Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՆԼՈՒՅՍՆԵՐ

Օգոստոս 06,2010 00:00

Թե ինչ եղավ հետո, երբ 53 հազար դրամ չբավականացրեց կամ չգտնվեց

Մայիսի 14-ին՝ «Անօթեւանները բնակարանամուտ կտոնեն» եւ 18-ին՝ «Տնակները կմնան վատ հիշողություն» հոդվածներով «Առավոտն» անդրադարձել էր ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, 20 տարուց ավելի տնակներում ապրող վանաձորցի 16 ընտանիքների բնակարանամուտին ու նրանց խանդավառությանը:
Հիշեցնենք, որ Վանաձորի Տարոն- 3 թաղամասում կառուցվել է 16 առանձնատուն՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի (50%), Վանաձորի քաղաքապետարանի՝ 35% անվարձահատույց եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության (15%) համատեղ ֆինանսավորմամբ: Բնակիչները պետք է վերադարձնեն այս գումարը 10 տարում: 2009-ին նույն ծրագրով շահագործվեց 16 քոթեջ: Դեռ այն ժամանակ տեղեկացրել ենք, որ բնակչից պահանջվում է միայն կոմունալ սպասարկման ծառայությունների բաժանորդ դառնալ: Սակայն այս հարցը դեռ չի լուծվել:
Վերանորոգված, կահավորված (խոհանոցի կահույքը, գազօջախները, ջրատաքացուցիչները, գազի վառարանները, ինչպես նաեւ սանտեխնիկան «ԱՌԴԱ»-ի նվերն է վանաձորցիներին) բնակարաններում բնակիչները պետք է հոգային միայն գազի եւ էներգիայի բաժանորդ դառնալու հարցերը, սակայն մինչ օրս նրանք ապրում են առանց էլեկտրաէներգիայի՝ մոմի լույսի տակ: Մեկ տարի առաջ նույն ծրագրով բնակարան ստացած վանաձորցիներին էլեկտրաէներգիայով ժամանակավորապես ապահովել է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը: Այժմ՝ արդեն մեկ տարի, թաղամասում բնակվող 16 ընտանիքներին էլ սպասվում է նոր բնակարան ստացած եւ անլույս մնացած 16 ընտանիքների ճակատագիրը: Մեկ ամիս առաջ նրանց զգուշացվել է, որ hուլիսի վերջին կիրակի օրը կհոսանքազրկվեն ու հիմա միասին փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից:
«Լավության կարգով, բարերարը ժամանակավոր լույս տվեց էս մարդկանց, որ երեխեքը մոմի լույսի տակ չմնան, հիմա դարձել է օրենք, մյուս 16-ն էլ են ուզում, բայց շինարարը լույս տվո՞ղ է, նրանք մի օր պետք է բաժանորդ դառնան»,-ասում է «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ջիվան Ազարյանը: Դեռ բնակարանամուտի ժամանակ «ԱՌԴԱ»-ի տնօրեն Հրահատ Ստեփանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ թաղամասը էլեկտրավորված եւ գազաֆիկացված է, եւ նոր թաղամասի բնակիչներին մնում է միայն բաժանորդագրվել: Այդ մասին նախօրոք բնակիչներին տեղեկացրել է նաեւ Վանաձորի քաղաքապետարանը:
Առանց որեւէ գրավոր պայմանագրի, բանավոր համաձայնությամբ, միայն մեկ տարի հոսանքից օգտվելու պայմանի մասին տեղյակ են նաեւ թաղամասի բնակիչները, սակայն նրանք հույս ունեին, որ հասցեափոխում անելով հնարավոր կլիներ մնալ էլցանցի բաժանորդ: Այնինչ, օրինական բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է 53 հազար դրամ մուծել, որը, ըստ ոչ վաղ անցյալի անօթեւանների, մեծ գումար է իրենց կարգավիճակի մարդու համար: «Ես հիմքից տուն չեմ սարքել, տուն սարքողները մեզ լավության կարգով լույս են տվել, հիմա էլցանցը որպես ի՞նչ է էդ լույսը կտրում, ընդամենը հասցեափոխում պետք է անել, իսկ իրենք հրաժարվում են, գումար կորզելու տեղ է: Ես անձամբ եմ դիմումս տարել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, եթե չպատասխանեն, ավելի բարձր տեղեր եմ դիմելու»,- ասում է վրդովված քաղաքացին: Անլույս վանաձորցիները ասացին նաեւ, որ հազիվ կարողացել են հոգալ ներտնային գազիֆիկացման հոգսը ու «Հայռուսգազարդի» բաժանորդ դառնալ: Արդեն փտած տնակների վաճառքից ստացված գումարը՝ մոտ 90 հազար դրամ, հազիվ բավականացրել է գազատարից-տուն խողովակաշարի եւ հաշվիչի ծախսերը հոգալու համար:
Վանաձորի քաղաքապետարանը փորձել է թեթեւացնել էլեկտրաէներգիայի հարցը լուծելու հոգսը եւ առաջարկել է 3 փուլով, 15-հազարական դրամ փոխանցել յուրաքանչյուր ընտանիքի համար, մնացած 38 հազար  դրամը թողնելով բնակչի վրա, սակայն բնակիչները դրանից էլ են հրաժարվել: Վանաձորի քաղաքապետարանը սեփական նախաձեռնությամբ դիմում է ուղղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին եւ պատասխան չստանալով՝ դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: «Նկատի ունենալով նորակառույց Տարոն-3 թաղամասի բնակիչների սոցիալապես անապահով վիճակը, խնդրում ենք ձեր միջամտությունը ՀԷՑ ՓԲԸ-ի ղեկավարությանը, բնակիչներին որպես էլեկտրաէներգիայի սպառող բաժանորդներ անվճար հաշվառելու համար»,- առաջարկել է Վանաձորի քաղաքապետարանը: Իսկ քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որը մասնագիտությամբ շինարար է եւ տեղյակ է կառուցապատողի պարտականություններին եւ իրավունքներին, չգիտի թե ո՞ւմ մեղքով բաժանորդ դառնալու գումարը չի ընդգրկվել եռակողմ համաձայնագրում, սակայն կարծում է, որ էլեկտրաէներգիա ունենալու համար որոշակի գումար էլ բնակիչը պետք է ներդնի: «Մենք հաշվի առանք, որ սոցիալապես անապահով խավ է եւ 15-20 հազար դոլարանոց տուն նվիրեցինք, ՀՀ-ում երկրաշարժի գոտում ոչ աղետի հետեւանքով անօթեւաններին դեռեւս տուն չեն հատկացնում: Հոսանքի հարցը պետք է լուծվեր մեր քաղաքի սահմաններում:  Սիրուն չի, որ 50-60 հազար դրամի համար նրանք հարց են բարձրացնում մինչեւ էներգետիկայի նախարարություն, դա անշնորհակալ մարդու արարք է»,- ասում է Սամվել Դարբինյանը:
ՀԷՑ ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի արտադրատեխնիկական բաժնի պետ Արամ Ասլանյանն էլ պարզաբանեց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի 658 N որոշման 2 գլխի համաձայն, նշված բնակարաններում էլեկտրաէներգիայի միացման վճարը հավասար է երկհարկանի 16 բնակարան ունեցող, բազմաբնակարանային բնակելի շենքի միացման վճարին՝ 126 հազար դրամ: Որքան քիչ են բնակարանները, այնքան մեծ է միացման արժեքը, իսկ 53 հազար դրամ վճարում է առանձնատան սեփականատերը, երբ հենասյունից մինչեւ առանձնատուն եւ ներտնային սպասարկման համար լարերի երկարությունը չի գերազանցում 100 մետրը: Միաժամանակ, որոշված է, որ այդ ծախսերը հոգում է շինարար կազմակերպությունը, սակայն Արամ Ասլանյանին զարմացնում է վանաձորցիների պահվածքը: «Մարդը բարեգործություն է արել, հիմա էլ խեղդում են, թե լույսի գումարն էլ տուր, դա ահռելի գումար է կազմում, ինչքան էլ ուզում է բարեգործ լինի, դժվար թե տա»,- նկատեց պարոն Ասլանյանը:
Իսկ ՀԷՑ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ, բնակիչների շահերից ելնելով, ինքն էլ է նամակ գրել իր ղեկավարներին եւ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ սպասում է պատասխանի: Ըստ կարգի, նախ պետք է թաղամասը հոսանքազրկեն, ապա հոսանքի մատակարարումը վերականգնեն 32 ընտանիքների բաժանորդ դառնալուց հետո միայն:
Բարձրացված աղմո՞ւկը, թե՞ նամակների սպասվող պատասխանների ուշացումն է պատճառը, որ սահմանված ժամանակահատվածի ավարտին բնակիչները չհոսանքազրկվեցին՝ պարզ չէ: Բայց հստակ է, որ Տարոն-3 թաղամասի այս բնակիչները մտադիր են մինչեւ վերջ պայքարել: «Հայաստանն ուրիշներին է լույս տալիս, ատոմակայան ունեցող երկրում լույսից ե՞ն զրկում»,- սա է նրանց հիմնավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել