Արտադրողները ջուրը «ջերմուկի» տեղ ծախում են
Ամառային այս շոգ սեզոնին խանութներում ամենաշատ սպառում ունեցող ապրանքներից են հյութերն ու ջրերը: Այդ է պատճառը, որ բացի «մաքուր ջուր» կամ ջերմուկ արտադրող հայտնի ու խոշոր ընկերություններից, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին դաշտում ի հայտ են գալիս նոր տնտեսավարողներ, որոնք անբարեխիղճ մրցակցային մեթոդներով, փորձում են սպառողների հաշվին մի քանի ամսվա ընթացքում հարստանալ:
Հենց Հանրապետության հրապարակում՝ նախարարությունների շենքի հարեւանությամբ, տեղակայված միակ կրպակից, երբ փորձեցի զովացուցիչ որեւէ ըմպելիք գնել՝ վաճառողը, համոզելով, որ դա ամենալավն է ու նորություն է՝ տվեց «Արաքս aqua» անունով մի նորահայտ շիշ, որի վրա գրված է՝ «գազավորված խմելու ջուր»: Իրականում շշի պարունակությունը սովորական, նույնիսկ վատ համի ջուր էր՝ առանց գազավորման: Ավելին՝ պիտակի վրա, որպես բաղադրություն, մակնշված էր, թե իբր ջուրը հանքայնացված է, կան սուլֆատներ, քլորիդներ, բիոկարբոնատներ եւ այլն, մինչդեռ ակնհայտորեն զգացվում էր, որ այդ ջուրը հանքայնացված չէ: Երբ մակնշման վրա նշված բջջային համարով փորձեցինք կապվել արտադրողի հետ, վերջինս ընդունեց, որ իսկապես սխալմունք է տեղի ունեցել, պիտակի վրայի մակնշումը չի համապատասխանում պարունակությանը. «Շշի մեջ սովորական մաքուր ջուր է, քուր ջան, ուղղակի գազավորված ու հանքայնացված չէ, ի՞նչ պրոբլեմ կա, մենք չենք ուզեցել սպառողներին խաբել, սխալմունք է եղել, որն արդեն շտկել ենք, նոր պիտակներ ենք տպել»: Մեր հարցին՝ բա ինչո՞ւ խանութներից չեք հավաքել հին ու սխալ ջրի խմբաքանակը՝ արտադրողը պատասխանեց. «Դե, հիմա, ի՞նչ հավաքենք, ինչքան կծախվի-կծախվի, կարեւորը՝ նոր արտադրության մակնշումը փոխել ենք»:
Այս առնչությամբ, գյուղնախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ նման դեպքերում լաբորատոր փորձաքննություն է անցկացվում, եւ եթե պարզվեց, որ ապրանքի բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը, արտադրողը պետք է վարչական տույժ կրի եւ իր հաշվին կատարի շուկայից այդ ապրանքի հետ կանչումը: Պարոն Վարժապետյանին տեղեկացրինք, որ տվյալ դեպքում լաբորատոր փորձաքննության կարիք չկա, որովհետեւ արտադրողն ինքն էլ չի ժխտում, որ պարունակությունն ուրիշ է, բացի այդ, պիտակի վրա, որպես պիտանելիության ժամկետ, նշված է՝ «պահպանման ժամկետը 6 ամիս է», սակայն թե երբ է այն արտադրվել՝ տեղեկություններ չկան, այսինքն, սպառողը չի կարող իմանալ, թե երբվանից պետք է հաշվել 6 ամիսը:
Տեսչության պետի խոսքերով, քանի որ կառավարության հայտնի որոշմամբ, իրենք չեն կարող մինչեւ 70 մլն դրամի շրջանառություն ունեցող խանութներում ստուգումներ կատարել, դրա համար պետք է վարչապետի հատուկ թույլտվությունը՝ հիմա իրենք չեն կարող Հանրապետության հրապարակի այդ կրպակ այցելել եւ ուսումնասիրություններ կատարել: Սակայն պարոն Վարժապետյանը խոստացավ, որ, վարչապետի թույլտվությունը ստանալուց անմիջապես հետո, այդ գազավորված ջրով կզբաղվի ու հավելյալ պարզաբանումներ կտա: