Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 06,2010 00:00

Nabucco-ի կառուցման ծրագրերը բյուրեղանում են
Օգոստոսին Անկարայում կստորագրվի Nabucco գազատարի կառուցմանն աջակցելու հուշագիր: Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, APA-ն տեղեկացնում է, որ փաստաթուղթը ստորագրելու են Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի նախարարները: Ինչ վերաբերում է գազի մատակարարմանն ու ֆինանսավորմանը, ապա այդ հարցերը ծրագրվում է լուծել 2010-2011թթ. ընթացքում: Իսկ առայժմ Nabucco-ի բաժնետերերը գազամատակարարման շուրջ բանակցություններ են վարում Ադրբեջանի եւ Իրաքի, նաեւ Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ: Եթե բանակցությունները հաջողությամբ ընթանան, ապա գազատարի երկարությունը կավելանա՝ 3300կմ-ից դառնալով մինչեւ 4000 կմ, ինչը 10%-ով կավելացնի գազատարի շինարարության ծախսերը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Եվրամիությունը Nabucco նախագծում Թուրքմենստանին եւս ներգրավելու եւ Կասպից ծովի շելֆը սահմանազատելու ծրագիր է մշակել: Փորձագետների դիտարկմամբ, Բրյուսելի մշակած այդ փաստաթուղթը պետք է դառնա Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ գազատարի շինարարության մասին համաձայնագրի նախատիպը: Ընդսմին, Ռուսաստանի իշխանությունները եվրոպական այդ նախագիծը անհեթեթություն են որակել: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը Կասպից ծովի շելֆի սահմանազատման պարագայում տրանսկասպյան գազատարի անցկացմանը համաձայնություն չի տա:
Հիշեցնենք, որ Կասպից ծովից բնական գազը Թուրքիայով եւ Բալկաններով  ու Ռուսաստանի շրջանցմամբ դեպի Կենտրոնական Եվրոպա  հասցնող գազատարի կառուցման նպատակով ստեղծված Nabucco կոնսորցիումի բաժնետերեր են հանդիսանում ավստրիական, հունգարական, ռումինական, բուլղարական, թուրքական եւ գերմանական խոշոր ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմում է 16,67%: Այդ ընկերությունները  ֆինանսավորելու են ծախսերի միայն 1/3 մասը, մնացած մասի ֆինանսավորումը ստանձնել են ֆինանսավարկային կազմակերպությունները: Նախագծի արժեքը 7,9 մլրդ եվրո է, նախատեսվում է, որ գազը Nabucco-ով Եվրոպա կմատակարարվի 2013թ.-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել