Լրահոս
Օրվա լրահոսը

3 ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՓՈՂՈՑՈՒՄ

Օգոստոս 06,2010 00:00

\"\"Հարսը սրտով չէ՝ սկեսուր-սկեսրայրը մորն ու երեխաներին վտարում են

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում ապրող 14-ամյա Էլֆրիդան, 11-ամյա Էլմիրան եւ ընդամենը 5 տարեկան Էվելինան իրենց մոր՝ Սոնա Սողոմոնյանի, հետ հայտնվել են փողոցում՝ անօթեւան: Սկեսուր-սկեսրայրն իրենց տնից դուրս են շպրտել 3 անչափահաս երեխաներին ու զրկել նրանց տան նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից: Ընդ որում, երեխաներից մեկը՝ Էլմիրան, մանկուց հաշմանդամ է:
Երբ ուսումնասիրում էի այս ընտանիքի վտարման գործի հետ կապված դատական վճիռներն ու փաստաթղթերը՝ զուտ օրենքի տեսակետից խախտումներ չկային, եւ դատարանի որոշումները իսկապես բխում էին օրենքի պահանջից, սակայն մարդկային ու բարոյական տեսանկյունից՝ 3 անչափահաս երեխաներին ԴԱՀԿ-ի միջոցով իրենց տնից բռնի ուժով, ծեծով ու ջարդով վտարելու ու փողոցում թողնելու պատմությունը ուշագրավ է այնքանով, որ մեր օրենքները երբեմն թույլ են տալիս անթույլատրելին:
Փաստն այն է, որ այսօր հաշմանդամ եւ անչափահաս երեխաները փողոցում են մնացել զուտ այն բանի համար, որ իրենց մայրը տատիկ-պապիկի սրտով հարս չի եղել, եւ այդ հողի վրա ընտանեկան անախորժություններ են ունեցել: Չբավարարվելով, որ իրենց որդին բաժանվել է իր կնոջից, Սողոմոնյանների ընտանիքը, «օրենքի ուժով», այնպիսի փաստաթղթեր է ձեւակերպել, որ Սոնային ու երեխաներին ամուսնալուծվելուց հետո ամուսնու ունեցվածքից՝ հայրական տնից, ոչ մի սանտիմետր տարածք չհասնի:
Սոնան երեխաներից մեկի հետ, համատեղ սեփականության իրավունքով, գրանցված է եղել իր ամուսնու տանը՝ Փոքր Մանթաշ գյուղի 0.158 հա տարածքով տնամերձում եւ 0.193 հա տարածքով տնամերձում: Այդ մասին կա նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արթիկի տարածքային ստորաբաժանման տրամադրած տեղեկանքը: Սակայն հարսի ոտը տնից կտրելու համար սկեսուր-սկեսրայրը առքուվաճառքի պայմանագրով, առանց հարսին տեղյակ պահելու, տունը վաճառում են իրենց հարազատ աղջկան: Այդպիսով, տան սեփականատերը դառնում է տալը՝ Հայկուհի Սողոմոնյանը: Վերջինս, չնայած բնակվում է Գյումրիում, այնտեղ բաղնիքի բիզնեսով է զբաղվում, դատարանի միջոցով եղբոր երեխաներին ու կնոջը վտարում է տնից: Երբ դատարանի վճիռը չի կատարվում եւ կինը, բնակվելու տեղ չունենալու պատճառով, չի շտապում ազատել բնակարանը՝ երեխաների հորաքույրը դիմում է դատական ակտերի հարկադիր կատարողներին, որոնք ձեռք ու ոտք ոլորելով, շատ արագ կարողանում են անպաշտպան ընտանիքին իրենց ունեցած-չունեցածով դուրս շպրտել:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռում որպես հիմնավորում ընդունվել է այն, որ սեփականատերը չի կարողանում իրեն պատկանող առանձնատունը տնօրինել: Նա ունի անշարժ գույքի գրանցման վկայական, ունի բոլոր փաստաթղթերը, որ տունն իրեն է պատկանում, ուստի սեփականատիրոջ իրավունքները պետք է կատարվեն: Սակայն մյուս կողմից ստացվում է, որ կինն ամուսնանում է, երեխաներ է ունենում, եւ նրա ու երեխաների հետագա ճակատագիրը մնում է օդում կամ ավելի ճիշտ՝ սկեսուր-սկեսրայրի ձեռքում: Համատեղ կյանք վարելով՝ ոչ Սոնան եւ ոչ էլ երեխաները որեւէ իրավունք չեն ունենում իրենց տան վրա, ինչ է թե այն առքուվաճառքի պայմանագրով ուրիշին է պատկանում: Չէ՞ որ այդ նույն տունը նաեւ երեխաների հայրական տունն է, անկախ այն բանից, որ ծնողները բաժանվել են:
Ի դեպ, երբ ընտանիքում արդեն անախորժություններ են եղել, եւ տան հարց է բարձրացել, Սոնան ամուսնալուծվել է, բայց շարունակել է ապրել այդ տանը: Ինքն ու ամուսինը՝ Արա Սողոմոնյանը, չնայած ամուսնալուծությանը, տուն տանող առանձին մուտք են բացել ու ըստ էության ծնողներից առանձին բնակվել, այդ ժամանակ Սոնան ունեցել է իր 3-րդ երեխան: Սոնայի պատմելով՝ սա նույնպես վկայում է, որ իրենք ամուսիններով որեւէ խնդիր չունեն, ու իր բաժանման միակ պատճառը ամուսնու ծնողներն են:
Սոնան նաեւ պատմում էր, որ տան ներկայիս սեփականատերը՝ Հայկուհի Սողոմոնյանը, Գյումրիի անօթեւանների ցուցակում է եղել, թեեւ իրականում տուն ունեցել է. «Երբ պետությունից, որպես անօթեւան, բնակարան գնելու համար օգնություն ստացավ՝ ձեւականորեն գնեց մոր ու հոր տունը, դրա համար էլ նրան պետք էր առքուվաճառքի պայմանագիր ունենալ, որպեսզի պետության հետ խնդիրներ չառաջանային: Իրականում այդ գումարով Գյումրիում բաղնիք առավ ու հիմա լավ բիզնես է անում»:
Փոքր Մանթաշ գյուղից վտարված բնակիչներն իրենց գործով խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանին միջամտել, որովհետեւ խախտվել են անչափահաս երեխաների իրավունքները, սակայն պաշտպանի գրասենյակից կնոջը պատասխանել են, որ «նման բողոքները պետք է լուծվեն միայն դատական կարգով, ուստի, դիմեք իրավապահ մարմիններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել