Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՏՎԵԼ

Օգոստոս 06,2010 00:00

Նա 9 տարվա գումարը պահանջում է նոր գյուղապետից

Աշոցքի տարածաշրջանի  փոքրիկ համայնքի՝ Սիզավետի գյուղապետերի միջեւ ծագած ծեծկռտուքը (բանը հասել է նրան, որ մեկը մյուսին՝ լրագրողների ներկայությամբ, «ոչխար» էր անվանում) վերջին շրջանում դարձել է ինչպես մարզխորհրդի նիստերի, այնպես էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննարկման թեման: Նախկին գյուղապետ Գագիկ Քոթանջյանը դատի է տվել ներկայիս գյուղապետին՝ Արարատ Պողոսյանին, նրանից պահանջելով իր պաշտոնավարման տարիներին չստացած աշխատավարձը: Խոսքը 4 մլն 490 հազար դրամի մասին է, թեեւ դատարանին ներկայացրած հայցում Գ. Քոթանջյանը նաեւ վերջնահաշիվն է պահանջել ու ընդհանուր գումարը դարձել է 6 մլն 500 հազար դրամ: Իսկ թե ինչու՞ պարոն Քոթանջյանն ինքն իրեն ժամանակին աշխատավարձ չի տվել, ըստ նրա, բյուջեի գումարը չի բավարարել եւ ինքն առաջնահերթ մտածել է գյուղապետարանի մյուս աշխատողների մասին: Պաշտոնաթող լինելուց հետո որոշել է այն գանձել ներկայիս գյուղապետից, ով ժամանակին իր մոտ աշխատել է որպես քարտուղար: Ներկայիս գյուղապետը հրաժարվել է տալ նրա գումարը՝ պնդելով, որ Քոթանջյանին աշխատավարձ չի հասնում, քանի որ նա, գյուղապետ եղած ժամանակ, չարաշահելով լիազորությունները, խախտելով ՏԻՄ օրենքը՝ «գյուղապետին զուգահեռ» «Աշտարակ կաթի» մենեջեր է աշխատել ու այդ հիմնարկից վարձատրվել է: Բացի այդ, ըստ ներկայիս գյուղապետի, հարկերը չի հավաքագրել, ավել հաստիքներ է պահել, հետեւաբար, չի կարողացել աշխատավարձ ապահովել, ավելին՝ գյուղապետարանին էլ պարտքերի տակ է գցել, ինչի հետեւանքով այժմ գյուղապետարանի հաշվեհամարը կալանքի տակ է: «Ես իրեն կանչել եմ գյուղապետարան, ասել եմ՝ եթե դու աշխատավարձ չես ստացել, ապացուցի, թե էդ 3 մլն 970 հազար դրամը ո՞վ է ստացել աշխատավարձի ցուցակներով: Նա չի կարողացել ապացուցել: Կան աշխատավարձի ցուցակներ, աշխատողների անունները գրված են, դիմացը ստորագրված չէ: Մինչեւ հիմա տանջվում ու տառապում եմ նրա կեղծիքների պատճառով, չարչարվում եմ իմ գյուղացու համար, հարկերն եմ հավաքում, որ նա գա, իր չաշխատած տեղն աշխատավարձ տանի՞: 11 մլն աշխատավարձի պարտք է, հարկայինին 9 500 000 դրամ պարտք ուներ՝ 3 մլն մայր գումարը, 6 500 000 էլ տուգանքները: Իրեն փող տալու տեղը, ես գյուղի ճանապարհները կշինեմ, որոնք քանդվել են իր «Աշտարակ կաթի» անմխիթար մեքենաների պատճառով: Ծանր, 50 տոննայանոց կաթ տեղափոխող մեքենայի օգուտն էլ դա պիտի լիներ: Գյուղացու փողը իր վրա պիտի ծախսե՞մ»,-ասում էր ներկա գյուղապետը, որն իր հերթին դատի է տվել նախկինին, քանի որ վերջինս 2003-2005թթ «անտերության» է մատնել գյուղապետարանը, հարկայինին ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել, ինչի արդյունքում էլ գյուղապետարանի վրա տույժ ու տուգանքներ են եկել:
Հարկայինն իր հերթին դատի է տվել գյուղապետարանին ու կալանքի տակ է վերցրել գույքն ու ֆինանսական միջոցները: «Եթե դատարանը փորձի ինձից բռնագանձել նրա գումարը, ես վերաքննիչ ու վճռաբեկ կգնամ: Հարգելիներս, վերցրեք օրենքը կարդացեք: ՏԻՄ օրենքով նա իրավունք չունի փող ստանալ: «Աշտարակ կաթից» բարձր աշխատավարձ է ստացել՝ ամսական 220 000 դրամ, վերջնահաշիվ է ստացել ու մինչեւ անցած տարի՝ 2009թ. եղել է «Աշտարակ կաթի» մենեջերը, հետո դարձրեց փակ բաժնետիրական ՍՊԸ: Մի՞թե գյուղապետին թույլատրվում էր զուգահեռ պաշտոն զբաղեցնել: Իր աշխատավարձը գյուղապետարանում 63 000 դրամ էր, բայց, եթե իր տարեկան բյուջեն 3 մլն դրամ է եղել, բյուջեն չի ապահովել, էլ ի՞նչ աշխատավարձ: ՏԻՄ օրենքում հստակ գրված է՝ եթե համայնքի ղեկավարը ՏԻՄ օրենքը չի կիրառում, հողի հարկի տարեկան պլանը չի կատարում, ի՞նչ աշխատավարձ»,-բորբոքվել էր ներկա գյուղապետը: Արարատ Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ նախկին գյուղապետը փորձում է յուրացնել համայնքապատկան հարսանյաց սրահը, որի համար էլ ինքը դիմել է Շիրակի մարզի դատախազություն, ու քրեական գործ է հարուցվել նրա դեմ: Նշենք, որ նախկին գյուղապետը հրաժարվեց լրագրողներին պարզաբանումներ տալ, իսկ դատական նիստի ժամանակ Գ. Քոթանջյանը, պատասխանելով իր հակառակորդի այն մեղադրանքներին, թե ինքը ֆինասատնտեսական խախտումներ է արել, փաստաթղթերն էլ կիսատ-պռատ է հանձնել, ասում էր՝ «Եթե այդպես է, թող ինձ ժամանակին պատժեին, ես թղթերը քեզ հանձնել եմ մարզպետարանի տարածքային վարչության աշխատակիցների ներկայությամբ»: Դատարանը նշանակեց փորձաքննություն՝ համապատասխան մասնագետների կողմից փաստաթղթերի ուսումնասիրման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել