Այսօր անօգնական վիճակում է գյուղատնտեսությունը, մինչեւ հիմա չեն լուծվել գյուղացուն հուզող բազմաթիվ հարցեր: Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ վերացան կոլտնտեսությունները, որտեղ կոլեկտիվով էին կատարում գյուղատնտեսական աշխատանքները: Վերացան մեքենատրակտորային կայանները, գյուղն անցավ անհատներին, որոնք մեծ հաջողությունների չեն հասել: Ժամանակը հուշում է նորից անցնել կոլեկտիվ աշխատանքների, վերականգնել մեքենատրակտորային կայանները, այն ամենը՝ ինչ պետք է գյուղացուն:
Մինչեւ հիմա չի կազմակերպված գյուղմթերքի առաքման եւ իրացման հարցը: Ինչո՞ւ չի կիրառվում խորհրդային տարիների փորձը: Օրինակ, Արտաշատ քաղաքում կար գրասենյակ, որտեղ գրանցվում էր ամբողջ շրջանի տնտեսությունների բերքի տեսականին: Այսօր չկա կոլտնտեսություն, բայց կան գյուղապետարան եւ մարզպետարան, որոնք պարտավոր են կազմակերպել բերքի հավաքումը, առաքումն ու իրացումը:
Նույն՝ խորհրդային տարիների, օրինակով, կարելի է քաղաքներում կազմակերպել պտուղ-բանջարեղենի առեւտրական կազմակերպություններ, որոնք գյուղերի հետ պայմանագրեր կկնքեն եւ ամբողջ սեզոնի ընթացքում գյուղմթերք կգնեն, կարելի է քաղաքում կազմակերպել բացօթյա առեւտրական կետեր, որտեղ գյուղմթերքը կվաճառեն ավելի էժան գներով: Այսօր գյուղացուն պետք են նոր, ավելի բարձր բերքատվությամբ մշակաբույսեր: Պետությունը պետք է սատար եւ աջակից լինի գյուղացուն: