» ասել է Խաբադ Լյուբավիչ շարժման փաստաբան Նաթան Լեւինը: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը, սակայն, հրաժարվել է դատարանի կայացրած վճռի առնչությամբ մեկնաբանություններ անել՝ պատճառաբանելով, թե գործը դեռ ավարտված չէ: