Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ ՇԵՄՆ ԻՋՆԵԼՈՒ՞ Է»

Օգոստոս 06,2010 00:00

\"\"Ծնողները մի կողմից դժգոհում են, որ անվճար համակարգում մրցույթը խոստացվածից բարձր է եղել, մյուս կողմից, որ դրականի շեմը բոլոր հաղթահարածները բուհ են ընդունվել:

«Շնորհավոր լինի, մաղարիչով լինի», «Ինչ արած, թե վճարովի եմ ընդունվել, կարեւորը՝ էս քաշքշուկից պրծա», «Էս ի՞նչ ֆոկուսներ արեցին, որ երեխաս վճարովի ընդունվեց», «Բա, ասում էին մրցույթը իջնելու՞ է, տեսաք, որ էլի անվճարի համար լավ էլ մրցույթ եղավ». երեկ երեւանյան տարբեր բուհերի բակերում, որտեղ փակցված էին անցողիկ միավորների ցուցակները, այսպիսի բացականչություններ կարելի էր լսել: Ընդհանրապես, իրավիճակը բավականին լարված էր, շատ դեպքերում՝ նաեւ մարտական: Երբ մոտենում էինք ծնողներին եւ դիմորդներին, նրանց կարծիքները հարցնում, որպես կանոն մեծամասնությունը խոսքը սկսում էր հետեւյալ նախադասությամբ. «Մեկ է, արդեն ամեն ինչ վերջացել է, հիմա ոչնչից վախենալու տեղ չունենք, արդեն հանգիստ կարող ենք խոսել»: Մեր առաջին կանգառը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էր: Այստեղ ծնողների մեծամասնությունը զարմացած էր, քանի որ անվճար համակարգի անցումային միավորներն ավելի ցածր էին սպասում: Ծնող Նարինե Դեմիրճյանը, ում դուստրն ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ, նշեց. «Չնայած ոլորտի պատասխանատուները հայտարարում էին, թե ընդունելության շեմը շուրջ 5 միավորով իջնելու է, սակայն մենք չենք զգացել դա: Օրինակ՝ մեր դիմած «կառավարում» ֆակուլտետում անվճար համակարգի համար մրցույթն այս տարի մեծացել է: Եթե անցյալ տարի այստեղ անվճարի համար անցողիկ էր 51,8 միավորը, ապա այս տարի 53,75-ը: Հետո մի զարմանալի  փաստ էլ կա: Երբ դիմում էինք այս ֆակուլտետ, այդ ժամանակ անվճարի համար 5 տեղ էր հատկացված, հիմա ստացվեց, որ այդ թիվը դարձավ 12: Մանավանդ ասում են, որ կառավարման ֆակուլտետն, այսպես ասած, ռեկտորատի ֆակուլտետն է»: Չարենցավանից մի ծնող էլ նշեց. «Չեմ կարծում, որ անվճար համակարգի համար մրցույթը ցածր է եղել: Այնքան ասացին՝ ցածր է լինելու, ցածր, մենք էլ մտածում էինք անվճար կընդունվենք, այն էլ եկանք ու փաստի առաջ կանգնեցինք»:
ԵՊՀ-ում պատկերն ավելի խառնիճաղանջ էր: Ցուցակներն ուսումնասիրելու համար ծնողներն ու դիմորդներն իրար «վրաերթ» էին անում: Պատճառն այն էր, որ յուրաքանչյուր ոք ցանկանում էր րոպե առաջ տեսնել՝ ընդունվել է, թե՝ ոչ: «Առավոտի» հետ զրույցում դիմորդ Արփինեն լացակումած ասաց. «Չեմ հասկանում՝ ինչու անունս չկա ԵՊՀ-ի թարգմանչական բաժնում, ախր ես հաստատ ընդունվել եմ, է՜»: Մի տատիկ էլ, որի թոռնիկն ընդունվել էր ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետ, վրդովված ասաց. «Թոռնիկս մեկ միավորի տարբերությամբ վճարովի համակարգ է ընդունվել, ինչի պատճառով նրան բանակ են տանելու: Մեղավորը հայոց լեզվի անգրագետ թեստերն էին, ախր նման բան անու՞մ են»:
Բժշկական համալսարան դիմած երիտասարդների մեծամասնությունը գոհ էր, պարզապես վճարովի համակարգ ընդունված դիմորդների ծնողներն արդեն մտքում թվաբանական հաշվարկներ էին անում, թե ինչպես են մի քանի հազար դոլարանոց վարձավճարը հասցնելու: Ծնողներից մեկը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Քանի դեռ մեր երկիրն ունի նման իշխանավորներ, որոնք պարզապես հրացանակիրներ են, ոչինչ չի կարող լավ լինել, այդ թվում նաեւ ընդունելության համակարգը: Դրական միավորներ ստացած ցանկացած դիմորդ կարող է ընդունվել Բժշկական, Մանկավարժական համալսարան: Չէ՞ որ սրանք այն մասնագիտություններն են, որոնք մարդու կյանքի եւ ճակատագրի հետ են կապված: Այսինքն՝ կիսագրագետները, որոնք պատրաստ են վճարել, բուհ են ընդունվում: Հետո անհարկի տեղեր են ավելացնում: Օրինակ՝ սկզբում հայտարարվում է, թե այս կամ այն մասնագիտության գծով հատկացվում է 131 տեղ, բայց ընդունվում է շուրջ 180 դիմորդ: Ու՞մ համար է այս ամենը, պարզ չէ՞, որ իրենց երեխաների: Կամ հայոց լեզվի քննությունից հանրապետական օլիմպիադայի 3-րդ տեղ գրաված երեխան մարզում ընդամենը 35-րդ տեղն է գրավում: Պատճառն այն է, որ թետսերն էին խրթին»:  
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգեց ծնող Վալյա Շտոյանը եւ նեղսրտեց.  «Առավոտի» հունիսի 26-ի համարում տպագված է իմ խոսքը, թե ես շնորհակալություն եմ հայտնում թիվ 195 դպրոցի քննակենտրոնի ղեկավարին: Դա այդպես չէ, քանի որ հենց այդ քննակենտրոնում տեղի ունեցածի պատճառով իմ որդին այժմ հավաքել է 36,25 միավոր եւ 0,75 միավորի պատճառով չի ընդունվել Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի անվճար համակարգ: Միակ դեպքն է եղել, երբ երեխան իրենց մեղքով քննակենտրոնը փոխել է: Քիմիայի միասնական քննության օրը իմ որդուն անցաթուղթ չեն տվել, 50 րոպե միջանցքում կանգնեցրել, հետո  օպերատորներն ասել են, թե մեքենայով ես, կարող է տեղափոխվես ուրիշ քննակենտրոն: Սակայն 8:10 երեխան դեռ միջանցքում կանգնած է եղել: Երբ 17,75 ստացավ, գնացի բողոքելու, ինձ ասացին՝ դուք ձեր շանսը կորցրել եք: Նամակ գրեցի երկրի նախագահին, գլխավոր դատախազին: Երկու օր հետո ԳԹԿ-ից կանչեցին, ասացին, թե  կարող են այդ քննությունը չեղյալ համարել, որ երեխան նորից մասնակցի քննության: Սակայն մտածեցինք, որ այդպիսի լարվածությամբ նորից քննություն հանձնելն անիմաստ է: Քանի որ այժմ որդիս ընդունվել է վճարովի համակարգ, նրան բանակ կզորակոչեն, ուստի՝ ես պահանջում եմ, որպեսզի նրա ստացած միավորը անվճար համակարգի համար անցողիկ համարեն, ինչի համար պայքարելու եմ մինչեւ վերջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել