Կառավարության երեկվա որոշմամբ 12-ական միլիոն դրամ հատկացվեց Արագածոտնի եւ Արարատի մարզպետարաններին՝ մարզպետներին սպասարկող ծառայողական հին մեքենաների փոխարեն նորերը գնելու համար: Մեկ այլ որոշմամբ, Հալիձոր եւ Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով Սյունիքի մարզպետարանին 32 միլիոն դրամ հատկացվեց: Այս գումարով կբարեկարգվեն նշված գյուղերը, ինչը, ըստ վարչապետի, էականորեն կբարելավի գյուղերի սոցիալական կյանքը: Բարեկարգումը նախատեսված է Տաթեւի ճոպանուղու կառուցման եւ բացման միջոցառումների շրջանակում: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվեց ավելի քան 65 միլիոն դրամ՝ Տաթեւի վանական համալիրի եւ Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման եւ Եվրոնյուզ հեռուստաալիքով ցուցադրելու համար:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, 5 րոպեանոց ռեպորտաժները օրվա տարբեր ժամերին կհեռարձակվեն 9 լեզվով: Գործադիրը թույլատրել է «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ժամանակավոր մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով: Էկոնոմիկայի նախարարի խոսքով, «Ախթամար» ՓԲԸ-ն Սեւանի թերակղզում ճոպանուղի կառուցելու եւ շահագործելու նպատակով նախորդ տարի մոտ 830 միլիոն դրամ մաքսային արժեքով հիմնական միջոցներ է ներմուծել, իսկ ճոպանուղու շահագործման դեպքում կստեղծվի 100 աշխատատեղ: Նախարարը հավելեց, որ ներմուծված ապրանքների մոնտաժումը դեռ չի ավարտվել, իսկ այս ընթացքում ընկերությունը դեռ ոչ մի եկամուտ չի ստացել, ինչի հետեւանքով հայտնվել է ֆինանսական ծանր իրավիճակում: Նիստում հաստատվեց նաեւ վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին նախագիծը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով, կազմակերպության կանոնադրական կապիտալը 200 միլիոն դրամ է լինելու: Նա նաեւ հավելեց, որ նախագիծը մշակվել է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրողների վարկային պահանջարկի բավարարման նպատակով, եւ հաշվի է առնվել ոլորտում ներդրողների վարկավորման փորձը:
Նիստի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ տեղեկացրեց, որ Ռուսաստանում անտառային հրդեհների մարման գործում օգնելու համար ՌԴ են մեկնել թվով 28 փրկարար՝ անհրաժեշտ տեխնիկայով: Ըստ նախարարի, անհրաժեշտության դեպքում պատրաստ են ցուցաբերել նաեւ այլ օգնություն: ՌԴ-ին այս հարցում օժանդակելու համար կառավարությունը արտակարգ իրավիճակների նախարարությանն է տրամադրել 24 միլիոն 600 հազար դրամ: