Տարիներ շարունակ մարդիկ ս. Զատիկի եւ ս. Խաչի տոնակատարությունների օրերին այցելում էին իրենց հարազատների շիրիմներին, խունկ ծխում, հաղորդակցվում մտովի նրանց հետ եւ հոգով թեթեւացած տուն վերադառնում։
Մի քանի տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները իրավացիորեն հանդես եկան առաջարկությամբ եւ հորդորեցին մարդկանց գերեզմանատուն այցելել տոների հաջորդ օրը՝ մեռելոցին։ Ցավոք, քչերը ականջալուր եղան այս հորդորներին եւ շարունակում էին տոն օրերին գնալ այցի իրենց մահացածներին։ Նրանց արդարացումը մեկն էր՝ երկուշաբթին աշխատանքային օր է, եւ մենք հնարավորություն չունենք աշխատանքից բացակայելու։
Ընդառաջալով մեր եկեղեցու եւ մարդկանց ցանկությանը՝ պետությունն ընդունեց մի որոշում, ըստ որի՝ հոգեւոր տաղավար տոների հաջորդ օրերը համարվում էին ոչ աշխատանքային, իսկ երկուշաբթին փոխարինվում էր շաբաթ օրով։
Սա, իհարկե, լավ որոշում էր, ողջունելի, բայց մոռացվել էր այն հանգամանքը, որ համարյա բոլոր ուսումնական հաստատությունները, որոշ բանկեր եւ սպասարկման օբյեկտները աշխատում են նաեւ շաբաթ օրերին։ Ինչպես վարվել այդ դեպքերում եւ ինչպես 2 օրվա դասաժամերը տեղավորել 1 օրում։ Որոշ դպրոցներում 1-2 ժամ դաս պարապելուց հետո արձակում էին աշակերտներին, մյուսները գերադասում էին ընդհանրապես այդ օրը դաս չպարապել, եւ տուժում էր ուսումնական պրոցեսը։
Երկրորդ անհարմարությունը առնչվում էր բանկերի եւ սպասարկման այլ օբյեկտների աշխատանքային ռիթմի խափանումների հետ։ Բավական է մեռելոցից հետո այցելել թոշակ ստանալու կամ կոմունալ վճարումներ կատարելու, եւ ականատես կլինես մարդկանց հերթերի, կուտակումների։ Դժգոհությունները ավելի են շատանում, եթե այդ օրը էլեկտրաէներգիայի հովհարային անջատում է նաեւ լինում, կամ էլ հաշվիչ դրամարկղային մեքենան է անսպասելիորեն փչանում, եւ նորոգումը ձգձգվում է։ Հատկապես անփորձ աշխատակիցները դա բացատրում են մեկօրյա աշխատանքային ռեժիմի խախտումով։ Իրականում, եթե մարդը ցանկանում է այցելել իր մահացած հարազատներին, նա ելք միշտ էլ գտնում է, այն հարմարեցնելով իր ազատ օրերին կամ արձակուրդին։ Հոգեւոր տոներից բացի, մեզնից յուրաքանչյուրը գերեզմանատուն է այցելում նաեւ հանգուցյալի ծննդյան կամ մահվան օրերին, եւ ամենեւին պարտադիր չէ, որ բոլորը այցելեն միաժամանակ Վարդավառի, Պայծառակերպության, Խաղողօրհնեքի եւ օրեցօր շատացող այլ հոգեւոր տոներին հաջորդող մեռելոցներին։ Եկեք իզուր չբարդացնենք մեր առանց այն էլ բարդ կյանքը եւ արհեստական դժվարություններ չստեղծենք մեր առօրյայում եւ կենցաղում։
Թող ամեն ինչ գնա նախկին բնականոն ընթացքով, եւ տարվա մեջ միայն 2 օր կարելի է կատարել նման փոփոխություն։
Համոզված ենք, որ մեր կառավարությունը կվերանայի այդ որոշումը եւ կաշխատի ամբողջ երկրում ավելացնել ոչ թե հոգեւոր տոների եւ մեռելոցների, այ՝ ուրախ հանդիսությունների եւ ժողովրդական տոնախմբությունների թիվը։