Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Սյունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում քաղաքաշինության ոլորտում կատարված պլանային ստուգումների ժամանակ մարզային հանձնաժողովը հայտնաբերել է ինքնակամ շինարարության 28 դեպք: Պլանային ստուգումներն իրականացվել են Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Դաստակերտ քաղաքներում եւ 52 գյուղական համայնքում: Արձանագրված 28 ինքնակամ շինարարության դեպքերից 17-ը Կապան քաղաքում էր, 10-ը՝ Քաջարանում, մեկ դեպք՝ Կապանի տարածաշրջանի Սյունիք գյուղում: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկատվության համաձայն՝ Կապանում ինքնակամ կառուցվել են պատշգամբներ, կատարվել են բնակարանների արտաքին տեսքի փոփոխություններ՝ առանց մասնագիտական համապատասխան հիմնավորման, նախագծանախահաշվային փաստաթղթերի եւ պետական փորձաքննության, ինչը բացասաբար է անդրադառնում շենքերի սեյսմակայունության վրա, ինչպես նաեւ ազդում քաղաքի ճարտարապետական տեսքի վրա: