Հեռուստաօպերատոր Սուրեն Մուրադյանն ու քանդակագործ
Հենրիկ Տեր-Մինասյանը:
Արդեն հեռանում էի Վարդան Մամիկոնյան հրապարակից, երբ դեպի հրապարակ եկող ծանոթ քայլվածք նկատեցի։ Լիքն ու նաեւ յուրօրինակ հմայքով լի կինը, պայուսակը ուսից կախ, երկու կաշվե պայուսակներ բռնած, մոտեցավ։
– Ինչ լավ է, որ քեզ տեսա,- գրքերով լցված ծանր պայուսակները դնելով բազալտե պատնեշին, ասաց թիֆլիսեցի բանաստեղծուհի, հրատարակիչ, լրագրող, թարգմանիչ, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը,- ի՞նչ անեմ, չեմ հասցնում։
– Ծանր-ծանր որտեղի՞ց ես գալիս։
– Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում շնորհանդես էր։ Ստամբուլի «Մարմարա» թերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանը «Մանկությանս փողոցներուն մեջ» գիրքն էր ներկայացրել։ Հիմա պետք է պոլսահայ գրողներին հանդիպեմ։
– Կարծես թե շնորհանդեսների մեջ ես ապրում։ Երեկ Ծաղկաձորում նոր տարեգրքի՝ «Կամրջի» հերթական համարի շնորհանդեսն էր, չէ՞։
– Այո, իրոք, շատ եմ ոգեւորված բարձր գնահատականից, ինձ համար հիշարժան է նաեւ 2008 թ. Գյումրիում կայացած շնորհանդեսը։ Համարի խորագիրն էր՝ «Քեզ համար՝ Գյումրի»։ Երջանիկ եմ ու, չեմ թաքցնում, հպարտ՝ Մայր հայրենիքում նման առիթների ու գնահատանքների համար։
– Հիմա ի՞նչ «Կամուրջ» ես կառուցում։
– «Կամուրջը» հիմա պոլսահայերի հետ եմ կապում։ Բայց մի կես ժամ դեռ ժամանակ ունեմ։ Կուզենայի, որ դու էլ գործեր ուղարկես «Կամուրջ» տարեգրքի համար։ Նախ ասա, ի՞նչ ես անում այստեղ։
– Որ ասեմ՝ չես հավատա. որսի եմ դուրս եկել։
– Ո՞ւր է հրացանդ։
Ցույց տվեցի գրիչն ու լուսանկարչական խցիկը։
– Եւ ի՞նչ ես որսում։
– Ահա քեզ եմ որսացել։ Պիտի զրուցենք, ու կգրեմ քո թիֆլիսյան գործունեության, «Կամուրջ» գրական տարեգրքի մասին։ Դա կհետաքրքրի «Առավոտի» ընթերցողներին։
– Հա՜, գիտեմ, «Առավոտի» ուրբաթօրյա համարներւմ միշտ ընթերցում եմ քո ռեպորտաժները։ Արամ Աբրահամյանի խմբագրականներն ու Մերուժան Տեր-Գուլանյանի սյունակներն էլ եմ շատ հավանում։ Որ տեսնես, կհաղորդես նրանց։
– Անահիտ, գիտես չէ՞, թե սա ում արձանն է։
– Արդեն ի՞նձ ես ձեռ առնում։
– Չէ, քիչ առաջ Ջավախքից երեք աղջիկներ ինձ հարցրին, թե ո՞ւմ արձանն է։ Ռուսական դպրոց են հաճախում, որտեղ հայոց պատմություն չեն սովորում։
– Դա այսօր ողջ աշխարհի հայության խնդիրն է։ Ետխորհրդային երկրներում մի միլիոն հայ պատանիներ ունենք, որոնք հայերեն չեն անցնում ու հայոց պատմության մասին գաղափար անգամ չունեն, մոմ վառելով հայ չեն դառնում,- ասաց վրացահայ բանաստեղծուհին,- լավ, քեզ երեւի ավելի շատ «Կամուրջ» տարեգիրքն է հետաքրքրոմ։ Ներկա համարում, որը Կալիֆոռնիայի հայ գրողների միության նախագահի տեղակալ Գրիշ Դավթյանի հետ ենք կազմել, Լոս-Անջելեսի հայ գրողներն են: Տասնմեկ հեղինակ եմ ընդգրկել ԱՄՆ-ի հայ գրողներից։ Իսկ Պոլսահայ գրողների հետ կամրջվող համարը կսկսվի Հատտեճյանի ողջույնի խոսքով։ Կտպագրենք պոլսահայ գրողների գործերը։ Տարեգիրքն իսկական «կամուրջ» է վրացահայ եւ Սփյուռքի տարբեր համայնքների գրականությունների միջեւ։ Գրականությունն իրականում սահման չի ճանաչում։ Հաջորդ «Կամուրջը» ստեղծում ենք վրացի ու վրացահայ գրողների եւ Ռուսաստանի հայ գրողների միջեւ։
– Ե՞րբ ես սկսել «Կամրջով» զբաղվել։
– 1975 թվականից աշխատել եմ «Կամրջում»։ Խմբագրական կոլեգիայի նախագահը գրող Բենիկ Սեյրանյանն էր։
– Բենիկ Սեյրանյանի հետ ինքս ծանոթացել եմ 1981-ին,- ասացի ես,- Թիֆլիս էի գնացել սկսելու մեծ Րաֆֆու հետքերով «Հարյուր տարվա երկխոսություն» էսսեն գրելու համար։ Բենիկի հետ Սոլոլակի թաղում գտանք նրա վարձակալած բնակարանը։
– Հա՞, հասցեն գիտե՞ք։
– Գրքում նշել եմ. Սվանելի 6։ Քսանութ տարի է անցել, Բենիկի թողած տպավորւթյունը չի ջնջվում։ Անչափ բարեհամբույր, հայրենիքի իսկական նվիրյալ մարդ էր։ Ես թիֆլիսեցի հայ մարդուն այդպիսին եմ պատկերացնում։
– Ես Բենիկի սանուհին եմ,- հպարտությամբ ասաց Անահիտը,- առաջինը նա գնահատեց ինձ եւ աշխատանքի ընդունեց «Մերանի» հրատարակչությունում։ Որպես խմբագիր էր ընդունել, սակայն մեծահասակ գրողներն ըմբոստացան, չընդունեցին, ասացին՝ շատ է ջահել։ Որպես սրբագրիչ էի ձեւակեպվել, բայց իրականում խմբագրում էի։ 1987-ին Բենիկի եւ հրատարակչության տնօրեն, գրականագետ Գուրամ Գվերդծիթելու օգնությամբ, վերջապես, որպես խմբագիր ընդունեցին։
– Իսկ ե՞րբ է հիմնվել «Կամուրջ» գրական տարեգիրքը։
– Մինչեւ հիմա անհայտ էր, սակայն դուստրս՝ Գայանեն, որը վիրահայ թեմի «Նորաշեն» թերթի գլխավոր խմբագիրն էր, իսկ այժմ՝ «Վրաստան» թերթի թղթակիցը, թիֆլիսյան արխիվներից մեկում մի հետաքրքիր փաստաթուղթ է գտել, որը որոշ լույս է սփռում այս խնդրի վրա։ 1913 թ. մի խումբ ռուսագիր հայ մտավորականներ դիմում են Հովհաննես Թումանյանին, հայտնում, որ 200-ից ավելի լրագրեր կան Թիֆլիսում, իսկ գրական տարեգիրք չկա։ Մեծ բանաստեղծն իսկույն արձագանքում է եւ հանգանակության կոչ անում։ Արդյունքում՝ Ծերուն Թորգոմյանի խմբագրությամբ, լույս է տեսնում «Հրազդան» անունով տարեգիրքը, հետո այն «Ալմանախ» են անվանում։ 1961 թվականից տարեգիրքը «Կամուրջ» է կոչվել։ Խորհրդային տարիներին առանձին հոգս չկար։ Ամեն տարի քսան մամուլ նյութ տպագրելու համար գումար էին հատկացնում, որեւէ խնդիր չէր առաջանում։
– ԽՍՀՄ փլուզումն ինչպե՞ս անդրադարձավ «Կամրջի» վրա։
– 1992-ից պետությունը հրաժարվեց ֆինանսավորել։ Հայտնի է, որ երկիրը լինել-չլինելու խնդիր ուներ։ Զուգահեռ լույս էին տեսնում վրացերեն «Սաունջեն», ռուսերեն «ԺՏՎ տՏՊ փՌվՈՐՈՎՌ», հրեական, քրդական, թուրքական տարեգրքերը։ Պայքարի գնով երեք տարի եւս տպագրվեց մեր տարեգիրքը։ Հետո մի քանի տարի լռեց «Կամուրջը»։ Օքրո Օքրոյանն՝ իր որդիների օժանդակությամբ, օգնեց մեզ։ Օգնության ձեռք մեկնեց նաեւ Ամենայն հայոց Գարեգին Ա կաթողիկոսը։ Վրացահայոց թեմի առաջնորդ Գեւորգ արքեպիսկոպոսը 1996թ. իր հոդվածում գրեց. «Կքված «Կամուրջը» ուղղեց իր մեջքը»։ Կրկին անհայտացան հովանավորները։ Բենիկ Սեյրանյանը մի քանի տարի փորձեց վերակենդանացնել, ոչինչ չստացվեց։ Ընդհատումը տեւեց վեց տարի։ Մի գաղափար, որի հիմքում մեծ Թումանյանն է, չի կարելի թողնել, որ մեռնի։ 2003-ին մահացան Բենիկ Սեյրանյանն ու Օքրո Օքրոյանը։ Թիֆլիսահայ գրական միջավայրը աղքատանում էր։ Քանի՜ գրողներ տեղափոխվեցին Երեւան՝ Աղասի Այվազյանը, Անժելա Ստեփանյանը… Թիֆլիսի հայ մտավորականները իրենց երեխաներին ռուսական կամ այլ օտար դպրոց էին տալիս սովորելու։ Ահա այս պայմաններում 2006 թ. հիմնեցի «Կամուրջ» գրական, մշակութային կազմակերպությունը։ Ձեռնարկեցի «Կամար» թարգմանչական գրականության մատենաշարը։ Թարգմանել եմ վրաց գրողներ Գրիգոլ Աբաշիձեի եւ Արչիլ Սուլակսուրիի պատմվածքները։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Խոջիվանքում։
– Իսկ ի՞նչ մակարդակի են թարգմանությունները։
– Դասագրքերի թարգմանությունը սովորաբար հանձնարարում են պատահական մարդկանց։ Հատկապես ցածր մակարդակի է վրացերենից հայերեն թարգմանությունը։ Դրա դեմ անչափ դժվար է պայքարել։ Սակայն Վրաստանում մեր ճշմարտությունը մենք պետք է առանց կռվի անցկացնենք։ «Պետություն» գրքի թարգմանությունը ինձ էին հանձնարարել։ Հարեւան երկրներին նվիրված հատվածում տեսա, որ բացակայում է ՀՀ նախագահի լուսանկարը։ Վիրավորական էր։ Բոլորը կան, մերը չկա։ Նախագահը երկրի խորհրդանիշն է։ Հասա նրան, որ հայերեն թարգմանության մեջ տեղադրեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Միշտ չէ, որ կարելի է ճակատ-ճակատի տալով մի բանի հասնել։ Հաճախ թումանյանական աչքերով նայել սովորելը օգնում է առանց այն էլ դժվար այս կյանքում։
– Քեզ Թիֆլիսի քաղաքապետարանը «Վրաց մշակույթի դեսպան» կոչում է տվել։ Ի վերջո, գնահատեցին քո արտասովոր ակտիվ գործունեությունը։
– Այո, դա հայ գործչի նկատմամբ առաջին դեպքն է։ Ի դեպ, 2007-ին արժանացել էի նաեւ Վաժա Փշավելու անվան գրական մրցանակին։ Իսկ դեռ Շեւարդնաձեի ժամանակ պատվո շքանշանով էի պարգեւատրվել։
– Ջավախեցի դպրոցականները, որոնք ռուսական դպրոց են հաճախում, ոչինչ չգիտեն Վարդան Մամիկոնյանի մասին։
– Ջավախեցի պատգամավորն իր որդուն ռուսական դպրոց է ուղարկում։ Սա երեւույթ է, որի դեմը պետք է առնել։ Երբ Թիֆլիսի մտավորականներին եմ դիմում, ասում են՝ կարող է Ռուսաստան տեղափոխվենք։ Այսպես է մարում ազգը, մշակույթը, հիշողությունը… Ես վրացի պաշտոնյային չեմ մեղադրում Թիֆլիսի հայկական դպրոցները փակելու համար։ Հայերն իրենք են փակում իրենց դպրոցները։ Եթե մի դասարան երեք երեխա է հաճախում՝ Հայաստանում պահու՞մ են այդ դպրոցը։ Ես իմ երեխաներին հայկական դպրոց եմ ուղարկել։ Թիֆլիսում ռեժիսոր Արմեն Բայանդուրյանի երեխաները հայկական դպրոց են հաճախել։ Երեխաներս էլ են հայկական կրթություն ստացել, հիմա էլ թոռներս են հայկական դպրոց գնում։ Բայց դրանք եզակի դեպքեր են։
– Թիֆլիսից համակուրսեցի ընկեր ունեի, Աջոյան Միրալին, եզդի էր, Թիֆլիսի հայկական դպրոցն էր ավարտել,- ասացի ես։
– Որովհետեւ որակ կար, մշակութային ավանդություն էին պահում, պահպանում։ Տես,1998-ից «Կամրջում» աշխատանքի համար աշխատավարձ չեմ ստանում։ Բայց դա ինձ չի վհատեցնում։ Տարեգրքի վերջին համարը ես եմ հովանավորել։
– Քանի՞ գիրք ունես տպագրած։
– Քսանմեկ գիրք, որից յոթը իմ բանաստեղծությունների ժողովածուներն են, մեկը՝ վրացերեն։
– Ինձ շատ է հուզում վիրահայոց ճակատագիրը։
– Ցավալի է, բայց հայաստանցի լրագրողները երբեմն հեռախոսով են ինտերվյու վերցնում կամ պատահական մարդկանց հետ են զրուցում ու սխալ տեղեկություններ հաղորդում հասարակությանը։ Պետք է զգույշ լինել ու սեպ չխրել երկու ժողովուրդների միջեւ։ Դա այսօր շատ է կարեւոր։ Վրաստանի նախագահի խորհրդական ու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը ձգտում է հավասարակշիռ հարաբերություններ պահպանել վրաց իշխանությունների հետ։
– Ասում էիր, որ թերթեր, գրքեր էիր տարածում Վրաստանի հայկական բնակավայրերում։
– Վրաստանում հայկական գյուղ չկա, որ գնացած չլինեմ։ Գրքերի, թերթերի ծանր կապոցները բռնած գյուղից գյուղ էի գնում։ Ադրբեջանական գյուղերում էլ եմ հայկական թերթեր տարածել։ Մառնեուլի շրջանի Միրզոեւկա գյուղում ադրբեջանցի երեխաները հայկական դպրոց են գնում։ Նրանք հայերեն են կարդում։ Նրանց մասին գրել եմ թերթում։
Հրապարակի մյուս ծայրում կինոօպերատորը տեղադրեց եռոտանին, անշտապ ամրացրեց տեսախցիկը, միեւնույն ժամանակ աչքի ծայրով զննելով շրջապատը։ Շարժումները ծանոթ թվացին։ Իհարկե, հեռուստատեսության հայտնի օպերատորներից Սուրեն Մուրադյանը։ Սուրենը խոսեց իրեն ուղեկցող մարդու՝ հավանաբար, հերթական ֆիլմի հերոսի հետ։ Նա պոետ չէր, ոչ էլ արձակագիր, գուցե Երվանդ Քոչարի մասին երաժշտություն է գրել, թե Վարդանանց պատերազմի մասին արխիվային նոր նյութեր է հայտնաբերել Բրիտանական թանգարանում։
– Բակուր, ես գնամ, թե չէ, տեսնում եմ, կինոօպերատորը ամենեւին էլ անտարբեր չի մեր նկատմամբ։
– Հա, ոչինչ, մեր Սուրենն է։ Հրաշալի մասնագետ է, հիսունից ավելի տարիներ հեռուստատեսությունում է աշխատել։ Հանգիստ չունի, իր խցիկին ու արվեստին նվիրված է էս մարդը։ Երեւի վավերագրական նոր ֆիլմ է նկարահանում քանդակագործի մասին։
– Ի՞նչ իմացար, որ քանդակագործի է նկարում։
– Ենթադրում եմ, քանի որ այդ մարդը ոչ երաժիշտ է, ոչ էլ պոետ, նույնիսկ ոչ էլ պատմաբան։
– Կարող է նա ձիաբույծ է, քիչ առաջ կանգնեց ու ձիուն էր նայում։
– Այո, նրան պլաստիկան էր հետաքրքրում ու հաճարեղ քանդակագործի գտած լուծումները։
– Լավ, ես գնամ, չեմ ուզում այս տեսքով խալխի ֆիլմերում հայտնվեմ։
– Շնորհակալություն զրույցի համար, Անահիտ։ Հետեւիր ուրբաթյան «Առավոտներին» ու կկարդաս քո մասին։
Սուրենը, առանց եռոտանուց հանելու, ուսին դրեց խցիկն ու պտտվեց արձանի շուրջը, կանգ առավ ինձնից ոչ հեռու, տեղադրեց խցիկը, նոր միայն շրջվեց իմ կողմը։
– Քեզ վաղուց էի նկատել։ Մտածեցի՝ ծածուկ նկարահանեմ, բայց կողքիդ կինը նկատեց ու փչացրեց կադրը։
– Հիմա ի՞նչ ես նկարում, Սուրեն։
– Քանդակագործ Հենրիկ Տեր-Մինասյանն է։ Միասին շրջում ենք երկրով մեկ, նկարահանում իր քանդակները։ Էս մարդը էնքան քանդակներ ունի Հայաստանով ու Ռուսաստանով ցրված։ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից ենք գալիս։ Կոմպոզիտորների գոռելյեֆները իրենն են։ Պաշտում է Քոչարին, ասացի՝ մի երկու կադր էլ Քոչարի ձիարձանի հետ նկարեմ։
– Հիմա պիտի Երեւանի պետական համալսարան գնանք։
– Հա՞, ինչ կա։
– Գրադարանի պատի արտաքանդակների հեղինակը ես եմ,- ասաց արձանագործը,- հիմա դուդուկահարի քանդակի մրցույթին եմ մասնակցում։ Քանդակել եմ Ջիվանին, Լեւոն Մադոյանին ու Վաչե Հովսեփյանին։ Խրախուսական մրցանակ տվեցին։ Հիմա չորրորդ մրցույթին եմ մասնակցում, որը նվիրված է բաքվեցի Կարո Չարչօղլյանին։ Բաքվում ավերել են հայկական գերեզմանոցը…