Նախկին խորհրդային հանրապետությունների շարքում երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունը հայաստանցիների մոտ է առկա: Նման պատկեր են ստացել Gallup հետազոտական կենտրոնի մասնագետները՝ ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ երկրներում առկա միգրացիոն միտումները: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից:
Նույն հարցումը վկայում է, որ հայ երիտասարդները եւս նախկին Սովետմիության երկրների բնակիչների շարքում ամենաշատը կցանկանային, հնարավորության դեպքում, ուսուցման կամ աշխատանքային որեւէ ծրագրով մեկնել երկրից: Հարցումները վկայում են, որ հայաստանցիները մեծ ցանկություն ունեն մեկնել արտերկիր նաեւ ժամանակավոր աշխատանքի: Հարցման համաձայն, նման ցանկություն ունի Հայաստանի բնակչության մոտ կեսը՝ 44 տոկոսը:
Եթե Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը, ապա հարեւան Վրաստանից՝ 14 տոկոսը, իսկ Ադրբեջանից՝ 12 տոկոսը:
Երկրորդ տեղում Մոլդովան է, որտեղ բնակիչների 36 տոկոսն է երազում երկիրն ընդմիշտ լքելու, իսկ 53 տոկոսը՝ արտագնա աշխատանքի մասին:
Gallup-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին, եթե ունենար նման հնարավորություն, կցանկանար հեռանալ իր երկրից՝ ընդմիշտ, ժամանակավոր աշխատանքի կամ սովորելու նպատակով: Նման ցանկություն ԱՊՀ երկրներում այժմ 70 միլիոն մարդ ունի, նրանց գրեթե կեսը կցանկանար ընդհանրապես լքել իր հայրենիքն ու բնակություն հաստատել այլ երկրում:
Հետազոտության արդյունքում նաեւ պարզվել է, թե հետխորհրդային ո՞ր հանրապետություններում են առավելապես արտերկրից ստացվող օգնության հաշվին գոյատեւում: Այս ցանկը Տաջիկստանն է գլխավորում, Հայաստանը 4-րդ տեղում է՝ Մոլդովայից ու Ղրղըզստանից հետո:
Տվյալ սյունակում ամենացածր ցուցանիշը Ռուսաստանն է արձանագրել. պարզվում է, 2009-ին ռուսաստանցիների միայն 1 տոկոսն է արտերկրյա իր բարեկամներից ստացել օգնություն:
Հետազոտությունը անցկացվել է հետխորհրդային 12 հանրապետություններում եւ ավելի քան 13000 մարդու շրջանում: