Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 06,2010 00:00

Երեկ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք խնդիրների շուրջ երիտասարդական ֆորումի բացումը: ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի բացման խոսքից հետո, ֆորումի մասնակից երիտասարդ կամավորները ներկայացրին իրենց զեկույցները, որին հաջորդեց քննարկումը: Օրվա թեմաներն էին «Սփյուռքը եւ Հայաստանի Սահմանադրությունը», «Հայկական մշակույթը եւ Սփյուռքը», «Հայերը՝ Թուրքիայում» եւ «Կանադայի հայ համայնքը»: ՌԱՀՀԿ-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Երկօրյա  այս ֆորումի հիմնական նպատակն է Սփյուռքի ուշադրությունը հրավիրել դեպի Հայաստան: Այս կարգի երիտասարդական ֆորումները կլինեն ամենամսյա եւ կքննարկվեն տարբեր խնդիրներ ու թեմաներ»:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես կբնութագրի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, պարոն Կիրակոսյանը այսպես պատասխանեց, «Իմ կարծիքով՝ երկու կողմում էլ բավարարար չափով աշխատանքներ չեն տարվել: Այնինչ պետության կողմից ավելի շատ քայլեր պետք է ձեռնարկվեն Սփյուռքի ուշադրությունը դեպի Հայաստան բեւեռելու համար: Եվ պետք է հստակ հասկանան, որ Սփյուռքն ավելի է սկսել հետաքրքրվել Հայաստանով: Իսկ կառավարությունը պետք է սփյուռքահայերի՝ Հայաստան գալը հնարավորինս հեշտացնի»:
Ռ. Կիրակոսյանը «Առավոտին» հայտնեց նաեւ, որ իրենց կենտրոնում կա շուրջ 26 պրակտիկանտ եւ կամավոր՝ Սփյուռքից, մարզերից եւ մայրաքաղաքից: Մեր այն հարցին՝ արդյոք հե՞շտ է դառնալ կենտրոնի անդամ, կամավոր Արմինե Բադալյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այստեղ հետաքրքիր է: Կենտրոնի դռները բոլորի առջեւ բաց են: Որեւէ սահմանափակում չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել