«Դեսպանի անձը հսկայական դեր ունի նրա գործունեության ընթացքում որոշումներ ընդունելու կամ իրականացնելու տեսանկյունից»,- ասաց քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հետաձգմանը: Մեկնաբանելով հայկական լոբբինգի եւ հայամետ սենատորների մտավախությունները, որ Բրայզայի՝ ադրբեջանական իշխանությանը մոտ կանգնած լինելու հանգամանքը կվնասի հայկական շահերը, դիվանագիտական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող քաղաքագետը ընդգծեց. «Ելնելով իմ անձնական փորձից, ինչպես նաեւ իմ դիտարկումներից, տարբեր երկրների դեսպանների գործունեությունը վերլուծելուց՝ կարծում եմ, որ դեսպանի անձը եւ նրա նախասիրությունները, միտվածությունները հսկայական դեր են կատարում իր գործունեության ընթացքում որոշումներ ընդունելու կամ դրանք իրականացնելու տեսանկյունից»: «Որովհետեւ հասկանալի է, որ դեսպանը այն երկրում, որտեղ որ ներկայացնում է իր պետությունը, ներկայացնում է իր երկրի նախագահի ոչ միայն ռազմավարական դիրքորոշումները, ոչ միայն այդ երկրի քաղաքականության ռազմավարական ուղղվածությունը, այլ նաեւ բոլոր ոլորտներում այդ երկրի շահերը՝ սկսած ամենամանր ոլորտներից, փոքր, երրորդական, տասներորդական նշանակություն ունեցող, եւ, բնականաբար, այդ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ իր գործունեության ընթացքում ինքը հնարավորություն ունի ազդելու թե՛ որոշումների ընդունման գործընթացի վրա եւ թե՛ քաղաքականության իրականացման վրա»,- մանրամասնեց Դավիթ Հովհաննիսյանը: