ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ կառավարության նիստում պետական կառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց վերանայել քաղաքացիական ծառայության մրցույթների համար նախատեսված հարցաշարերը: Նրա խոսքով, քննության ժամանակ քաղծառայողներից շատերը նույնիսկ ամենապրիմիտիվ հարցերին չեն կարողանում պատասխանել. «Օրինակ՝ ո՞վ է բաժնի գլխավոր մասնագետի ղեկավարը, բնականաբար՝ բաժնի պետը պետք է լինի, բայց մարդ կա՝ չգիտի, որպեսզի նման պարզունակ հարցերին չպատասխանողները լքեն պետական ծառայության համակարգը, պետք է նման հարցերն ավելի կատարելագործվեն»: Նա նշեց, որ կան պետական կառավարման մարմիններ, որոնք բարեխղճորեն կատարելագործում են, իսկ որոշները 6 տարի առաջվա հարցաշարերը դեռ չեն փոխել: Պարոն Բադալյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական ծառայության» մասին օրենքում վերջին փոփոխություններով պայմանավորված, այսուհետեւ մրցույթների հանձնաժողովի անդամները գնահատելու են նոր՝ բալային համակարգով: Նա հորդորեց փոփոխություններն ինչքան հնարավոր է արագ իրականացնել, քանի որ օգոստոսի կեսերից հետո հայտարարված մրցույթներն անցնելու են նոր մոդելով: